Էջմիածին. Սպասել եւ հուսալ

Էջմիածին. Սպասել եւ հուսալ

Եթե իմ կարծիքն եք հարցնում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայոց նախագահների՝ Էջմիածնում ձեւավորած հարթակի մասին, ապա ասեմ, որ շատ բարձր կարծիքի եմ եւ շատ մեծ սպասելիքներ ունեմ այդ պատկառելի մարդկանցից: Մի բանի համար եմ միայն ափսոսում, որ այդ հարթակը չկայացավ 2020 թ․ նոյեմբերին: Վստահ եմ, այն ժամանակ կկարողանային հրաժարական պարտադրել կապիտուլյանտին: Նկատեմ նաեւ, որ նրանք՝ թե՛ կաթողիկոսը, թե՛ նախկին եւ թե՛ գործող նախագահներն առանձին-առանձին պահանջում էին կապիտուլյանտի հրաժարականը, բայց միասնության այդպես էլ չհասան: Չհասա՞ն, թե՞ գլխի չընկան, որ պետք է միասնաբար պահանջեին այդ հրաժարականը, դա էլ արդեն բոլորովին այլ հարց է:

Ինչո՞ւ եմ մեծ հույսեր կապում Էջմիածնում քննարկում սկսած հարթակի հետ: Նախ՝ վայրն Աստծուն շատ մոտ է, եւ նախագահները գտնվում են կաթողիկոսի անմիջական հսկողության ներքո, ինչը մեծապես նպաստում է անկեղծության մթնոլորտի նախնական կուտակմանը: Մնում է՝ դուռ-լուսամուտ փակ պահեն, որ այդ մթնոլորտը չցնդի ու հնարավորինս երկար պահպանվի: Զեղում չհամարեք, խնդրում եմ, բայց հարթակը շատ նման է հեքիաթային այն իրավիճակներին, երբ հայրը հավաքում է որդիներին ու քննում նրանց՝ իմանալու համար, թե նրանցից ով ինչ է շնչում, ինչ ակնկալիքներ ունի եւ այլն: Որ ճիշտն ասեմ՝ ես Հայոց նախագահներին նույնիսկ մի փոքր նախանձում եմ: Մի՞թե նրանց համար մեծ պատիվ չէ, երբ մի ողջ ժողովուրդ, իր ազգակործան պատուհասին թողած, ակնդետ հետեւում է Էջմիածնի անցուդարձին:

Երբ գյուղի ջոջերն են հարց քննարկում, քաղաքավարությունը պահանջում է շատ մեջ չընկնել, եթե հնարավոր է՝ ընդհանրապես լռել: Սա դաստիարակություն է, որին ես հետեւում եմ անմնացորդ կերպով: Ավելին ասեմ՝ որոշել էի մինչեւ քննարկումների ավարտն ընդհանրապես լռել, բայց դեպքերն ինձնից անկախ այնպիսի զարգացումներ ստացան, որ այլեւս չխոսելն անհնարին դարձավ: Ամեն ինչ սկսվեց ՀՀ առաջին նախագահի առաջին ալիքին տված առաջին հարցազրույցից: Չգիտեմ՝ դա Պետրոսի գաղափարն էր, թե առաջին նախագահի, բայց ես այդ զույգի շտապողականությունից անհանգստություն զգացի: Ճիշտ չէ՞ր լինի, եթե սկզբում Ամենայն հայոց կաթողիկոսը խոսեր, հավատացյալներին ներկայացներ հարթակի ստեղծման նպատակներն ու առաջին քննարկումների արդյունքները: Բայց Պետրոսն ուր, պարիտետն ուր… Այս ամենի կազմակերպչին թողած՝ առաջինը Լեւոն Տեր-Պետրոսյանին խոսեցրեց Հանրայինի եթերում ու միանգամից փչացրեց ամեն ինչ: Անձամբ ես այն տպավորությունն ստացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ զգալի թյուրըմբռնում կա Էջմիածնի հարթակի հետ կապված: Ինչո՞ւ են նրանք հավաքվել Էջմիածնում՝ Հայաստա՞նը, թե՞ Փաշինյանին փրկելու: Ասաց՝ համախմբվենք Նիկոլի շուրջ ու այդպես համախմբված՝ ստորագրենք մեզ համար ցավոտ խաղաղության պայմանագիրը: Ուզում էի հարցնել՝ պարոն նախագահ, Նիկոլի հետ նոր կապիտուլյացիայի գնալու համա՞ր եք Էջմիածնում հավաքվել, թե՞… Թե բա՝ Արցախը տվել ենք, Արցախ չկա: Յաաաա… Բա Արցախի նախագահների՞ն ինչու էիք Էջմիածին տարել:

Մի խոսքով, Պետրոս, ձեռքս ընկնես՝ կաշիդ քերթելու եմ: Էս ի՞նչ ես դարձրել Հանրայինը, այ տղա: Հիմա Նիկոլն էլ երեւի, մի անկյունում նստած, հույս է փայփայում, որ կաթողիկոսով ու նախագահներով Էջմիածնում նստած՝ պարտության ու կապիտուլյացիայի մեղքն իրար մեջ են բաժանում:

Պետրոսի կազմակերպած խայտառակությունից մեկ օր հետո Ռոբերտ Քոչարյանը, կարծես, փրկեց իրավիճակը, եւ բոլորի հայացքները կրկին դարձան Էջմիածնին, որտեղ քննարկումները շարունակվելու են: Ճիշտ է, Քոչարյանը նույնպես Նիկոլի փրկության դուռ ցույց տվեց՝ մասնակի իշխանափոխություն, բայց եւ հանրությանը եւս մեկ անգամ հասկացրեց, թե ինչու են այդ նույն հանրության պահանջով իրենք հավաքվել Էջմիածնում: Հուսանք, որ առաջիկայում, գուցե հարթակի երկրորդ հավաքից հետո, կխոսի նաեւ Սերժ Սարգսյանը եւ վերջնականապես կցրի հանուն խաղաղության ազգովի կապիտուլացվելու անհրաժեշտության մասին կեղծ եւ վտանգավոր թեզը:
Եվ վերջում կուզենայի դիմել Նիկոլ Փաշինյանին՝ որպես Էջմիածնի հավաքի հիմնական շահառուներից մեկին: Դու բախտավոր աստղի տակ ես ծնվել, Նիկոլ: Քո հետիշխանական բոլոր քաղաքական արարողություններն ազգիս երեւելիներն են կազմակերպելու, եւ ես քեզ նախանձում եմ այդ առումով: Հապա պատկերացրու՝ հոգեհանգստիդ «Հայր մերը» կաթողիկոսն է ասում, դամբանականդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կարդում, հուղարկավորությունդ Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպում, քելեխդ էլ Սերժ Սարգսյանն է տալիս: Թե յոթ ու քառսունքիդ մասին ես մտահոգ, դա էլ ենք մտածել: Նոյեմբերի 9-ին մի տեղ կանենք, կվերջանա, կգնա: