«Հրապարակ». «Սուրմալուն» 3-րդ օրն է՝ ծխում է. «Կյանքներս դրած՝ աշխատում ենք, ի՞նչ եք ուզում դուք մեզնից»

«Հրապարակ». «Սուրմալուն» 3-րդ օրն է՝ ծխում է. «Կյանքներս դրած՝ աշխատում ենք, ի՞նչ եք ուզում դուք մեզնից»

Արտակարգ իրավիճակների ժամանակ կա «դեպքի վայրի տեր» հասկացություն, այսինքն՝ ո՞րն է դեպքի վայրի տեր պետական մարմինը, ինչպե՞ս է համակարգվում աշխատանքը, եւ ում ինչ հրամաններ է տալիս։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որն արդեն երրորդ օրն է՝ ծխում է, դեպքի վայրի տեր չկա։ Տարածված տեսանյութերում մենք տեսանք բազմաթիվ պաշտոնյաների, որոնք եկել կանգնել էին, ամեն մեկը՝ իր «ախրաննիկով», եւ հասկանալ, թե ով ինչ է անում, եւ ինչու են աշխատանքները դանդաղ ընթանում, հնարավոր չէր։ 

«Խնդիրը ոչ թե փրկարարների քանակն է, այլ՝ անվտանգությունը»․ Արմեն Գասպարյան
 Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այդքան մարդ, պաշտոնյաներ, կամավորներ առանց դիմակի, առանց սաղավարտների գան այդտեղ, տարածքի տերն ԱԻՆ-ը չէ՞․ այս հարցն ուղղեցինք արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին։ «Ոչ,- պատասխանեց նա,- տարածքի տերն ԱԻՆ-ը չէ։ ԱԻՆ-ն ընդամենը իրականացնում է որոնողական աշխատանքները, կարգուկանոնը պահպանում է ոստիկանությունը»։ Քանի՞ փրկարար է պետք «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքը հրդեհից հետո մի քանի ժամում մաքրելու, տուժածներին գտնելու եւ դուրս բերելու համար, եւ արդյոք բավարա՞ր էին ձեր ուժերը։

Ըստ Արմեն Գասպարյանի՝ խնդիրը ոչ թե փրկարարների քանակն է, այլ՝ անվտանգությունը։ «Շենքը վթարային է եւ ամեն րոպե փլուզման ենթակա, եւ, բացի դա, մենք պետք է այդտեղ հետախուզում անենք, ազատվենք ծանր բետոնե կոնստրուկցիաներից, որ կարողանանք առաջ գնալ։ Իսկ դրա համար ինժեներական աշխատանքներ ենք անում»։ Նա վստահեցրեց, որ տեղում կան բավարար փրկարարներ, սակայն հրաժարվեց հայտնել, թե քանի մարդ է աշխատում՝ պատճառաբանելով, թե տեղը «խառն» է։ Ներում ենք։ 

Փրկարարների տնօրենի մասին ասում են` «խելացի տղա» է, բայց նախկին ոստիկան է, նրան նոր են բերել համակարգ։ Բարդ իրավիճակում նա կարող է եւ չկողմնորոշվել, մանավանդ, որ կողքը գալիս կանգնում, կամերաների առաջ նկարվում է նախարարը` Արմեն Փամբուխչյանը, որը նույնիսկ ոստիկան էլ չէ, այլ ՔՊ հիմնադիր անդամ։ Նա վարկերի մասնագետ է եղել, երկար ժամանակ աշխատել է «Ֆինքա», «Մոգո» վարկայիններում, «Անելիք» բանկում, որի տեսած ամենամեծ արտակարգ իրավիճակը խնդրահարույց, բանկին քցող հաճախորդն է եղել։ 

Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե հանկարծ, Աստված մի արասցե, երկրաշարժ լինի Երեւանում
Մեր տեղեկություններով, մինչեւ 1000 հրշեջ փրկարար է գործում Երեւանում եւ մոտ 3 հազար՝ ընդհանուր, այսինքն՝ մարզերն էլ հետը։ Եթե հաշվի առնենք, որ դրանց մի մասը պետք է մնա տեղում, այլ` հնարավոր աղետներին հակազդելու, ստացվում է, որ մի 500-600 փրկարար է աշխատում Արշակունյաց 15-ում։ Ըստ ԱԻՆ ներքին աղբյուրի, Երեւանում ունենք մոտ 400 գերպրոֆեսիոնալ հրշեջներ, որոնք կարող են աշխատել աշխարհի ցանկացած կետում եւ ամենաբարդ պայմաններում։ 

Եթե կա այդպիսի թիմ, ինչո՞ւ է այսքան դանդաղ առաջ գնում աշխատանքը։ «Ամեն ինչ կախված է պլանավորումից։ Որտե՞ղ կլինեն տուժածները, կոպիտ ասած՝ քանի՞ պանել կա ճանապարհին, որը ինչ դիրքով է, ինչ տեխնիկա մտցնել՝ հազար նրբություն կա, բայց որ արդեն պետք է վերջացրած լինեին աշխատանքը, իհարկե, անվիճելի է»,- ասում է ԱԻՆ բարձրաստիճան աղբյուրը։ 
Երրորդ օրն է արդեն, աշխատանքները «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ավարտված չեն։ Տարածքում, թեկուզ կողքով անցնելիս, մենք չենք տեսնում ինտենսիվ գործողություններ, եւ երեւանցիների մոտ բնական հարց է առաջանում՝ եթե մեկ աղետյալ շենքն է այսքան բարդություններ առաջացրել, ի՞նչ կլինի մեզ հետ, եթե հանկարծ, Աստված մի արասցե, երկրաշարժ լինի Երեւանում։ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կառուցվածքների եւ սեյսմակայունության կենտրոնի վարչության պետ Զավեն Խլղաթյանը չի շտապում մեզ մխիթարել, բայց սլաքներն ուղղում է հասարակ քաղաքացուն։

«Դա փրկարարների ոլորտն է, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ճիշտ է, չակերտների  մեջ՝ մենք պատրաստված չենք, բնակչությունը պատրաստված չէ, առաջինը խոսենք բնակչությունից։ Անկանոն ձեւով են իրենց պահում, խանգարում են, չեն թողնում աշխատել։ Բնակչությունը պատրաստված չէ, իսկ ինչ վերաբերում է ավերածությունների ծավալներին, որ մեզ սպասվում են երկրաշարժի ժամանակ, շատ վատ սցենար է մեզ սպասվում։ Այս մասին կա արձանագրություն։ Հիշեք մեր Սպիտակի երկրաշարժը։ Ամբողջ հանրապետությունով ընկած՝ չէինք կարողանում փլատակների տակից մարդ հանել, իհարկե։ Բայց բնակչությունը պետք է ավելի լավ պատրաստված լինի, ինչին մենք ձգտում ենք ու, ցավոք սրտի, չենք հասնում»։

Պետական մարմինների՝ արտակարգ իրավիճակում գործելու անկարողությունը պարոն Խլղաթյանը չի ցանկանում մեկնաբանել։ ԱԻՆ-ը պլաններ ունի մշակած՝ հնարավոր աղետների դեպքում, նաեւ երկրաշարժի, բայց մենք տեսանք, որ ոչ մի պլան չի գործում։ Ինչո՞ւ։ «Այո, իհարկե, ունի, դրանք մշակված են, բայց ես չեմ կարող ասել, իմ ոլորտը չէ»,- ասաց  Զավեն Խլղաթյանը։ 

«Մնում է գնանք մեռնենք, խեղդվենք, որ պրծնենք ամեն ինչից»․  Համլետ Մաթեւոսյան
Ինչո՞ւ ուժայինների համագործակցության պլանները արտակարգ իրավիճակում մնացին թղթի վրա, մենք տեսնում էինք, որ ժամանակին ԱԻՆ վարժանքներ էին արվում, սիմուլյատիվ կրակներ, աղետներ, տագնապ: Արդյո՞ք այս բոլորը կիրառվեց իրական աղետի ժամանակ, կամավորներն ի՞նչ են անում, եթե պրոֆեսիոնալ փրկարարները բավարար են։ Շատ հարցեր էինք ուզում տալ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ տնօրեն Համլետ Մաթեւոսյանին, բայց մեր հարցերը լսելով՝ նա բարկացավ. «Լիքը պրոֆեսիոնալ փրկարարներ են աշխատում, իսկ կամավորներն օգնում են միայն ֆիզիկական, պրիմիտիվ աշխատանքների մեջ։ Ես հենց հիմա այնտեղից գալիս եմ, հենց հիմա այնտեղ այնպիսի թիվ կա, որ դուք կզարմանաք, որ իմանաք»։ Օրինակ, հիմա քանի՞ փրկարար է աշխատում։ «Զանգ տվեք, շտաբից հարցրեք, եղա՞վ»։ 

Երեւի շոգ էր, ռեկտորն էլ դեպքի վայրից էր գալիս, նյարդային վիճակում էր։ Տպավորություն ունենք, որ այս երեք օրը բավարար էր, որ շենքը մաքրեն ու տուժածներին դուրս բերեն, այնպես չէ՞։ «Դե, հիմա կարելի է փիլիսոփայել ամեն ձեւի, բայց դա մասնագիտական մոտեցում չէ, ով որ տենց մտածում ա, թող մի հատ գնա, շենքի վիճակը նայի՝ օբյեկտիվորեն, ոչ թե սուբյեկտիվորեն, ու հասկանա, որ այն, ինչ փրկարարներն անում են, դա մարդկային ուժերից վեր աշխատանք է։ Հերիք է արդեն, չեք պատկերացնում՝ ինչպես են աշխատում էս շոգի, էս կրակի մեջ, ո՞նց կարելի է չնայել դրան։ Կամավորը գալիս է միայն ամենապրիմիտիվ, ֆիզիկական աշխատանքը կատարելու համար, բայց ո՛չ փորելու, քանդելու, առաջին օգնություն ցույց տալու։ Նա ընդամենը մի հատ քարի կտոր իրար փոխանցելով, գցում է մի կողմ»,- բղավում էր ռեկտորն ու պահանջում իրեն միայն ուսուցման վերաբերյալ հարց տալ։ Հարցրեցի` վարժանքը հենց ուսուցումը չէ՞, արդյո՞ք գործարկվում են այդ բոլոր հմտությունները։ «Բա որ դուք տեսնում եք, որ վերեւից շատրվանով ջուրը լցնում են, կարող է՞ առանց վարժանքի են էդ ջուրը կարողանում լցնել։ Էդ ջուրը բերել լցնելը, ճնշում տալը կարո՞ղ է գիտեք՝ խաղալիք է: Լավ, է»։ Ռեկտոր Մաթեւոսյանն ասաց, որ աղետի  մասին չունի կարծիք, ու բացատրեց իր զայրույթի պատճառը․ «Այս մարդիկ իրենց կյանքը դնում են, որ ուրիշին փրկեն։ Մնում է գնանք մեռնենք, խեղդվենք, որ պրծնենք ամեն ինչից, կյանքներս դրած աշխատում ենք, ի՞նչ եք ուզում դուք մեզնից»։ Վերջում ռեկտորը հաջողություն մաղթեց մեզ ընդամենը այն բանի համար, որ հանդգնեցինք իրեն «փողոցում, մայթով քայլող մարդու նման» հարցեր տալ։