«Հրապարակ»․ Կեցցե՛ Ռուբեն Վարդանյանը, որ կարողացել է նման բան անել

Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ։
- Օրերս Բաքվում սկսվեց հայ գերիների դատը։ Նիստից առաջ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձ էր տարածել եւ պատմել անմարդկային ճնշումների մասին։
- Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող ռազմագերուց նման ուղերձի առաքումը շատ մեծ քաջություն է եւ չափազանց կարեւոր իրադարձություն։ Կեցցե ռազմագերին, կեցցե Ռուբեն Վարդանյանը, որ կարողացել է նման ուղերձ հասցնել աշխարհին։ Դա մենք օգտագործելու ենք միջազգային ատյաններում՝ հաստատելու մինչ այս ներկայացված բոլոր փաստարկները։ Ադրբեջանում հայերի նկատմամբ կա առանձնահատուկ խտրական վերաբերմունք։ Ադրբեջանը չի ապահովել արդար դատաքննության իրավունքը, բայց հայերի նկատմամբ կա նաեւ ռասիստական վերաբերմունք։
- Ի՞նչ տեղեկություններ ունեք գերեվարված անձանց մասին, ի՞նչ պայմաններում են պահվում նրանք, լուսանկարներում նրանք հյուծված ու ծերացած են։
- Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված գերեվարված, կալանավորված անձանց իրավունքներով շատ վաղուց եմ զբաղվում, եւ այսպիսի արձանագրումներ մենք արել ենք ի սկզբանե։ Ազգությամբ հայ լինելն Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվելու պարագայում մարդու կյանքին վտանգ է սպառնում՝ ազգային պատկանելության հիմքով։ Այո, մարդիկ կարճ ժամանակում տասնյակ կիլոգրամներ քաշ են կորցնում, սա, իհարկե, վատ սննդի հետեւանք է, բայց նաեւ՝ շատ վատ բարոյահոգեբանական մթնոլորտի, կտտանքների։ Մենք բազմաթիվ գործերով ապացույցներ ենք ներկայացրել։ Այո, Ադրբեջանում հայ ռազմագերիները խոշտանգվում են, պահվում են անմարդկային վերաբերմունքի պայմաններում, բոլորը՝ անխտիր, չկա բացառություն։
- Ադրբեջանական կողմը տիրաժավորում է Արայիկ Հարությունյանի ցուցմունքը` Գյանջան ռմբակոծելու մասին:
- Այդ ցուցմունքն իրավաբանական ուժ չունի, այն անթույլատրելի ապացույց է, վերցվել է արդար դատաքննության իրավունքի կարեւորագույն երաշխիքների խախտմամբ, այն չի կարող լինել հուսալի, ճշմարիտ։ Մարդու կամքն ազատորեն չի ձեւավորվել, չի ունեցել պաշտպան եւ այլն։
- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է միջազգային դատարաններից հետ կանչել Բաքվի դեմ ներկայացված հայցերը, եթե Ալիեւը խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Ի՞նչ կարծիքի եք։
- Միջպետական 4 գանգատ կա, որ քննվում է ՄԻԵԴ-ում։ Որպես դատավարության կողմ, ցանկացած պետություն ազատ է իր դատավարական իրավունքներից օգտվելով, բանակցել մյուս կողմի հետ՝ հաշտության համաձայնության շուրջ։ Սա նորմալ է, իրավաչափ։ Խնդիրը հետեւյալն է․ ինչպիսի ալտերնատիվներ են առաջարկվում։ Այս գործերով պաշտպանվում են շատ կոնկրետ մարդկանց կոնկրետ իրավունքներ, արդյո՞ք պետությունները, որ ստանձնել են այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունը, կարող են իրենց հրաժարումով անպաշտպան թողնել այդ մարդկանց։ Այն անհատական գանգատները, որոնք մենք ենք ներկայացրել միջազգային ատյաններ, մեր վստահորդները չեն պատրաստվում դրանցից հրաժարվել, եւ որեւէ մեկը չի կարող դրա վրա ազդել։ Այդ հայցերը հետ կանչել հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր վստահորդները դա ուզենան։ Սակայն դա դեռ բավարար չէ, որ ՄԻԵԴ-ն այդ գործերը ցուցակից հանի, կարող են նաեւ մարդու հրաժարվելու պարագայում որոշել շարունակել քննությունը․ նման դեպքեր կան։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ