Ի՞նչ եղավ Չինաստանի հետ վիզայի ազատականացումը

Ի՞նչ եղավ Չինաստանի հետ վիզայի ազատականացումը

Այս տարվա մայիսի 14-16-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ պատվիրակությամբ, Չինաստան այց կատարեց, որից հետո հայտարարվեց, որ պատմական ձեռքբերում ունեն՝ հայ-չինական այցելությունների հարցում վիզաների ազատականացման առումով։ Այսինքն՝ Չինաստան մեկնելու համար այլեւս մեզ վիզա ունենալ պետք չէ, ինչպեսեւ չինացիներին պետք է Հայաստանից վիզա ստանալ մեր երկիր այցելելու համար։ Բարձր նոտաներով եւ հերոսական կեցվածքով հայտարարվեց այս հաջողության մասին։ Ապա մայիսի 23-ին կառավարությունն իր նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Իսկ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր: Դրանք վավերացրին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին։ Ստորագրված փաստաթղթերը մասնավորապես վերաբերում էին երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացմանը, ՀՀ եւ ՉԺՀ միջեւ արտահանձնման գործընթացին: 

Հուլիսի 11-ին էլ ՀՀ կառավարության նիստում արդեն ընդունվեց «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս գործընթացի մասին խոսեց անգամ արտգործնախարարը՝ Ազգային ժողովում․ «Մենք այս շրջանում կարողացանք շոշափելի արդյունք ունենալ․ վիզաների ազատականացման պայմանագիրը դյուրացնելու է շփումը բոլոր մակարդակներով։ Մենք առեւտրաշրջանառության ընդլայնվող ծավալ ունենք, ավելի մեծ հնարավորություններ՝ մեր արտադրանքն արտահանելու Չինաստան։ Ունենք ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը եւ այլն»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է արվել Չինաստանի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ, արդյոք արդեն այս որոշումն ուժի մե՞ջ է եւ կիրառվո՞ւմ է։ Պարզվեց՝ դեռ ոչ։ Թեպետ ՀՀ կառավարությունն ընդունել է համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, սակայն որեւէ տեղաշարժ այդ հարցում դեռեւս չկա։ 

Մենք տեղեկացանք, որ նախագիծը տեւական ժամանակ է՝ գտնվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Ղալթաղչյանի մոտ։ Թեեւ նախատեսված է եղել ավելի վաղայն  ուղարկել Սահմանադրական դատարան՝ հաստատման, սակայն, չգիտես ինչու, գործընթացը սառեցված է։ Փորձեցինք կապ հաստատել Ղալթաղչյանի հետ, սակայն նրա գործավարուհին պատասխանեց, որ նա նիստի է եւ չի կարող մեր հարցին պատասխանել։
ԱԳՆ-ից էլ հարցի վերաբերյալ պարզաբանեցին․ «Ներկայումս ընթանում են վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, որոնց ավարտը նախատեսվում է գալիք ամիսներին՝ ԱԺ-ի կողմից»։

Դիմեցինք նաեւ Սահմանադրական դատարան՝ տեղեկանալու՝ արդյոք իրենք ստացե՞լ են նախագիծը, եւ ի՞նչ որոշում է կայացվել։ ՍԴ-ից մեզ հայտնեցին՝ ՍԴ-ն այն ստացել է օգոստոսի 21-ին։ Ըստ ընթացակարգի՝ պետք է այն մակագրվի զեկուցող դատավորին, որոշում կայացվի վարույթ ընդունելու վերաբերյալ, ապա նշանակվեն նիստի օր ու ժամ։ ՍԴ-ից դժվարացան պատասխանել՝  արդյոք որեւէ դատավորի մակարգրվե՞լ է գործը, թե՞ ոչ։ Իսկ երբ ՍԴ-ն եզրակացնի, որ այս համաձայնագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, այն կուղարկվի ԱԺ՝ վավերացման։ 
Մի խոսքով՝ 3 ամիս է անցել հպարտ հաշվետվություններից, բայց գործի ավարտը դեռ չի երեւում։