Ընդդիմության թեկնածու չառաջադրելու դեպքում խորհրդարանական ճգնաժամ չի առաջանա

Ընդդիմության թեկնածու չառաջադրելու դեպքում խորհրդարանական ճգնաժամ չի առաջանա

Ութերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը վարող, տարիքով ամենաավագ, ազգային փոքրամասնությունների քվոտայով ընտրված պատգամավոր Կնյազ Հասանովը երեկ աննախանձելի վիճակում էր հայտնվել․ ինչպեսեւ սպասվում էր, «Հայաստան» դաշինքը էքշըն ապահովեց եւ փորձեց նիստը վերածել սոդոմ-գոմորի։ Հասանովի «խոշտանգված» դեմքից հասկացվում էր, թե ինչպես է նա անիծում իր բախտը, որ խորհրդարանի ավագն է, ու օրենքի ուժով հենց ինքը պիտի վարի նիստը՝ մինչեւ խորհրդարանը խոսնակ ընտրի։

Մի կողմից ընդդիմությունն էր հարայ-հրոց, աղմուկ-աղաղակ բարձրացրել, բռունցքներով հարվածում էին սեղաններին, Հասանովից ձայնի իրավունք էին պահանջում, պահանջում էին ԱԺ բերել կալանավորված պատգամավորներին եւ հրավիրել գլխավոր դատախազին։ Մյուս կողմից «Քաղպայմանագիրն» էր նրան դուխ տալիս, թե ճիշտ է անում, որ մերժում է։ Մի բան պարզ է, որ այս ընդդիմությունը տարբերվում է նախորդներից, եւ ԱԺ նոր ղեկավարությանը դաժան օրեր են սպասվում։ Մենք զրուցեցինք ՔՊ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ, ով այդ պահին դեռեւս ԱԺ խոսնակ չէր ընտրվել։

- Պարոն Սիմոնյան, ի՞նչ զգացողություններ ունեք՝ հետեւելով Կնյազ Հասանովի տվայտանքներին։

- Հարգանք ունեմ պարոն Հասանովի նկատմամբ եւ շատ գնահատում եմ, որ ինքն այս ծանր իրավիճակում նիստը, այնուամենայնիվ, վարում է եւ ապահովում է բնականոն ընթացքը։

- Նկատի ունեմ՝ ապագայում Դուք եք այդ կարգավիճակում հայտնվելու, ընդդիմադիրները ձեր նկատմամբ ավելի դաժան են լինելու, փորձելու են էլ ավելի շատ խոշտանգել։

- Դուք կարծում եք՝ ես այն մարդն եմ, որին հնարավո՞ր է խոշտանգել։  

- Ինչպե՞ս եք դիմակայելու այսքան մարտական տրամադրված ընդդիմադիրներին։

- Օրենք գոյություն ունի, առաջնորդվելու եմ դրանով։ Այստեղ որեւէ մեկը մյուսին խոշտանգելու համար չի եկել, չի էլ կարող որեւէ ձեւով խոշտանգել։

- Ձեզ չե՞ք խղճում ապագա կարգավիճակի համար, ձեզ խելոք ընդդիմություն բաժին չի հասնում, ի տարբերություն նախորդի։

- Լավ, էլի․․․ Եթե ես ընդդիմադիր լինեի, հաստատ այս գործելաոճը չէի որդեգրի, որովհետեւ․․․ ի՞նչ էլի․․․ Իրենք իրենց հարց են տալիս, իրենք պատասխանում։ Նույն հաջողությամբ կարող էին գնալ «Երկիր մեդիայի» կամ Թիվի 5-ի եթերում նստեին, իրար հարց տային ու պատասխանեին։

- Պարոն Սիմոնյան, «Հայաստան» դաշինքի պատգամավորները, իրենց կարծիքով, միանգամայն արդարացի պահանջ են բարձրաձայնում, ասում են՝ ազատ արձակեք մեր կալանավորված պատգամավորներին, քանի որ սահմանադրորեն պատգամավորներն ունեն անձեռնմխելիություն։ 

- Իրենք կարող են ասել, ես էլ կարող եմ ասել, բայց ԱԺ-ն դատարանի վճիռը չի կարող փոխել։

- Ընդդիմությունն իրավաբանորեն բացատրեց, թե ինչ պետք է անել։ Ասում են՝ նիստը վարողը պետք է ԱԺ բնականոն ընթացքն ապահովի եւ այլն։

- Իրենք ասում են՝ ապահովել, եւ որպես լուծում՝ ասում են․ գլխավոր դատախազին կանչեք խորհրդարան։

Հարց եմ տալիս՝ որ դատախազին կանչում ենք այստեղ, ի՞նչ է լինում, ապահովվո՞ւմ է։ Նախ առաջին՝ դատախազի գալը դեռ չի նշանակում իրենց (նկատի ունի կալանավորված պատգամավորներին՝ Լ․Շ․) գալ, եւ երկրորդ՝ դա ի՞նչ կապ ունի բնականոն ընթացքի ապահովման հետ։ Իրենք պահանջը ներկայացնելով՝ չեն կարողանում լուծում էլ առաջարկել, որովհետեւ գոյություն ունի դատական իշխանություն եւ օրենսդիր իշխանություն։ Մենք չենք կարող քվեարկել եւ դատարանի վճիռը չեղյալ համարել։ Իմ տրամաբանությամբ՝ իրենք պետք է դիմեն դատարան եւ բողոքարկեն։

- Կարծես թե այդ գործիքակազմն էլ է օգտագործվել, բայց տարբեր պատճառաբանություններով որոշումը նույնն է մնացել։ Սա չի՞ նշանակում, որ դատարանը, ինչպես ընդդիմադիրներն այս ամբիոնից հայտարարեցին, քաղաքական պատվեր է կատարում։

- Գիտեք ինչ, երբ դատարանները Ռոբերտ Քոչարյանին կամ մյուսներին ազատ են արձակում, ասում են, որ դատարանները չեն ենթարկվում, անկախ են, ազատ են եւ այլն։ Ռուբեն Վարդազարյանը, հիշո՞ւմ եք, ասում էր, որ Հայաստանում դատարանները երբեւիցե նման ազատություն չեն ունեցել։ Երբ որ դատարանը որոշում է կայացնում, որ պետք է կալանավորեն, ասում են՝ ենթարկվում են։ Ընդդիմությունն այս հարցում պետք է կողմնորոշվի։

- Մտավախություն չունե՞ք, որ խորհրդարանական ճգնաժամ կառաջանա, եթե ընդդիմադիրները չառաջադրեն հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կամ ԱԺ փոխխոսնակ, եւ եթե այդ պաշտոնները թափուր մնան։ Այսինքն, եթե օրակարգային այդ հարցը չլուծվի, ապա, որոշ իրավաբանների մեկնաբանությամբ, հնարավոր չի լինի մնացած հարցերին անցնել, օրինակ՝ կառավարությունը չի կարող ծրագիր բերել, իսկ խորհրդարանը՝ բնականոն աշխատել։

- Չի կարող նման բան լինել, դժվար։ Իրենք նախապես եկել են խորհրդարան, եւ փոխխոսնակի ու հանձնաժողովի նախագահներ առաջադրելու հարցեր են քննարկվել․․․
Իսկ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով չառաջադրեն, ԱԺ կանոնակարգ օրենքը դրա լուծումը տալիս է՝ առաջադրելու իրավունքն անցնում է իշխող խմբակցությանը։

ՀԳ․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո պարզաբանում խնդրեցինք նաեւ ԱԺ երկարամյա աշխատակից,  քարտուղարության պետ, կանոնակարգ օրենքը ծայրից ծայր անգիր իմացող Թաթուլ Սողոմոնյանից․ ի՞նչ լուծում է առաջարկում օրենքը, եթե ընդդիմությունը չառաջադրի ԱԺ փոխնախագահի եւ իրեն հասանելիք հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։ Վերջինս հաստատեց Ալեն Սիմոնյանի ասածը՝ ընդդիմության բոյկոտից հետո նշված պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է իշխող ուժին։