Բրեժնևյան ժամանակների ոգով ուզում են մասնավոր հեռուստաընկերության ճանապարհը փակել

Բրեժնևյան ժամանակների ոգով ուզում են մասնավոր հեռուստաընկերության ճանապարհը փակել

Հարցազրույց «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ

- Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ԱԺ է ուղարկվել մի նախագիծ, որով, ըստ մեկնաբանությունների, 2021-ից մասնավոր հեռուստաընկերությունները  պետական մուլտիպլեքսում չպետք է տեղ ունենան, պետք է գործի 5 հեռարձակող ալիք, որոնք բոլորը պետք է հանրային լինեն։ Ի՞նչ կասեք։

- Այս բովանդակությամբ նախագիծ է ուղարկվել ԱԺ, բայց որեւէ հեռուստաընկերության հետ, ես բոլորին հարցրել եմ, թեման չի քննարկվել։ Որեւէ մեկից որեւէ կարծիք չեն հարցրել։ Իրենք պարտավոր են օրենքը գրելուց առաջ մի հատ էլ հեռուստաընկերությունների կարծիքը հարցնել, բայց նույնիսկ չեն էլ ուսումնասիրել հեռուստաընկերությունների վիճակը, հնարավորությունները, կարիքները ու մշակել են նախագիծ, որը վաղը չէ, մյուս օրը կարող է այս երկրի եւ բոլորիս համար մի խայտառակ բան դառնալ։

- Որքանով ես եմ տեղյակ՝ խոսքն ինչ-որ աստղաբաշխական գումարների մասին է։

- Տարիներ շարունակ Ազգային հանձնաժողովը մրցույթ է հանձնարարել մասնավոր մուլտիպլեքսի համար, այսինքն՝ հանրապետությունում երկրորդ ալտերնատիվ մուլտիպլեքսի համար, բայց դրա գինն այնքան բարձր է ու այնքան ծախսատար, որ հայաստանյան շուկայում ոչ մի բիզնեսմեն այդքան գումար չի ներդնի։ Եվ, փաստորեն, երբ ՀՌԱՀ-ը հայտարարում էր մրցույթներ, դրանց հայտ չէին ներկայացնում ո՛չ դրսից, ո՛չ ներսից։ Եվ հիմա այս մեր խելոքները, լավ հասկանալով, որ երկրորդ մուլտիպլեքսի հարցը լուծել չի լինում, ի դեպ, այդ նույն օրենքի նախագիծ գրողներն իրենք  տարիներ շարունակ քննադատում էին հանձնաժողովը եւ ասում էին, որ ՀՌԱՀ-ը չի կարողանում կազմակերպել 2-րդ մուլտիպլեքսը, գտել են տարբերակ։ Եվ այդ տարբերակն է՝ թող այդ մասնավորները չմտնեն պետական մուլտիպլեքսի մեջ, իրենք ոնց ուզում են, թող եթեր հեռարձակվեն։ Թող գնան փող ճարեն, գնան իրենց մուլտիպլեքսը դնեն։ Այսինքն՝ ուզում են այս տարբերակով մասնավոր հեռուստաընկերությունների ճանապարհը փակեն եւ եթերում թողնեն հինգը՝ հինգն էլ հանրային։ Ինչը բրեժնեւյան ժամանակներից է։ Իմ գնահատմամբ՝ միգուցե Եվրոպայում BBC-ն ունի այդ հնարավորությունը, բայց չէ՞ որ մենք Մեծ Բրիտանիա չենք։ 

- Այնուամենայնիվ, խոսքն ի՞նչ գումարի մասին է։

- Կարծում եմ՝ 300 միլիոն դոլարի։ Ես չգիտեմ՝ հարցրեք մասնագետներին, բայց ես գիտեմ, թե պետությունն ինչ դժվարությամբ կարողացավ այդ պետական մուլտիպլեքսը կյանքի կոչել։ Գիտեմ, թե ինչ դժվարությամբ էր, որովհետեւ ներդրումներ չկային, եւ պետությունը, քանի որ ԵՄ-ի հետ ստորագրել էր էդ համաձայնագիրը, մի կերպ ստեղծեց այդ մուլտիպլեքսը։