Իշխանությունն արդեն պատրա՞ստ է լսել Սերժ Սարգսյանի կողմից կաշառված մարդու կարծիքը

Իշխանությունն արդեն պատրա՞ստ է լսել Սերժ Սարգսյանի կողմից կաշառված մարդու կարծիքը

Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանություններն իրենց երազանքների Սահմանադրական դատարան ունենալու հարցով օրերս դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի ՍԴ-ի հարցը լուծվի ոչ թե հանրաքվեով, այլ՝ Ազգային ժողովում։ Չնայած դրան, կարծես թե չեն շտապում հանրաքվեի հարցով «վայր դնել բոլոր զենքերը»։ Ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսի համաճարակը խափանեց բարձր դատարանի հետ կապված իշխանությունների պլանները՝ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն չկայացավ, քանի որ երկրում մարտի կեսերից հայտարարվեց արտակարգ դրություն, երկու անգամ երկարացվեց, իսկ արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ գործող օրենսդրությունն արգելում է հանրաքվեի անցկացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր առցանց ասուլիսի ընթացքում էլ ասաց․ «Առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել»։ Բանն այն է, որ հանրաքվեն չեղարկելու իրավական ճանապարհ չկա․ սա է գործող օրենսդրության պահանջը, եթե, իհարկե, օրենսդրական փոփոխություններ չձեռնարկեն։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, այն կքննարկվի մայիսի 23-ին նշանակված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ապա՝ մյուս շաբաթ մեկնարկող հերթական քառօրյայում։ Պատգամավորն առաջարկում է կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումներ ու ընթացակարգեր, ինչը գործող օրենքի բացն է, սակայն չկա հստակեցում, որ եթե արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո նշված հարցն արդեն իսկ կարգավորվել է, այսինքն՝ ՍԴ-ի հարցի լուծումն այլեւս ոչ թե հանրաքվեով է լինելու, այլ խորհրդարանն  է տալու, ապա ինչպե՞ս է չեղարկվելու հանրաքվեն։ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտի 30-ին, գուցե այդ ժամանակ իշխանությունները վերջնականապես չէի՞ն հրաժարվել հանրաքվեի մտքից եւ նշված կարգավորման մասին կմտածեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կամ գուցե չե՞ն շտապում հանրաքվեն օրենքով չեղարկելու մեխանիզմներ ներդնել՝ կասկածներ ունենալով, որ Վենետիկից իրենց ցանկալի պատասխանը կստանան։ Կամ էլ կա երրորդ ճանապարհը՝ իշխանության համար ոչ հաճելի զարգացումների դեպքում մեկ տարի ձգել արտակարգ դրությունը եւ մեկ տարի անց հանրաքվե անցկացնել։ 

Մենք այս հարցերի վերաբերյալ չկարողացանք լսել նախագծի հեղինակին, նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին։ Ինչ վերաբերում է առաջարկվող մյուս փոփոխություններին, ապա նկատենք, որ ռացիոնալ լուծում են գտել, եւ հանրաքվեի ընդհատված քարոզարշավն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո շարունակվում է ոչ թե նոր տողից, այլ այն կետից, որից  դադարեցվել է։ Հիշեցնենք, որ գործող օրենքի համաձայն՝ կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: 

Բացի այդ, պատգամավորը ցանկանում է ամրագրել, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են՝ մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովին դիմելու քայլը խորհրդարանական «Իմ քայլում» դեպրեսիվ են ընդունել, քանի որ ընդամենն ամիսներ առաջ, երբ իշխանություններին քննադատում էին հանրաքվեի նախագիծը Վենետիկ չուղարկելու հարցում, իշխանական պատգամավորներն այդ կառույցին սեւացնելու մարաթոն էին հայտարարել, իսկ Վահագն Հովակիմյանը ոչ միայն կասկածի տակ դրեց այդ կառույցի եւ նրա նախագահի անաչառությունը, այլեւ ակնարկեց Ջիանի Բուքիքիոյի կաշառվածության մասին։ «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածներն ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարեւորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»,- ասել էր նա: Փաստորեն, իշխանությունն իր երազանքների ՍԴ-ն ունենալու համար պատրաստ է նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից կաշառված մարդու կարծիքն ընդունել։