Ալիեւը պահանջում է, որ կապիտուլյացիան ստորագրենք ազգովի

Ալիեւը պահանջում է, որ կապիտուլյացիան ստորագրենք ազգովի

Չնայած Հայաստանը հայտարարում է, որ չի պատրաստվում առաջիկա տարիներին սահմանադրական հանրաքվե անցկացնել, բայց Ալիեւը պնդում է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է: Իսկ ինչո՞ւ է Ալիեւն այդքան համառորեն կառչել այդ մտքից, ինչո՞ւ է նա այդքան հետեւողական Սահմանադրության փոփոխության հարցում: Ալիեւն ուզում է ստորացնել եւ նվաստացնել ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, համենայնդեպս՝ մեծամասնությանը։ Նա ուզում է սահմանադրական հանրաքվեի միջոցով հայ հասարակությանը կապիտուլյացիա ստորագրել տալ: Սահմանադրությունը փոխելու, դրանում Անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջը միայն այդ նպատակն է հետապնդում եւ ոչ թե Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից հրաժարվելը: Ալիեւը գիտի, որ տարածքային հավակնությունները բավարարվում են ոչ թե Սահմանադրությամբ կամ այլ փաստաթղթերի նախաբաններով, այլ ռազմի դաշտում: Ռուսաստանի կամ ԱՄՆ սահմանադրություններում գրված չէ, որ այդ երկրները կարող են ռազմական գործողություններ սկսել իրենց անմիջական հարեւանների կամ իրենցից հազարավոր կիլոմետրերով հեռու երկրներում:

Ալիեւը հետեւողականորեն պահանջում է Սահմանադրության փոփոխություն, պահանջում է, որ Հայաստանում այդ հարցով հանրաքվե իրականացվի, որ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը ստորագրի Ադրբեջանից տարածքային հավակնություններ չունենալու թղթի տակ, որ երբ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, որեւէ մեկը չկարողանա ասել, որ մենք համաձայն չենք Փաշինյանի խաղաղության պայմանագրի հետ, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա` ադրբեջանական պահանջների բավարարմամբ: Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի մասին հիշատակումից հրաժարվելու հանրաքվեն լինելու է համաժողովրդական, յուրաքանչյուր չափահաս ՀՀ քաղաքացի կարողանալու է գնալ ընտրատեղամաս եւ իր վերաբերմունքն արտահայտել այդ փաստաթղթի, ադրբեջանական այդ պահանջի նկատմամբ, այլեւս հնարավոր չի լինելու թաքնվել Նիկոլ Փաշինյանի թիկունքում եւ ասել` դե, մենք ի՞նչ կապ ունենք, ինքը ստորագրեց այդ դավաճանական փաստաթուղթը: 

Սահմանադրական հանրաքվեն անցկացվելու է պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ. եթե ուզում եք խաղաղ եւ հպատակի կյանք, կողմ եք քվեարկում սահմանադրական հանրաքվեին, կողմ եք քվեարկում, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջը եւ հրաժարվի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի մասին հիշատակումից, եթե դեմ եք ադրբեջանական պահանջի իրականացմանը, ուրեմն ռեւանշիստ եք եւ կողմ եք Հայաստանի եւ Արցախի վերամիավորմանը, նշանակում է՝ պատերազմի կողմնակից եք: Ադրբեջանն ասելու է, որ եթե Հայաստանում սահմանադրական հանրաքվեն տապալվեց, դա իրեն լեգիտիմ իրավունք է վերապահելու՝ պատերազմ սկսել Հայաստանի դեմ եւ ճնշել ռեւանշիստական տրամադրությունները, իսկ եթե Սահմանադրությունն անցավ, ուրեմն ամբողջ Հայաստանը համաձայն է ապրել Ադրբեջանի թելադրանքի եւ պարտադրանքի ներքո, այլեւս որեւէ մեկն իրավունք չպետք է ունենա՝ խոսելու Արցախի վերադարձի մասին կամ Ադրբեջանին ինչ-որ պահանջներ ներկայացնի:

Հիմա եկեք անկեղծորեն ասենք` ի՞նչ արդյունք կարող է լինել, եթե ներկայիս պայմաններում անցկացվի նման հանրաքվե, հասարակության քանի՞ տոկոսը վախի ու պատերազմի սպառնալիքի ազդեցության տակ կգնա եւ կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխություններին եւ քանի՞ տոկոսը կմերժի ադրբեջանական պարտադրանքը: Չափազանց մեծ է հավանականությունը, որ մի քանի պատերազմում պարտությունից եւ փաշինյանական «կարեւորը լավ ապրուստն է» քարոզչության ազդեցության տակ սահմանադրական հանրաքվեն իսկապես կարող է ստանալ ընտրողների մեծամասնության քվեն: Վախի եւ սպառնալիքի ազդեցության տակ հնարավոր չէ ազատ որոշում կայացնել, մանավանդ, որ այդ սպառնալիքն արտաքին է: 

Պատկերացնո՞ւմ եք` ինչ ընթացք կարող է ունենալ նման հանրաքվեն, ինչո՞ւմ են իրար մեղադրելու երկու հակադիր բեւեռները, փոփոխությունների հակառակորդներն ասելու են, որ չի կարելի Ադրբեջանի թելադրանքը կատարել, համաձայնել Ալիեւի պահանջների կատարմանը, իսկ ովքեր կողմ են Սահմանադրության փոփոխությանը, թրքահպատակ ու թրքահարճ են: Փոփոխության կողմնակիցները հակառակորդներին մեղադրելու են երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշելու, իրենց երեխաներին սրի բերան քաշելու մեջ, ասելու են` եթե այդքան պատերազմ եք ուզում, դուք եւ ձեր երեխաները գնացեք կռվելու, իսկ մեզ հանգիստ թողեք: Հանրաքվեն վերածվելու է եղբայրասպան պատերազմի:

Գուցե Հայաստանի Սահմանադրությունն ինչ-որ փոփոխությունների կարիք ունի, գուցեեւ ոչ մի փոփոխություն էլ պետք չէ, կամ անհրաժեշտ փոփոխությունների մեծ մասը կարելի է իրականացնել խորհրդարանի միջոցով: Բայց ադրբեջանական սպառնալիքի տակ հանրաքվե անցկացնելն անթույլատրելի է: Դա նույնն է, որ մի ամբողջ ժողովրդի անցկացնես Ալիեւի սրի տակով, ստիպես, որ մի ամբողջ ժողովուրդ վախի ու պատերազմի սպառնալիքի ազդեցության տակ համաձայնի ապրել ադրբեջանական գերության մեջ:

Ավետիս Բաբաջանյան