Գագիկ Խաչատրյանի խաղաքարտն էլ օգտագործեցին՝ ո՞վ է հաջորդը

Գագիկ Խաչատրյանի խաղաքարտն էլ օգտագործեցին՝ ո՞վ է հաջորդը
Գգաիկ Խաչատրյան

Շատ պարզունակ սխեմա է աշխատում՝ արդարադատությունը գործում է միայն նրանց նկատմամբ, ովքեր հանրային գիտակցության մեջ բացասական ընկալում ունեն, ում դեմ տարիներ շարունակ հրապարակումներ են արել լրատվամիջոցները՝ ակամայից նպաստելով, որ նրանք դառնան թիրախ պոպուլիստ իշխանությունների համար։ Անցյալում էլ էր այս պրիյոմը կիրառվում՝ Վարդան Ղուկասյանին ու նրա մերձավորներին պատժում էին, Լիսկային ու Հովիկ Աբրահամյանին գործից հանում, Սաշիկին խորհրդարան չէին մտցնում, որ պարպեն հասարակական դժգոհության պաշարը եւ օդը բաց թողնեն։

Բայց այդ քայլերը, որպես կանոն, կարճաժամկետ ազդեցություն էին ունենում։ Մանավանդ որ Վարդան Ղուկասյանին փոխարինում էր Սամվել Բալասանյանը, ումով էլ հանրությունն առանձնապես հիացած չէր, Լիսկային՝ Վահե Հակոբյանը, ով գոնե աշխատանքը կազմակերպելու հարցերում զիջում էր Լիսկային, իսկ Հովիկ Աբրահամյանին փոխարինած վարչապետն էլ մեծ տնտեսական աճ չէր արձանագրում, եւ մի կես տարի անց ժողովուրդը հասկանում էր, որ գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում։

Մեկ տարի առաջ իշխանության եկած երիտասարդները, թվում է, ուրիշ սկզբունքներով պետք է աշխատեին՝ ոչ թե մարդկանց աչքին թոզ փչելու, ոչ թե պոպուլիստական կարճաժամկետ քայլեր անելու, այլ խորքային բարեփոխումների, երկրում մթնոլորտ փոխելու, նոր աշխատաոճ թելադրելու առումով։ Պարզվեց՝ նորերը ոչ մի նոր բան ունակ չեն մտածելու, քան հների արածները կատարելագործելն է։ Նրանք պապից ավելի կաթոլիկ գտնվեցին եւ գնացին խոտոր ճանապարհով՝ ամբոխահաճո քայլեր ու հայտարարություններ անելու, հանրային բացասական ընկալում ունեցող անձանց բռնելու-պատժելու, շոուներ-տեսարաններ կազմակերպելու ճանապարհով։ Եվ ոչ մի կոնկրետ քայլ ու փոփոխություն, որը կբերի զարգացման, կբարելավի մեր ժողովրդի սոցիալական վիճակը։
Պարզվեց՝ աշխատավարձերի բարձրացման մասին խոսակցությունները բլեֆներ են՝ ոչ մեկի աշխատավարձն էլ ռեալ չի բարձրացել, իսկ եթե անգամ մի չնչին բարձրանում է, ապա՝ կրճատումների եւ նոր գործազուրկների հաշվին։ Պարզվեց՝ օրական մի խոստում ու հայտարարություն են անում, որոնք մնում են թղթի վրա։ Պարզվեց՝ որտեղ մի փոքրիկ դիմադրություն են տեսնում, արագ նահանջում են ու հրաժարվում իրենց մտադրությունից։ Ինչպես արեցին վեթթինգի, անցումային արդարադատության, Ստամբուլյան կոնվենցիայի, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու, ինչպես նաեւ Ամուլսարի եւ բազում այլ հարցերում։

Բայց անշեղորեն շարունակում են քրեական հետապնդումների շարքը, չնայած այս հարցում էլ են նահանջում, եւ այսօր, մեծ հաշվով, բանտում միայն երկու անձ կա՝ Մանվել Գրիգորյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի․ իրենց պատկերացումների մեջ այս երկու անձն ամենից շատ բացասական ընկալումն ունեն, ուստի նրանք պետք է բանտում լինեն։ Մյուսները, որոնց նկատմամբ պարբերաբար հաղորդագրություններ են տարածում՝ այսինչն այսքան է յուրացրել, այնինչն այնքան չարաշահում է կատարել, արդարություն հաստատելու պատրանք ձեւավորելու եւ «կուլակաթափ» անելու նպատակ են հետապնդում։ Ընդ որում, եթե ոմանց, ասենք՝ Արմեն Ավետիսյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Սերժի Վաչոյի դեպքում հրապարակվեցին բյուջե մուծված կամ նվիրաբերված գույքի ու գումարի չափերը, ապա մյուսների պարագայում քար լռություն է։ Չնայած չար լեզուներն ասում են, որ Գագիկ Բեգլարյանը, Արամ Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Խաչատրյանը եւ շատ ուրիշներ «մուծվել» են համապատասխան անձանց։ Թե ուր են գնացել այդ փողերը, եւ ինչ է կատարվել նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ, քչերին է հայտնի։
Նոր իշխանությունը մի կողմից զգաց «փողի» համը եւ տարբեր անձանց վզին դրեց տարբեր գումարներ, եւ նրանք հնազանդորեն սկսեցին վճարել այդ գումարները՝ ազատության դիմաց։ Մյուս կողմից՝ մտադիր չէ հրաժարվել հրապարակային արդարադատության գաղափարից եւ իրեն աջակցող զանգվածներին պատրաստվում է նոր տեսարաններ մատակարարել։

Այս տեսարանների շրջանակներում էին պատրաստվում կալանավորել Սերժ Սարգսյանին, սակայն աղմուկը, հավանաբար, դեր խաղաց, եւ խուսափեցին միանգամից երկու նախկին նախագահ բանտում պահելու մտադրությունից։ Սակայն Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի թեման հարկավոր է «ջրել», ուստի գնաց փնտրտուք՝ ո՞վ կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին, որ գրեթե նույնքան ազդեցիկ լինի եւ նույնքան բացասական ընկալում ունենա հանրային շրջանակներում, ինչքան ՀՀ երկրորդ նախագահը, եւ նրան վերցնելն էլ ռումբի դեր խաղա ու հանրային ուշադրությունը շեղի երկրի բուն խնդիրներից եւ բացակայող բարեփոխումներից։ Այս առումով ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ, մեծ կարողություններ ունեցող Գագիկ Խաչատրյանի թեկնածությունն իդեալական է։

Վստահ ենք, որ այս թեկնածությունն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի տանդեմի կողմից, մանրակրկիտ մտածված է եւ տեղավորվում է վերը նշված խնդիրների շրջանակներում։ Պարզապես նրան վերցնելը իշխանությունները ծրագրել էին իրականացնել ավելի ուշ, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հանրությունն «արյուն» է ուզում եւ նոր տեսարաններ։

ՀԳ․ Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ԱԱԾ-ից հաղորդագրություն ստացանք այն մասին, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները ձերբակալվել են։ «Դեռեւս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տեւական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաեւ վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում եւ բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում եւ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական»։


Ցոլակ ԳՐԻԳՈՐՅԱՆ
քաղաքագետ