Որովայնը բացել էի, երբ երկրաշարժից շենքը ճռռաց․․․

Որովայնը բացել էի, երբ երկրաշարժից շենքը ճռռաց․․․

Ավերիչ հետևանքներով երկրաշարժ եղավ։ Երբ ցնցումը շատ մեծ է լինում, մարդիկ սկզբնական շրջանում կարկամում են աղետի առաջ ու կանգ է տեղի ունենում գիտակցության մեջ։ Հետո, երբ ուշքի են գալիս, սկսում են մեղավորներ փնտրել։ Կարո՞ղ էին նվազ զոհերով ու ավերածություններով դուրս գալ, իհարկե կարող էին, եթե շինարարությունը կատարվեր պատշաճ մակարդակով։ Թուրքիայում հիմա երկրաշարժից ուշքի գալու շրջանն է։ Դա շատ լավ է հասկանում երկրի նախագահը և սկսել է շինարարներ ձերբակալել։ Ինքն էլ լավ գիտի, որ շինարարների ձերբակալությամբ ոչինչ չի փոխվի ու հնարավոր չէ ձերբակալել տասնակ հազարավոր շինարարների։ Լավ գիտի, բայց նման քայլի է դիմում, որովհետև այլ ելք չունի։ Բազմությունը կհոշոտի նրան, պատասխաններ կպահանջի՝ գոնե նրա օրոք կառուցված ու թղթի նման փլված շենքերի համար։

Հենց դրա համար է շինարարների ձերբակալությամբ զբաղվում, որ «վառված, խորովված հոգիները» հանդարտեցնի։ Ջուր լցնի, որ կրակը մարի, չբարձրանա։ Մի բան ակնհայտ է՝ շենքին ամրությունն ապահովում է շինարարի խիղճը։ Բայց կա մի բան, եթե ամեն ինչ թողնես միայն շինարարի խղճի վրա, ոչինչ չի ստացվի։ Հարկավոր է պետության սթափ վերահսկողություն․ դա ևս ազգային անվտանգության խնդիր է։ Ձերբակալելով շինարարներին, Էրդողանն ինքնին ապացուցում է, որ ինքը վերահսկողություն չի իրականացրել և միայն շենքերը քանդուքարափ լինելուց հետո է պատժիչ գործողություններ ձեռնարկում։ Մի փոքրիկ դեպք կպատմեմ, որը կհաստատի ասածս։ Դեպքը ինձ պատմել է հանրապետության լավագույն վիրաբույժ Յուրի Հովակիմյանը․ 

«Սիսիանում էի աշխատում։ Երկրաշարժի վտանգը մեծ էր, սիսիանցիները մոտ մեկ- երկու ամիս վրաններում էին մնում։ Հիվանդանոցում էլ աշխատում էինք հիվանդներ չընդունել։ Բայց եղավ մի օր, երբ ստիպված էինք հիվանդին վիրահատել։ Հիվանդը Սերգեյ Ղուշյանն էր, ում, ժողովրդական լեզվով ասած, կույր աղիքը պայթել էր։ Վիճակը շատ ծանր էր, Շամբի թաղամասից տեղափոխում էինք։ Վիրահատության ժամանակ որովայնը բացել եմ․ մեծ քանակությամբ թարախ, պերիտոնիտ և այլն։ Վիրահատում եմ տեղային ցավազրկմամբ, այդ ժամանակ գերհաճույք էր ընդհանուր նարկոզը։ Այդ պահին երկրաշարժից շենքը մի լավ ճռռաց, ցնցվեց։ Օգնականս գինեկոլոգ էր, շրջվեց ու շտապ փախչում է։ Հետևից կանչում եմ․ «Կանգնիր Լաուրա ջան, կանգնիր, ասենք՝ երեք մետր փախանք, ի՞նչ օգուտ, մինչ հասցնենք դուրս, շենքը կփլվի, արի գոնե այս խեղճ մարդու փորը փակենք»։ Այդ ժամանակ վիրահատված հիվանդը՝ Սերգեյը շատ հանգիստ տոնով ասաց․ «Դոկտոր ջան չգնաք, այս շենքը ես եմ կառուցել, շատ ամուր շենք է, մի գրամ ցեմենտ չենք ծախել։ Պետությունը  չաքուջը ձեռին» գլխներիս կանգնած է եղել »։ 

Վերջում մի բան ավելացնեմ։ Երբ այդ հուշերը տեղադրել էի իմ գրքում, շատերն ինձ հարցրին՝ ո՞նց պատահեց, որ վիրահատված հիվանդը կարողացավ խոսել։ Տեղային անզգայացման ժամանակ մարդկանց գիտակցությունը չի անջատվում։ Այդ թվերին, նորից եմ կրկնում, ընդհանուր նարկոզը՝ մանավանդ շրջաններում, «լավ երազ էր»։