Ով էինք, ինչ դարձանք

Ով էինք, ինչ դարձանք

Հայտնի է, թե ինչ իրավիճակում էինք գտնվում մինչեւ 2020թ. արցախյան պատերազմի սկիզբը: Ունեինք համարյա ազատագրված Արցախ, ամուր Հայաստան, ամբողջ աշխարհի կողմից մեծ հարգանք: Մեծածավալ եւ ժամանակակից բանակաշինություն էր ընթանում, անվտանգությանը միտված լուրջ ստրատեգիա եւ այլն: Ճիշտ է, մենք հարձակման չէինք պատրաստվում, սակայն հոգու խորքում փայփայում էինք, որ պատեհ առիթի դեպքում փորձելու ենք ետ բերել Արցախի մեր պապենական հողերը: Չարաբաստիկ պատերազմը գլխիվայր շրջեց ամեն ինչ` մեծաթիվ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, Արցախի տարածքի 75 տոկոսից ավելիի կորուստ: Եվ Արցախն ու Հայաստանը մնացին մերկ՝ թուրք ասկյարների առաջ: Պատերազմում պարտություն կրեցինք՝ հիմնականում մեր աններելի սխալների եւ դավաճանությունների պատճառով:

Եվ փոխանակ վերլուծելու պարտության պատճառները եւ դրանցից դասեր քաղելու, պատերազմից հետո եւս շարունակում ենք բազմապիսի սխալների շքերթը: Ընդ որում՝ այնպիսի սխալներ, որ մայիսի 12-ից սկսած, թշնամուն թույլ ենք տվել այն աստիճան լկտիանալ, որ մտել ու առանց որեւէ դիմադրության գրավել է Հայաստանի կարեւոր ստրատեգիական տարածքներ, օր-օրի ամրապնդում է իր դիրքերն այդ տարածքներում՝ կառուցելով շինություններ: Վերջին 30 տարիներին չեմ մտաբերում մի դեպք, երբ մի երկիր անօրինական կերպով ներխուժի մեկ այլ պետության տարածք, այնտեղ կառուցի մաքսակետ եւ սկսի այնտեղով տեղաշարժվող տրանսպորտային միջոցների ու մարդկանց նկատմամբ իրականացնել մաքսային գործառույթներ: 

Սրա մասին ասում են` արդեն աշխարհի վերջն է: Նման բաներից հետո ուղղակի ցանկություն չի մնում այլ բաների մասին եւս խոսել, սակայն ուզենք, թե չուզենք՝ պարտադրված ենք խոսել ու փորձել գոնե հետագա սխալներից խուսափել: Միայն այն իրողությունը, որ արդեն 5 ամսից ավելի է, ինչ ադրբեջանցիներն անարգել ներխուժել եւ հիմնավորվել են Հայաստանի մի շարք տարածքներում, իսկ մենք համեստորեն լռում ու ոչ մի քայլ չենք ձեռնարկում դրա դեմ, դա արդեն ողջ հայ ժողովրդի մեծ ամոթն է եւ նորմալ մարդու բանականության մեջ որեւէ կերպ չի տեղավորվում: Հարց է առաջանում․ այս լռությունը մեզ ո՞ւր է տանելու, ինչի՞ վրա ենք մեր հույսը դնում, մշակո՞ւմ ենք արդյոք ծրագրեր այս վիճակից դուրս գալու համար, ինչի՞ եւ ո՞ւմ ենք սպասում, ի վերջո՝ ո՞րն է մեր նպատակը: Համադրելով այս հարցերը, չունենալով այս հարցերից որեւէ մեկին լուրջ ու սպառիչ պատասխան, փաստացի ստիպված ենք արձանագրել, որ ունենք մի իրավիճակ, որը բոլոր ուղղություններով հուսադրող չէ: Եվ բոլոր ուղղություններով իրավիճակի էլ ավելի վատթարացման տենդենցներ ենք գրանցում, այնպես, որ նման ռազմավարության ու մարտավարության պարագայում մենք միայն տանուլ ենք տալիս ու տանուլ ենք տալու, քանզի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի պայմանավորվածություններն ու մեր վերաբերմունքն այդ հարցերին վկայում են այն մասին, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար ամեն ինչ կորցնելու ենք, եւ բնավ հայտնի չէ՝ ի վերջո, արդյունքում մեզ որեւէ բան մնալո՞ւ է, թե՞ ոչ: 

Նախքան այս հարցերին պատասխանելը պետք է մեկ այլ հարցի էլ պատասխանել. իսկ մենք ընդհանրապես որեւէ բանի հասնելու նպատակ ունե՞նք, թե՞ ոչ: Եթե ունենք, ապա ո՞րն է այդ նպատակը, եւ ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում դրան հասնելու համար: Ինչո՞ւ հստակ չեն ձեւակերպվում եւ հանրությանը ներկայացվում բոլոր այս հարցերի պատասխանները, որպեսզի ժողովուրդն էլ հստակ կողմնորոշվի, թե ինչ է կատարվում, ուր ենք գնում եւ ինչի ենք հասնելու այս ճանապարհով: Միայն այս ամենից հետո ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի եւ ճշգրիտ կորոշի իր հետագա անելիքը: Հակառակ պարագայում, ստացվում է, որ ունենք ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ այլ ուղղություններով ջարդված, անորոշությունների մեջ ապրող մի ժողովուրդ, որը ոչնչի ունակ չէ: Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ ցանկացած երկիր ունակ է պաշտպանվելու միմիայն իր ժողովրդի շնորհիվ: Իսկ դրա առաջնային նախապայմանը ժողովրդի հոգեբանական կուռ վիճակն է: Բերենք անկեղծ լինենք եւ խոստովանենք՝ մի՞թե ստեղծված իրավիճակում ու այսպիսի ժողովրդով ունակ ենք հայրենիք պահելու եւ մարդավայել ապրելու…
Խիստ կասկածում եմ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ