Պարզաբանում

Պարզաբանում

Երեկ տեղեկացրել էինք, որ Գլխավոր դատախազության տարածած հաղորդման  համաձայն՝ քրեական գործ է հարուցվել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում առերևույթ չարաշահումների մասին։ Նյութում տեղադրել էինք դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ, առևերույթ մեղադրանքների մասով և ավելացրել բուհի  տնտեսական գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանի մեկնաբանությունը այն պնդումներին, որոնք բացառապես վերցված էին դատախազության հաղորդագրությունից։ Նաև ենթադրություն, անուղղակի՝ ակնարկով զարմանք էինք հայտնել, թե ի՞նչ հարցով էր բուհի ռեկտորատը երեկ առցանց նիստ անում։ Այսօր ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից ստացանք պարզաբանում, որը վերաբերում էր ինչպես մեր բարձրացված հարցին, այնպես էլ նյութում՝ Դատախազության հաղորդման հիման վրա ներկայացված առևերևույթ չարաշահումներին։  Ի դեպ, վերջում կար մի անհասկանալի ու անհասցե նախադասոթյուն, որով հիշեցվում է սուտ մատնության մասին և  որը վերաբերում է բուհի ռեկտորի որդուն։ Նշենք, որ այդ հատվածը ևս բացառապես պաշտոնական հաղորդագրությունից է ու տպավոորություն է, որ բուհի ղեկավարությունը ռիսկ չի անում կպնել Դատախազությանն ու  Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սպառնում է մամուլին, որը այն ստացել է ու կարող էր տպագրել նաև առանց երկորրդ կողմի մեկնաբանության։

Ներկայացնում ենք բուհի պարզաբանումը։

 

 «Հրապարակ» օրաթերթը, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը, 
«Մանկավարժականում ռեկտորատի նիստ են անում, իսկ մեղադրանքի մասին էլ ոչ մի խոսք» վերնագրով հոդված է հրապարակել, որի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ լրագրողի կողմից կասկածելի շեշտադրումով՝ «այս արտակարգ դրության ու կարանտին օրով՝ ռեկտորատի մոտ 2 ժամ տևած նիստը» օն լայն էր, այսինքն, տեսակապի միջոցով և վերաբերում էր բացառապես հեռավար կրթության անցման փուլում հնարավոր խնդիրների քննարկմանը։ (Տեսագրությունը առկա է, ըստ անհրաժեշտության կարող ենք ներկայացնել):
Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա, այն նյութերը, որոնք դեռ ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության տիրույթում են, հուսով ենք բազմակողմանի և անաչառ քննության կենթարկվեն, իսկ մենք տեղեկացնենք, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը 2016 և 2019 թթ․ երկու ընկերությունների հետ մաքրման ծառայությունների ձեռք բերման նպատակով պայմանագրերը կնքել է գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության նորմերին ու պահանջներին համապատասխան կազմակերպված գնումների գործընթացի արդյունքում։ Այն հանգամանքը, որ նշված ընկերությունները  գնման գործընթացում կամ պայմանագրի գործողության ընթացքում թույլ են տվել խախտումներ, որոնք մանրամասն շարադրված են հաղորդագրությունում և որոնց հիմքով հարուցվել է քրեական գործ, և որանք դեռևս պետք է հիմնավորվեն քրեական գործի շրջանակներում կատարվող քննությամբ, վերաբերում են միմիայն այդ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությանը, և Մանկավարժակսն համալսարանի համար թե՛ հարկային, և թե՛ իրավական հետևանքներ չեն առաջացնում։ 
Հրապարակված նյութում հատուկ անդրադարձ կար համալսարանի 
ռեկտորի որդուն և նրա «երևակայական» գործունեությանը։ Տեղեկացնում ենք, որ այս շահարկումը բացարձակապես անհիմն է. ռեկտորի որդին 2012 թվականից ի վեր սովորել, ապա և ապրում ու աշխատում է ՀՀ սահմաններից դուրս՝ Դանիայում։ Եվ երբևէ որևէ իրավաբանական առնչություն չի ունեցել  «Դպրոց» ՍՊԸ- ի հետ։ Իսկ իրականությանը չհամապատասխանող ցանկացած հայտարարություն,  զրպարտություն ենթակա է քրեական հետապնդման՝ համաձայն ՀՀ քրեական  օրենսգրքի N 333 (սուտ մատնություն) հոդվածի։ 
 
 
ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն