Կանգ առեք, պարոնայք եւ տիկնայք

Կանգ առեք, պարոնայք եւ տիկնայք

Հայաստանի կառավարությունը որոշել է հասարակական երկու կազմակերպության գումար հատկացնել՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Դա հիմնավորվել է որպես Արցախի ընտրողների ազատ կամարտահայտության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու՝ Հայաստանի հանձնառությունը գործնականցնող քայլ: Հայաստանի նախկին ոչ մի իշխանություն նման ոչ միանշանակ ընկալվող նախաձեռնություն նախկինում չի ցուցաբերել: Եւ դեռ հարց է՝ այդ որոշումը միջազգային ի՞նչ արձագանք կունենա: Ադրբեջանում, օրինակ, արդեն իսկ ԱԳՆ մակարդակով հայտարարել են, որ դա մի բան է վկայում՝ «Հայաստանն է վերահսկում» Արցախը, «այնտեղ ձեւավորում իշխանության ապօրինի կառույցներ»:

Բաքուն, ըստ երեւույթին, ձեռնարկելու է Արցախի ընտրություններին Հայաստանի թեկուզ եւ հասարակական կազմակերպությունների մակարդակով միջամտության թեմային տալ հնարավորինս լայն միջազգային հնչեղություն: Ի՞նչ բարդություններ կարող են ծագել՝ ցույց կտա ժամանակը: Իսկ հայկական մամուլն ու փորձագիտական շրջանակները, անտեսելով այս հույժ կարեւոր հանգամանքը, խնդրին մոտենում են կամ «սորոսականները մտնում են նաեւ Արցախ» կամ «հարկավոր է նախադեպը տարածել նաեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա» տեսանկյունից: Ոչ ոք իրեն նեղություն չի տալիս, չի անհանգստանում, թե որտե՞ղ կարող է հասցնել նման դիսկուրսը:

Քանի որ երբ գեներացվում է գաղափար, որ Արցախում ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ «կարող են կայանալ միայն Հայաստանի երաշխավորությամբ»՝ ապա հստակ տպավորություն է ձեւավորվում, որ ցարդ Արցախում ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ չեն կայացել:

Կանգ առեք, պարոնայք տիկնայք, այս ու՞ր եք հասնում: Արցախում ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ կայացել են դեռեւս 1991թ. դեկտեմբերի 28-ին, երբ կազմավորվեց Հայաստանի քաղաքական համակարգին ընդդիմադիր Գերագույն խորհուրդ: Միջազգային դիտորդները միշտ էլ բարձր են գնահատել արցախյան ընտրությունները, եւ այդ հանգամանքը նաեւ արտաքին քաղաքական լուրջ կռվան է՝ որ ի տարբերություն բռնապետական Ադրբեջանի, Արցախում իշխանություն է ձեւավորվում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ: Մեկ-երկու հասարակական կազմակերպության ինքնադրսեւորման համար արժե՞ հրապարակային կասկածի տակ դնել Արցախում ժողովրդավարության եւ ազատ ընտրությունների իրողությունը: Ու՞մ է ծառայում այս քարոզչությունը:

Ըստ էության՝ միայն Ադրբեջանին: Ցանկալի կլիներ, եթե Հայաստանը, գործի դնելով դիվանագիտական հնարավորությունները, կարողանար հասնել նրան, որ Արցախում ընտրական գործընթացները մշտադիտարկեին ոչ թե հայաստանյան հասարակական կազմակերպությունները, այլ՝ միջազգային դիտորդները: Թե չէ առաջին հայացքից «հեղափոխական» թվացող նախաձեռնությունն արդյունքում կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: Մամուլի եւ փորձագետների խնդիրն է՝ վարչապետ Փաշինյանին հուշել հնարավոր մարտահրավերների մասին: Բայց մինչ այդ, պարոնայք տիկնայք, խնդրում եմ փոքր-ինչ մեղմել ձեզ պաշարած ոգեւորությունը: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա՝ լռեք, պարոնայք տիկնայք: Արցախում կա լեգիտիմ իշխանություն, կան քաղաքական փորձառություն ունեցող կուսակցություններ, պատասխանատու գործիչներ: Նրանք եկել են սկզբունքային համաձայնության՝ իշխանափոխությունը տեղի կունենա սահմանադրությամբ նախատեսված ժամկետում եւ ընթացակարգով: Արցախում ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների երաշխավորը նախագահ Բակո Սահակյանն է: Եւ նա մինչեւ վերջ կատարելու է իր առաքելությունը: