«Հրապարակ»․ Փաշինյանն անձամբ է Շահրամանյանին հորդորել ստորագրել լուծարման հրամանագիրը

«Հրապարակ»․ Փաշինյանն անձամբ է Շահրամանյանին հորդորել ստորագրել լուծարման հրամանագիրը

Երկու օր մեր կայքն աննախադեպ կիբերհարձակման էր ենթարկվել, որի արդյունքում չէր գործում․ 15 տարվա մեր գործունեության ընթացքում նման բան չէր եղել, որ hraparak.am-ը չգործի։ Նման հարձակումներ, մեզ ասացին, որ իրականացվել են ռուսական կայքերի վրա, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի պահին եւ միայն պետական կառույցների աջակցությամբ են հաղթահարվել։ 

«Հրապարակը» մեն մենակ էր պայքարում այդ հարձակման դեմ, որին պետական կառույցները ոչ միայն որեւէ կերպ չաջակցեցին, այլ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ արշավը նախաձեռնվել եւ կազմակերպվել է հենց պետության ներկայացուցիչների՝ իշխանությունների կողմից։

Այս օրերին մենք եւ մեր ընթերցողները փորձում էինք գուշակել, թե ինչն է այս հարձակման առիթը հանդիսացել (պատճառը հասկանալի է՝ «Հրապարակի» գործունեությունն է առհասարակ)։ Ո՞ր հրապարակումներն են մղել նման աննախադեպ եւ որ ամենակարեւորն է՝ խիստ ծախսատար արշավը կազմակերպելուն։

Մեր ընթերցողների եւ փորձագետների օգնությամբ փորձել ենք առանձնացնել վերջին օրերի նման հրապարակումները եւ ընթերցողների խնդրանքով՝ որոշել ենք վերահրապարակել։ 

Դրանցից մեկը, ըստ փորձագիտական խմբի, այս հրապարակումն է եղել․

Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն  իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին եւ անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։

Մասնավորապես, երբ ադրբեջանցիներն արցախցիներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք արտացոլված էին Արցախի լուծարման որոշման մեջ, այն է՝ պետական ինստիտուտների, բանակի լուծարում, զենքերի հանձնում, Շահրամանյանը կապ է հաստատել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ նրա միջնորդությամբ մեկ եւ եզակի անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, ով էլ հորդորել է՝ անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք։