Ոչինչ չես հասկանում այդ հրամաններից՝ տրամաբանություն մինուս անվերջություն

Ոչինչ չես հասկանում այդ հրամաններից՝ տրամաբանություն մինուս անվերջություն

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 15-ը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասում է, որ նախարարությունը ոչ թե հրահանգել է, այլ առաջարկել է անցնել առցանց ուսուցման, ինչին իրենց բուհը համաձայնել է, քանի որ հիվանդներ ունեն․ «Խնդիրն այն է, որ ուսանողների մեջ էլ հիվանդներ կան, այսինքն՝ անկախ ամեն ինչից, անկախ իմ ցանկությունից, ես այս անգամ ենթարկվում եմ նախարարի ոչ թե հրամանին, այլ՝ առաջարկությանը, որովհետեւ դա առաջարկություն է, ոչ թե հրաման կամ պարտադրանք, հավանաբար ելնելով այն հանգամանքից, որ յուրաքանչյուր բուհ իր սպեցիֆիկ առանձնահատկությունն ունի։ Այլ տարբերակ չունենք՝ ենթարկվում ենք, որովհետեւ իրավիճակը շատ վատ է, եւ ամբողջությամբ, առանց բացառությունների անցնում ենք հեռավար ուսուցման։ Բացառություններ կարվեն, երբ ուսանողները ներս կմտնեն բուհ տեխնիկա վերցնելու եւ նկարահանումներ անելու համար»։

3 շաբաթվա հարկադիր հեռավար ուսուցման ընթացքում փոփոխության է ենթարկվել նաեւ դասացուցակը, տեսական առարկաները բերել են առաջ, գործնական առարկաները՝ պար, մեներգ, բեմական խոսք եւ շարժում, հետ տարել․ «Դասացուցակի լուրջ փոփոխություններ ենք արել, որպեսզի հարմարվենք իրավիճակին»։

Թե մոտավորապես ինչքան վարակակիր ունեն ուսանողության շրջանում, բուհի ռեկտորն ասաց․ «Շատ չեն, 10-ից ավելի, բայց, այնուամենայնիվ, դա էլ է մտահոգիչ, որովհետեւ ուսանողները համատարած իրար համբուրում են, այդ տրադիցիան մի շարք վատ բաների հետ մտավ մեր կենցաղ»։

Պետությունը մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ուսանողներին, բացառություն է արել եւ ազատել պատվաստվելուց, ինչը, ըստ Արզումանյանի, ճիշտ չէ․ «Իհարկե, անհեթեթություն են այդ բացառությունները, հետո՝ այն մարդկանց, որոնց բացառություններ են արել, նրանք տրանսպորտ չեն նստում, եկեք սկսենք նրանից, որ մեր քաղաքային տրանսպորտը սարսափելի վիճակում է։ Այնպես որ, եթե կա այդ քաղաքային տրանսպորտը, մնացած բոլոր միջոցառումները դառնում են երկրորդական։ Եվ, ընդհանրապես, չես հասկանում՝ ի՞նչ է կատարվում՝ թատրոններն աշխատում են, ռեստորանները, խանութները՝ նույնպես, ամբողջ ազգը քեֆ է անում, ոչինչ չես հասկանում այդ հրամաններից՝ տրամաբանություն մինուս անվերջություն։ Տրանսպորտը սարսափելի վիճակում է, ու միայն դա արդեն բավական է։ Հիմա հսկողությունն այլ տարբերակով պետք է լիներ, հո միայն պատվաստվելը չէ՞։ Կյանքը ցույց է տալիս, որ պատվաստվածներն էլ են հիվանդանում, եւ այդ պարագայում հրամանի մեջ գրել, որ ով պատվաստվել է, չի թեստավորվում, որքանո՞վ է ճիշտ, եթե վարակվում է, նշանակում է՝ վարակակիր է, իսկ եթե վարակակիր է, ինչո՞ւ չի թեստավորվում»։     

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւս ամբողջովին անցել է առցանց ուսուցման, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը։ Ի տարբերություն թատերականի, Բրյուսովի անվան համալսարանում հեռավարի անցնելու գործընթացն ուսումնական պլանի վրա որեւէ կերպ չի ազդի՝ նույն դասացուցակով դասախոսները եւ ուսանողներն աշխատելու են նաեւ առցանց ռեժիմով։ «Ոչ մեծ քանակի, բայց ունենք նաեւ ուսանողներ, որոնք վարակվել են եւ չեն գալիս դասի»,- ասում է ռեկտորն ու դժվարանում նշել, թե վիրուսը կանխարգելելու տեսանկյունից ինչ արդյունք կտա 3 շաբաթով բուհերն առցանց ռեժիմի ուղարկելը․

«Այնպես չէ, որ ուսանողները միայն համալսարանի ներսում են շփվում, կամ եթե առցանց ենք պարապում, դա չի նշանակում, որ իրենք այդ դասերից դուրս շփումներ չեն ունենում, դուրս չեն գալիս, սրճարան չեն գնում, խանութ չեն գնում։ Վիճակագրությունը ցույց կտա՝ թվերը կաճե՞ն, թե՞ կնվազեն այս 3 շաբաթվա ընթացքում»։