Ադրբեջանը, ռուսական եկեղեցու թողտվությամբ, հիմա էլ Բարդուղիմեոս առաքյալին է ադրբեջանացնում
Ադրբեջանի բռնապետ Ալիեւի վարչախումբը շարունակում է հետեւողականորեն յուրացնել հայոց ժառանգությունը։ Նման ոտնձգություններից մեծագույնը, թերեւս, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիր հայրերից Բարդուղիմեոս առաքյալի «ադրբեջանացման» փորձն է։
Այս տարվա օգոստոսի 18-19-ին, ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած պետական այցի օրերին, Պուտինն ու Ալիեւը մտան Բաքվի ռուսական եկեղեցի, որտեղ եպիսկոպոս, Բաքվի եւ Ադրբեջանի ռուսական եկեղեցու թեմի առաջնորդ Ալեքսին, վստահաբար՝ ՌԴ իշխանությունների համաձայնությամբ եւ Ադրբեջանի իշխանությունների հորդորով, բառացիորեն ասաց հետեւյալը․ «Այստեղ է Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը։ Բաքվում է նա նահատակվել։ Առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է»։
Ելնելով այն հանգամանքից, որ նման վտանգավոր հայտարարությունը չի կարելի թողնել անպատասխան՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ այս հարցի հետ կապված, այն համարելով հայ ժողովրդի հոգեւոր ինքնության դեմ ուղղված լրջագույն մարտահրավեր։
Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Բաքվից հնչած այս հայտարարությունը պատահական չի համարում: Ավելին` սա ոչ միայն պատմական ու աստվածաբանական կեղծիք է՝ հատուկ հնչեցված երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, այլեւ ուղենիշային հայտարարություն՝ Հայաստանի նկատմամբ քաղաքական ու տարածքային հետագա ստոր նկրտումների համար։ Չնայած այս գործելակերպը նորություն չէ, եւ Ադրբեջանը դեռեւս սովետական տարիներից հայկական ժառանգության յուրացման փորձեր է անում, բայց այս հայտարարությունն անպատասխան թողնել չի կարելի: Ուստի, ըստ նրա, շատ կարեւոր է Հայաստանի պաշտոնական արձագանքը:
Այս հերթական մշակութային ոտնձգությունն ուղղված չէ միայն մեր եկեղեցու հիմքերին, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի գնահատմամբ՝ հայ արվեստի տեսանկյունից սա յուրահատուկ կեղծիք է, որովհետեւ Սուրբ Բարդուղիմեոսի կերպարը ոչ միայն մեր արվեստում է իր արտահայտությունը գտել, այլ նաեւ` համաշխարհային արվեստում ներկայացվել: Ավելին` միշտ նշվել է, որ Բարդուղիմեոսը Հայաստանում է նահատակվել ու հայ եկեղեցու վարդապետության, քրիստոնեության տարածողն է եղել Հայաստանում, նաեւ նրան նվիրվել են եկեղեցիներ, վանքեր:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հիշեց, որ դեռ 2001-ին Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հաղորդագրություն եղավ, որ Ալեքսին գնացել է Բաքու հաղորդակցվելու Սուրբ Բարդուղիմեոսի մասունքներին։ Սա առնվազն զարմանալի էր, որովհետեւ դրանից 2 տարի հետո` 2003-ին են Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները բերել Բաքու. «Այսինքն՝ մինչեւ այդ չի եղել, ու պարզ չէ, թե Ալեքսին գնացել ու ինչի հետ է հաղորդակցվել, եթե, ըստ իրենց, 2003-ին են նոր նրա մասունքները բերվել Բաքու: Եվ դեռ անհասկանալի է, թե ինչ մասունքներ են դրանք։ Սա էլ առանձին հետազոտության թեմա է, որովհետեւ Սուրբ Բարդուղիմեոսի մասունքների վերաբերյալ կան բազմաթիվ պատմություններ, թե որտեղից ուր են տարվել»:
Հետաքրքրական է, որ վերահրատարակված Ռուս ուղղափառ եկեղեցու գրականությունում արդեն հանդիպում ենք որոշ խմբագրումների, որտեղ հերքվում են մի շարք հեղինակների տեղեկություններն այն մասին, որ Սուրբ Բարդուղիմեոսը նահատակվել է Մեծ Հայքում: Այժմ Ռուս ուղղափառ եկեղեցու բոլոր տեղեկատուներում նշվում է, որ Սուրբ Բարդուղիմեոսը նահատակվել է ներկայիս Բաքվի տարածքում: Սրանք վերջին 15 տարիների վերախմբագրված տեղեկություններն ու ծանոթագրություններն են, որոնք տարածվում են պաշտոնական խողովակներով:
Այլ կերպ ասած` ադրբեջանական զեղծարարությանը զուգահեռ, աշխատում է նաեւ ռուսական քարոզչությունը, որին անմիջականորեն մասնակից է ռուսական եկեղեցին: Մինչդեռ իրականությունն այն է, որ, քրիստոնեական արդեն վաղուց կայացած ավանդույթի համաձայն, Սուրբ Բարդուղիմեոսի նահատակության, ինչպես նաեւ գործունեության վայրը եղել է Հայաստանը:
Պատմաբան Արա Պապյանն էլ անդրադարձավ Սուրբ Բարդուղիմեոսի կերպարին՝ որպես աշխարհաքաղաքական նկրտումների գործիք, թե ինչպես են եկեղեցին ու քաղաքականությունը միախառնվում` պաշտոնական կեղծիքներ տարածելով։ «Ռուսական եկեղեցին տարիներ ի վեր այս քաղաքականությունն իրականացրել է, ավելին` ռուսներն են ի սկզբանե Բարդուղիմեոսին կապել Բաքվի հետ, որն առայսօր շարունակվում է»,- ասում է նա ու նկատում, որ անգամ Վատիկանի կայքում նշվում է, որ Սուրբ Բարդուղիմեոսը քարոզել է Հայաստանում, Միջագետքում, Հնդկաստանում, եւ ոչ մի խոսք Բաքվի մասին:
«Եթե 18-րդ դարի սկզբից մինչեւ 21-րդ դարի սկիզբը Սուրբ Բարդուղիմեոսի՝ Բաքվում նահատակված լինելու պատմությունը ծառայում էր Ռուսաստանի կայսրապետական նկրտումներին, ապա ներկայում, պայմանավորված Հայաստանի թուլացումով, Ռուսաստանի աշխարհաքաղաքական նահանջով, Ադրբեջանի հարաճուն նվաճողական ախորժակի աճով եւ Արցախի հայոց հոգեւոր ժառանգությունը մարսելու ձգտումով, այն գործիք է դարձել Ադրբեջանի վարչախմբի ձեռքին: Վստահաբար կարելի է ակնկալել Ադրբեջանի իշխանությունների հետեւողական քայլեր՝ աղվանական առաքելական եկեղեցի հիմնելու ուղղությամբ: Այս քայլերում նրա հիմնական աջակիցը լինելու են Ռուսաստանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին»:
Ա. Պապյանը ցավով նկատեց, որ 2 շաբաթ է անցել, բայց ո՛չ Հայ առաքելական եկեղեցին, ո՛չ պետությունը որեւէ կերպով չեն արձագանքել Բաքվում հնչած այս հայտարարությանը, որը մի եկեղեցու յուրացում չէ, այլ հարված հայ եկեղեցու արմատներին: Վերջում կլոր սեղանի մասնակիցները դիմում- կոչով հանդես եկան՝ հասցեագրված հայ եկեղեցուն, հորդորելով որեւէ ձեւով արձագանքել` «զանգ հնչեցնել», հակառակ դեպքում լռությունը համաձայնության տեղ կընդունվի:
Կարծիքներ