Այս իշխանություններն անգամ տարրական բանականություն չունեն, ուր մնաց` արհեստական

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 10-11-ը ընթանում է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովը (AI Action Summit)։ Իրադարձությունը համախմբել է մի շարք երկրների առաջնորդներին, տեխնոլոգիական հսկաներին, ակադեմիական ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին ու քաղհասարակությանը՝ համատեղ քննարկելու Արհեստական բանականության ապագան, կարգավորման մեխանիզմներն ու տեխնոլոգիայի գլոբալ ազդեցությունը։ ԱԲ գործողությունների գագաթնաժողովը համատեղ նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցելու է ժամանել շուրջ 100 երկրի, ավելի քան հազար մասնագետ։ Հիմնականում այն երկրներից, որտեղ զարգացած է արհեստական բանականությունը եւ կիրառվում է ամենատարբեր ոլորտներում:
Ներկաները քննարկումներին մասնակցելու են տարբեր մակարդակներով․ ԱՄՆ-ն ներկայացնում է փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, մասնակցում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլք։ Տեխնոլոգիական աշխարհից էլ ներկա են OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը ու այլ ընկերությունների ներկայացուցիչներ։ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը և ոլորտում տարեսկզբին մեծ աշխուժություն առաջացրած չինական DeepSeek ընկերության հիմնադիր Լիանգ Վենֆենգը ևս հրավիրվել են: Միջոցառմանը մասնակցելու համար Փարիզ է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ տեխնոլոգիական զարգացում արձանագրող առաջադեմ երկրները մասնակցում են այս միջոցառմանը միանգամայն հասկանալի է, բայց ո՞րն է Նիկոլ Փաշինյանի` այս գագաթնաժողովին ներկա գտնվելու իմաստը: Արդյո՞ք Հայաստանում արհեստական բանականություն ասվածն այնպիսի զարգացում է ապրում, որ վարչապետ Փաշինյանը մասնակցում է այս գագաթնաժողովին: Եւ եթե անգամ զարգանում է, ապա ինչո՞ւ չի մեկնել, ասենք, Բարձր տեխնոլոգիաների նախարարը կամ Արհեստական բանականությամբ զբաղվող որեւէ ընկերության ղեկավար: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է մեդիափորձագետ Հայկ Դերզյանի հետ:
- Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցող երկրներում արհեստական բանականությունը թափով զարգանում է: Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի մասին: Հայաստանում արդյո՞ք արհեստական բանականությունն այնպիսի զարգացում է ապրում, այնքան կիրառում ունի, որ Փաշինյանն անձամբ է մասնակցում նման գագաթնաժողովի: Հայաստանի իշխանություններն անգամ էլեկտրոնային տոմսի տարրական հարց լուծել չեն կարողանում, բոլոր ոլորտներում քաոս է, հիմա էլ որոշել են արհեստական բանականության հարցերով զբաղվել:
- Արհեստական բանականության զարգացմանը եթե նայենք` ԱՄՆ-ում ներդրումները, հյուսիսում արվող մեծ ներդրումները, ապա այն կարող է մեծ ազդեցություն ունենալ առողջապահության, ռազմական, կիբեր ոլորտներին: Հայաստանի դեպքում դժվար է նման բան ասելը, քանի որ անգամ իշխանությունների տարրական բանականությունը չի աշխատում, էլ ուր մնաց խոսենք արհեստական բանականության մասին: Երկրում, որտեղ «այդի քարտ» ես ուզում ստանալ, ասում են` չկա, մի երկրում, որտեղ վճարային համակարգը չեն կարողանում աշխատեցնել, մի երկրում, որտեղ տվյալների արտահոսքեր են տեղի ունենում, մի երկրում, որտեղ անգամ տեղեկատվական հոսքերի առումով չեն կարողանում աշխատանք ապահովել, այդ պարագայում խոսել մեծ արժեքներից, ուղղակի զավեշտալի է: Հայաստանն այս առումով զարգացում չի կարող ունենալ` հատկապես իշխանության կողմից: Այն, ինչ արվում է, արվում է մասնավոր սեկտորի կողմից, սակայն մասնավորին էլ անհրաժեշտ է պետական աջակցություն, անհրաժեշտ են միջազգային ֆորումներ: Հայաստանն, ի տարբերություն այլ երկրների` այթի ոլորտում աշխատուժի առումով հարմար երկիր է, շատ պրոդուկտներ կարող են արտադրվել հենց Հայաստանում, սակայն քայլեր չեն արվում: Այսինքն` Հայաստանի պոտենցիալը մեծ է, սակայն վիճակը` շատ վատ է: Կա պոտենցիալ, որը կարող ենք օգտագործել զարգացման համար, սակայն մեզ անհնարժեշտ է նորմալ պետական համակարգ: Այս իշխանություններն անգամ տարրական բանականություն չունեն, էլ ուր մնաց արհեստական: Բայց պոտենցիալ ունենք: Պետք է աշխատանք տանել միջազգային կազմակերպությունների հետ:
- Իսկ ի՞նչ կարող են անել իշխանություններն այս առումով:
- Օրինակ` կարող են միջազգային կապերն օգտագործել և աշխատանք տանել մի շարք ընկերությունների հետ: ԱՄՆ նոր վարչակարգը ահռելի մեծ գումարներ է ներդնելու արհեստական բանականության համար: Խոսքը լուրջ գումարների մասին է, ինչը օգտագործվելու է, օրինակ` ռազմական, արդյունաբերական ոլորտներում: Մեր իշխանությունները չեն հասկանում այս ամենից, չեն գիտակցում ինչի մասին է խոսքը: Սա է խնդիրը: Պետք է կամք:
- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում մասնակցում արհեստական բանականության մասին գագաթնաժողովին:
- Նա ուզում է ցույց տալ, որ կա, ինչ-որ բան է անում: 14 տարեկան աղջնակն ինչպե՞ս կնկարվեր երգիչ Արամեի հետ, այդպես Փաշինյանն է նկարվում տարբեր գործիչների հետ: Նրան ոչ մի տեղ լուրջ չեն վերաբերվում, իսկ եթե լուրջ չեն վերաբերվում, նշանակում է այդ երկրում չի կարող զարգացում լինել:
Կարծիքներ