Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու

Մի հարց տամ, բայց միանգամից ռեակցիա չտաք: Դուք, ի՞նչ է, մտածում էիք որ ՀՀ կառավարությունը խնդիր պետք է դներ՝ թույլ չտա՞լ կորոնավիրուսի մուտքը Հայաստան… Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել, ես ոչ մի կապ չունեմ այս հարցադրման հետ: Սրանք ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոսքերն են: Վարչապետը նեղվել էր իրեն ուղղված քննադատություններից և որոշել էր հակահարված տալ ու բացատրել, որ կորոնավիրուսը պետք է մտներ Հայաստան, այլապես… Մենք հո Սիրիա կամ Լիբիա չե՞նք, որ Կորոնավիրուսը մեզ շրջանցեր: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կմտածեր աշխարհը մեր մասին:

Եվ հիմա ստացվում է, որ կորոնավիրուս ունենալը համարվում է ազատ, բաց ժողովրդավարական, առաջադեմ երկիր լինելու գրավական: Դե լավ է, մեզ ոչ ոք չի կարող այլևս դիտողություն անել, թե այս ի՞նչ բան է, Հայաստանում կորոնավիրուս չկա: Բայց մի հարց էլ ես տամ առաջադեմ Փաշինյանին: Պարոն Փաշինյան, իսկ հիմա, երբ մենք առաջատար դիրքեր ենք գրավում, իսկ որոշ հաշվարկներով նույնիսկ առաջատար ենք այդ ֆրոնտում, ի՞նչ են մտածում մեր մասին, հը՞, կշոյե՞ն, արդյոք, դրա համար մեր գլուխը: Փաշինյանն այս հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, չգիտի, իսկ եթե սխալվում եմ, ապա նա առնվազն շատ լավ գիտի, թե աշխարհն ինչպես կարող է մեկուսցնել այն երկիրը, որ անճարակությունից վերածվում է համաճարակի մնայուն օջախի ու ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել վիրուսը:

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ես ամենևին էլ չեմ մտածում, որ Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այս իրավիճակը: Ինձ ավելի շատ մտահոգում է այն հարցը, որ հետո ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու այս ամենի համար: Ոչ Փաշինյանը, ոչ առողջապահության նախարարը, ոչ կառավարությունը և ոչ էլ պարետանոց կոչվող այս ապուշ հիմնարկը, որ շարունակում է երջանիկ անգիտության մեջ պայքարել 21-րդ դարի ժանտախտի դեմ: Երբ Փաշինյանը կորոնավիրուսի մուտքը Հայաստան «նվաճում» է համարում, հնարավոր է նույնիսկ պարգևատրումներ լինեն հետո, երբ մի հրաշքով հաղթահարած լինենք հիվանդությունը:
Իսկ մինչ այդ մնում է հետևել Փաշինյանի ֆեյսբուքյան էջին և ահագնացող թվերից գուշակել, թե մինչև ո՞ր աստիճան ենք ներգրավվել համաշխարհային պրոցեսներում: Ինչքան շատ մեկուսացված՝ այնքան լավ, ինչքան շատ դրական թեստ, այնքան լավ՝ սա է մեր քաղաքական ղեկավարի և համատեղության կարգով երկրի թիվ մեկ համաճարակաբանի տրամաբանությունը: Նա ոչ մի մասնագետի չի թողնում խոսել, ինքն է խոսում, ինքն է մեկնաբանում, ինքն էլ որոշում՝ ճի՞շտ են պայքարում կորոնավիրուսի դեմ, պե՞տք են նոր խստացումներ, թե՞ դեռ կարելի է խանութ գնալ և առևտուր անել:

Իսկ հիմա պատկերացնենք, որ զարգացող աշխարհին ինտեգրվելու համար մենք պարտավոր ենք ոչ թե կորոնավիրուսով հիվանդանալ, այլ մի ուրիշ վատ բանով, օրինակ՝ ազգովի դառնալ Լ, Գ, Բ, կամ Տ: Գլոբալ առումով՝ տարբերությունը կորոնավիրուսի ու ԼԳԲՏ վարակի միջև շատ մեծ չէ, հետևաբար շատ մեծ փոփոխությունների չի կարող ենթարկվել նաև Փաշինյանի մոտեցումը համաշխարհային այդ պրոցեսին: Իսկ դա, իմ կարծիքով, շատ վատ է: Սկսում ես մտածել, որ գործ ունենք մի իշխանության հետ, որն ուղղակի անկարող է դիմագրավել արտաքին որևէ մարտահրավեր՝ լինի դա համավարակ, այլասերվածություն, թե ազգային անվտանգությանն սպառնացող արտաքին այլ թելադրանք: Նման իշխանությունից ժամ առաջ պետք է հրաժարվել, որովհետև երաշխիքներ չկան, որ մենք պատրաստ կլինենք գլոբալացման հետ կապված ապագա կատակլիզմներին:
Դուք, ի՞նչ է, մտածում էիք որ ՀՀ կառավարությունը խնդիր պետք է դներ՝ թույլ չտա՞լ կորոնավիրուսի մուտքը Հայաստան… Այո, պարոն Փաշինյան, ես մտածում եմ, որ պարտավոր էիք այդպիսի խնդիր դնել, անկախ այն բանից, թե ինչ կմտածեին մեր մասին կորոնավիրուսով վարակված երկրները: Եթե դուք զգուշանայիք համավարակի մասին առաջին տեղեկություններից, չծաղրեիք այդ տեղեկությունները և այդ տեղեկությունների հետ միջոցներ ձեռնարկեիք մեր ազատ ու բաց երկիր վարակի մուտքը թույլ չտալու համար, ոչ ոք ձեզ չէր մեղադրի և Հայաստանն էլ Սիրիայի և Լիբիայի հետ չէր համեմատի: Այսօր արդեն հստակ է, որ Դուք, պարոն վարչապետ և Ձեր գլխավորած կառավարությունը երկիրը ենթարկել եք սարսափելի վտանգի, որի հետևանքները ողջ ծավալով կրելու է ժողովուրդը:

Ո՞վ է պատասխան տալու:

Հ.Գ. Ռուսաստանից վերադարձած Չերչիլին Լոնդոնում հարցրել են՝ ինչպիսի՞ ժողովուրդ են ռուսները:
-Դա մի ժողովուրդ է, որ սիրում է իր համար խնդիրներ ստեղծել և հերոսաբար հաղթահարել այդ խնդիրները,- պատասխանել է Չերչիլը:
Եթե հարցը պրոյեկտենք Փաշինյանի և նրա կառավարության վրա, ապա կարող ենք ասել, որ դա մի կառավարություն է, որ սիրում է խնդիրներ ստեղծել և դրանց լուծումը թողնել ժողովրդին: