Նախագահի ուղերձը

Նախագահի ուղերձը

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ նրան շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձում առանձնանում է մի շեշտադրում՝ Բակո Սահակյանը բարձր է գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումն արցախյան ազատամարտի կազմակերպման գործում: Սա շատ սկզբունքային արժեւորում է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Արցախից հնչում է առաջին անգամ:

Բակո Սահակյանն, այսպիսով, նախ ավանդույթ է ձեւավորում, որ նրա հաջորդն անկասկած շարունակելու է, ապա եւ ցրում որոշակի շրջանակներից պատմության վերախմբագրման, առաջին նախագահի դերը նսեմացնելու փորձերը: Այդ ուղերձը, կարելի է վստահ լինել, սկզբնավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմա-քաղաքական կերպարի նոր ընկալում: Հատկապես՝ Արցախում, որտեղ անցած երկու տասնամյակներին ոմանք հետեւողականորեն այն վերաբերմունքն են կուլտիվացրել, որ պատերազմի հաջողությունները եղել են ի հեճուկս Տեր-Պետրոսյանի: Արցախի նախագահը փակեց այդ շահարկումները: Ընդ որում՝ ժողովրդի անունից:

Ազգային համախմբման եւ համերաշխության ջատագով լինելով էությամբ եւ քաղաքական հավատամքով՝ Արցախի նախագահն, այսպիսով, սահմանեց պատմությունն անձնական նախասիրություններից դուրս, անաչառորեն գնահատելու չափազանց կարեւոր եւ մեր հետագա ընթացքին խիստ անհրաժեշտ նշաձող: Իրականության երկու՝ հայաստանյան եւ արցախյան, եզրերն այդ ուղերձով ի մի բերվեցին, ամբողջացվեցին: Մնում է գոյաբանորեն իմաստավորել այդ կարեւորագույն հիմքը եւ դրա վրա կառուցել ապագայի պատկերացումները: Պատմությունն, անկասկած, ըստ արժանվույն կգնահատի Արցախի նախագահի քաղաքական իմաստնությունը: