Չնայած ԲՀԿ-ն մերժել է, «Ոչ»-ի շտաբը կկարողանա լրացնել 4000-ից ավելի տեղերը

Չնայած ԲՀԿ-ն մերժել է, «Ոչ»-ի շտաբը կկարողանա լրացնել 4000-ից ավելի տեղերը

Ինչպես հայտնի է՝  ԲՀԿ-ն, ըստ էության, մերժել էր «Ոչ»-ի քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանին, որը դիմել էր ԱԺ ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցություններին՝ խնդրելով տրամադրել հանձնաժողովի լիցենզավորված անդամներ, որպեսզի ընտրական հանձնաժողովում «այո»-ի հետ միասին անդամներ նշանակելու հնարավորություն ունենան։
«Հրապարակին»  Ռուբեն Մելիքյանը հայտնեց․« Մեր ունեցած հնարավորությունները լրիվ բավարար են լրացնելու համար։ Մեզ դիմել են հարյուրավոր  քաղաքացիներ, գումարած՝ մյուս ուժերը, մենք վստահ ենք, որ կարողանալու ենք մեզ հասանելիք  բոլոր 4016 տեղերը պատշաճ ձևով  լրացնել»։
Հիշեցնենք, որ համաձայնություն էին տվել ԼՀԿ-ն ու ՀՅԴ-ն, և Մելիքյանը տեղեկացրեց, որ երեկ համաձայնություն է տվել նաև ՀՀԿ-ն։

Պարոն Մելիքյանին խնդրեցինք մեկնաբանություն տալ «Այո»-ի լոգոյի հետ կապված սկանդալի հետ կապված։ Նա ասում է, որ պատշաճ չի համարում մեկնաբանություն տալը, քանի որ դա համարում է «Այո»-ի քարոզչական կողմի ներքին գործը։«Մեծ հաշվով, բայց կարծում եմ՝ այս պատմությունից քաղաքացիները կարող են նաև որոշակի հետևություններ անել»։
Եվս մեկ հարց՝ ո՞ւնի «Ոչ»-ը  «Այո»-ի հավաքած 205 միլիոն դրամի չափ գումար։ Մելիքյանը ծիծաղում է, մեկնաբանում, որ «հետաքրքիր է հարցը ձևակերպված» ու ավելացնում՝ պատասխանն է՝ ոչ։

«Ոչ»-ը  «կոնտր» դրամահավաք չի անի, ոչ էլ նախատեսում են ինքնուրույն հավաքել այդ գումարը։ «Եվ այն ուժերը, որոնք կորոշեն օգտվել մեր հարթակներից՝ վճարովի եթերաժամ, վահանակներ  և այլն, ապա նրանք ապահովելով դրա ֆինանսական կողմը՝ այդ հնարավորությունը կստանան»։
Մելիքյանը կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ չնայած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով քարոզչության համար առավելագույն սահմանաչափ է նախատեսված է 100 միլիոն դրամը, հավաքվել է 205 միլիոն։ Ինչպես հայտնի է՝ հրավիրատոմսերում նշված է եղել հանրաքվեի դրամահավաքի վերջին պահին ձևակերպվել է որպես ՔՊ-ի համար քարոզչություն։ Եվ «Ոչ»-ը  առաջարկում է, որ հավաքված գումարի ավելի մասը՝ մոտ 105 միլիոնը փոխանցվի պետբյուջե։