Թուրքիան գնե՞լ է քուրդ ապստամբներին

Թուրքիան գնե՞լ է քուրդ ապստամբներին

Թավշյա Հայաստանի պետական օղակները իրար հերթ չտալով շտապում են հայտարարել, որ քուրդ ապստամբներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու հետ կապ չունեն: Նման հայտարարություն արեց արդարադատության նախարարությունը, ԱԱԾ-ն, որոնք հայտարարեցին, թե իրենք չեն հանձնել քրդերին։ Դեռ պարզ չէ, թե ով է Հայաստանում թուրքանպաստ այդ որոշման հեղինակը: Բայց նկատելի է մի օրինաչափություն:

1999 թվականին Թուրքիայի իշխանությունների ձեռք ընկավ քուրդ հեղափոխական, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանը: Մարդու իրավունքների համար կռիվ տվող, ԼԳՊՏ համայնքի համար կուրծք ծեծող եվրոպական ոչ մի երկիր Օջալանի ինքնաթիռին օդանավակայան չտվեց: Չտվեց նաեւ Ռուսաստանը, թեեւ փաստեր կան, այդ թվում՝ տեսանյութեր եւ լուսանկարներ, որ Օջալանը երկար տարիներ թաքնվել է հենց Ռուսաստանում՝ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու ամառանոցում: Ռուսները Օջալանին ժամանակ էին տվել երկիրը լքելու համար, իսկ նրա ձերբակալությունից օրեր անց հայտնի դարձավ, որ Թուրքիան Ռուսաստանից մոտ 400 միլիոն դոլարի զենք է գնել՝ հակաօդային պաշտպանության միջոցներ:
2004 թվականի փետրվարին Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնի 16 հարվածով սպանած, ու 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2012 թվականին: Եվրոպական լրատվամիջոցներում հրապրակումներ եղան, որ Սաֆարովի համար Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանից 7 միլիոն դոլար է ստացել: 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախն անցավ թուրքերին եւ լուրեր եղան, որ Ադրբեջանը Արցախի համար 5 միլիարդ դոլար է տվել Հայաստանի թավշյա կառավարիչներին: Անգամ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ տարիներ առաջվա մի խոսակցություն է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը Բելառուսի նախագահի միջոցով 5 միլիարդ առաջարկում Արցախի դիմաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ինչպես է նա այդ առաջարկը մերժում:

Թուրքանպաստ այս երեք զարգացումների ֆինանսական հիմքի մասին խոսակցությունները չեն դադարում մինչ օրս: Հստակ, ուղիղ ապացույցներ չկան, բայց կան ինչ-որ բանից տեղյակ մարդիկ, որ պարբերաբար խոսում են, կան զարգացումներից հասկացող մարդիկ, որ վերլուծություններ են անում:

Վերադառնանք քուրդ ապստամբներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին: Սա էլ թուրքանպաստ զարգացումների շարքից է: Իսկ պատմական համառոտ «շրջայցը» ապացուցում է, որ Թուրքիայի միակ զենքը փողն է՝ ըստ վարկածների, Օջալանին գնել են, Ռամիլ Սաֆարովին գնել են, Արցախը գնել են: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ քուրդ ապստամբներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին էլ են գնել: Մնաց հասկանանք՝ ումից եւ ինչքանով:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ