Մեծ արձակուրդ

Մեծ արձակուրդ

Իհարկե, բարդ է երիտասարդ իշխանավորների համար՝ հանրային չափազանցված սպասումներ, ծանր պետական աշխատանք, որին նրանցից քչերն էին ծանոթ։ Իսկ ծանրաբեռնված աշխատելը ռեժիմ է, որը տարիների ընթացքում է ձեռք բերվում։ Եվ որքան էլ որ իշխանություն լինելը հաճելի է, պարտականություններն ու բեռն էլ քիչ չեն։

Իսկ 2018-ից հետո հանրությունը, մի կողմից, չափից դուրս սիրառատ է իշխանությունների հանդեպ, մյուս կողմից՝ չափազանց պահանջկոտ։ «Սրա համա՞ր ենք հեղափոխություն արել»․ ամեն երկրորդն այսպիսի պահանջ է առաջ քաշում, եւ պետք է այդ պահանջները բավարարել, որ պահանջատերը կամաց բողոքավոր չդառնա եւ ֆեյսբուքներում իրենց «մեյիդը» չփռի։ Դրան գումարած կորոնավիրուսը, տնտեսական անկումը, դիմակների պարտադրանքն ու ահռելի տուգանքները, որը զայրույթի ու դժգոհության նոր ալիք է բարձրացնում։ Եվ դեմն առնելը հեշտ չէ։ Ու այս ծանր սթրեսային վիճակում նաեւ խոշորացույցի տակ են․ ով նոր տուն առավ, ով նոր մեքենա, ով հարսանիք ու խնջույք կազմակերպեց, անմիջապես հայտնվում է հանրային պարսավանքի ներքո։ Առաջ գոնե գործուղումներ էին մեկնում՝ սթրեսը հանում, հիմա դրանից էլ են զրկվել եւ մեզ՝ շարքային քաղաքացիներիս հետ հավասար «տանջվում» են։ Անգամ Հայաստանում միքանիօրյա արձակուրդ գնալը հասարակությունը «չի հասկանում»։ Բայց պաշտոնյաներին դա չի կանգնեցնում․ Արսեն Թորոսյանը 18 օրով արձակուրդ գնաց, ինչը չլսված բան էր նախարարների կյանքում՝ գոնե 2020 թվականի կտրվածքով։ Հայկ Մարությանն էլ նախ արձակուրդ գնաց, հիմա էլ «վատառողջ» է եւ երեկ ավագանու նիստին չէր մասնակցում։ Նիկոլ Փաշինյանն էլ մի 4 օր արձակուրդ գնաց՝ մարզերում էր, հիմա էլ կարծես վերադարձել է աշխատանքի, բայց էլի մարզերում է։ Տպավորություն է, թե արձակուրդը շարունակվում է։