Ինձ ծեծի ենթարկողներն ինձ անձնապես չեն ճանաչում, կնշանակի` եղել է քաղաքական պատվեր

Ինձ ծեծի ենթարկողներն ինձ անձնապես չեն ճանաչում, կնշանակի` եղել է քաղաքական պատվեր

Այսօր տեղեկացանք, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախկին դեսպան Էդգար Ղազարյանի առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ընդդիմադիր գործիչն իր իսկ տան բակում անհայտ անձանց կողմից դաժանաբար ծեծի էր ենթարկվել: Վերջինս դեպքից անմիապես հետո նշել է, որ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակով` Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

 
Քննչականի տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ Առինջ գյուղի 31-ամյա բնակիչը, 37 և 48-ամյա համագյուղացիների հետ համաձայնության գալով Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքի շուրջ, խմբի կազմում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 48-ամյա համագյուղացու կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են տուժողի` Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով նրան: Ժամը 11:24-ի սահմաններում, երբ Ղազարյանը վերադարձել է տուն, 31 և 37-ամյա տղամարդիկ շենքի բակում հետևից մոտեցել և, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխի, դեմքի շրջաններին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով վնաս և դիմել փախուստի:
 
Քննությամբ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը ոչ միայն օժանդակել է համագյուղացիներին՝ հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով միջոց տրամադրելով, այլև Էդգար Ղազարյանի նկատմամբ գործադրված բռնության ողջ ընթացքը նկարահանել է բջջային հեռախոսով, որից հետո նույնպես դիմել է փախուստի: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդուն՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
 
37-ամյա տղամարդու մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Էդգար Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Քննչականի տարածած այս հաղորդագրությունն առնվազն տարակուսելի է, քանի որ խոսք անգամ չկա, թե ովքեր են հանցագործության պատվիրատուները: Ղազարյանի պնդմամբ` եթե հանցագործներին չի ճանաչում, որևէ կերպ երբեք նրանց հետ չի առնչվել, դա նշանակում է մեկ բան, որ տեղի է ունեցել քաղաքական պատվեր: Ղազարյանը համոզված է, որ պատվիրատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եւ իրավապահների կողմնակալ գործողությունները պայմանավորված են հենց դրանով.
 
«Ես գոհ կլինեմ մեկ դեպքում, երբ բացահայտվի հանցագործությունը: Ես ծանոթացել եմ նախաքննության նյութերին, որից պարզ է դարձել, որ նախաքննական մարմինն անգամ չի քննարկել հանցագործության հիմնական բաղադրիչը` պատվիրատուների հանգամանքն ու նրանց բացահայտելը: Այս հանցագործությունն ունի երկու բաղադրիչ` պատվիրատուներ և իրագործողներ, նախաքննությամբ ապացուցվել է այդ վարկածը, քանի որ ինձ ծեծի ենթարկողներն ինձ անձնապես չեն ճանաչում, որևէ կերպ շփում չեմ ունեցել նրանց հետ, այսինքն` անձնական, ֆինանսական, կենցաղային կապի գործոնը բացառվում է: Անգամ նրանցից մեկի հետ առերեսում է եղել, իսկ դա ապացուցում է այն հանգամանքը, որ իմ դեմ բռնությունը պայմանավորված է բացառապես իմ հասարակական-քաղաքական գործունեությամբ: Այն, որ կարող էր էմոցիայի ազդեցության տակ դեպքը տեղի ունենալ, դա ևս հերքված է, քանի որ նախապես պլանավորել են, մեքենա են վերցրել, եկել են շենքի բակ, սպասել են ու առանց ինձ հետ որևէ բառ փոխանակելու` ինձ բռնության են ենթարկել: Ասեմ, որ ինձ սպանելու մտադրություն են ունեցել, նախաքննությամբ ապացուցվել է, որ նրանց չի հաջողվել իրենց մտադրությունը կյանքի կոչել, որովհետև դեպքի վայրում այլ մարդիկ են հայտնվել և իրենց գործը չեն կարողացել ավարտին հասցնել: Նրանք անդադար հարվածներ էին ինձ հասցնում, անգամ այն պարագայում, երբ ինձ մոտ արյունահոսություն էր սկսվել: Դա մեկ բան է նշանակում, որ ինձ ծանր վնասվածք հասցնելու, կամ սպանելու մտադրություն է եղել: Սակայն վարույթ է հարուցվել թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
 
Գործի նյութերը վկայում են, որ իրավապահները դեպքից տևական ժամանականց են տեղեկություն տվել հանցագործությունը կատարած անձանց մասին, դեպքից երկու օր անց իմացել են այն մեքենայի համարանիշները, որով եկել են ինձ ծեծի ենթարկելու, սակայն հանցագործներին նախաքննության են հրավիրել 2023 թվականի հունիսի 16-ին` համարյա մեկ տարի անց: Այդ մարդիկ մինչ օրս ազատության մեջ են: Մեկը փախուստի է դիմել, մյուս երկուսը` երկրից չհեռանալու վերաբերյալ ստորագրություն են տվել, այն դեպքում, երբ կատարվել է նման հանցագործություն», - նշում է Ղազարյանը: