Մակրոնի գլխավոր մրցակից Մարին Լը Պենին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Մակրոնի գլխավոր մրցակից Մարին Լը Պենին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է, որ մտադիր են քրեական գործ հարուցել ֆրանսիական ծայրահեղ աջ առաջնորդ Մարին Լը Պենի և նրա 27 համախոհների դեմ։ 

Գերատեսչությունում կարծում են, որ նրանք չարաշահել են Եվրամիությունից ստացված միջոցները։ Գործ հարուցելու մասին որոշումը կկայացնի դատարանը։

Տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի դատախազությունը յոթ տարի է անցկացրել՝ հետաքննելով 2004-ից 2016 թվականներին Եվրախորհրդարանի անդամների օգնականների աշխատանքի համար հատկացված ԵՄ գումարների չարաշահման գործը։ Այժմ իրավապահները պնդում են, որ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամները (նախկինում՝ Ազգային ճակատ․ Մարին Լը Պենը ղեկավարում էր այն մինչև 2022 թվականի նոյեմբերը) այդ միջոցներն օգտագործել են իրենց հայեցողությամբ՝ հենց կուսակցության աշխատակիցներին վճարելու համար: Այն գումարը, որը կարող էր անտեղի ծախսվել ֆրանսիական աջերի կողմից, չի հրապարակվում։

Բացի Մարին Լը Պենից, գործը վերաբերում է նրա 95-ամյա հորը՝ Ժան Մարի Լը Պենին, որը եղել է Ազգային ճակատի նախկին երկարամյա առաջնորդ, ինչպես նաև կուսակցության մի շարք ղեկավարների ու անդամների։
Դատախազությունը կարծում է, որ Մարին Լը Պենին և նրա համախոհներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 1 մլն եվրո տուգանք։ Բացի այդ, նրանց կարող են հինգից տասը տարով արգելել պետական ​​պաշտոններ զբաղեցնելը։ 

Մարին Լը Պենը ժողովրդականությամբ առաջ է անցել սեփական հորից. «Ազգային միաբանությունն» այժմ ունի 89 մանդատ Ֆրանսիայի խորհրդարանում և 79-ից 23 մանդատ ՝ Եվրախորհրդարանում պետական ​​քվոտայով: 
2022 թվականին նա մասնակցել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին և հասել երկրորդ փուլ, որտեղ պարտվել է Էմանուել Մակրոնին։