Չեմ կարծում, որ այս փուլում նման քայլի կգնան. Սիմոնյանը՝ հնարավոր ագրեսիայի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ադրբեջանի այն հայտարարություններին, որոնք արվել են խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո՝ հայկական կողմի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Սիմոնյանի խոսքով՝ Բաքվի այս հայտարարություններն արվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախկինում հնչեցված գնահատականները արդարացնելու նպատակով։ «Երբ նա ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ վստահությունը զրոյին մոտ է, դա ինձ համար զարմանալի էր։ Մեր գործելաոճը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակումը, խոսում է հակառակի մասին», - նշել է ԱԺ նախագահը։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանը տեղեկատվական սադրանքներով ռազմական գործողությունների հող չի նախապատրաստում, Սիմոնյանը պատասխանել է, որ նման գործողությունները Բաքվի «մշտական ոճի» մաս են կազմում։ «Սակայն ես չեմ կարծում, որ այս փուլում նրանք նման քայլի կգնան։ Մենք նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է։ Բացի այդ, ակնհայտ են ԵՄ դիտորդների գնահատականները։ Աշխարհը իր կարծիքը չի ձևավորում Ադրբեջանի տելեգրամյան ալիքների վրա հիմնվելով», -ընդգծել է Ալեն Սիմոնյանը։
Կարծիքներ