Որ Կոնդը չդառնա գետտո

Որ Կոնդը չդառնա գետտո

 Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով վերջին շրջանում հետաքրքրված է ուրբանիստիկայով (նաև ծրագրել էր հիմնել գիտահետազոտական կենտրոն, որը նպաստելու է Երևանի ինքնության պահպանմանը) Կոնդի վերաբերյալ մի գրառում է կատարել։  Այն #Կոնդ #ՊահպանվումԷԵրևանցուԿողմից հեշթեգով է։Առիթը Երևանի քաղաքապետարան ներկայացված  նախագիծն է, որով  Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում նախատեսվում է  կառուցապատում։ Համենայնդեպս,  կառուցողապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։  «Հրապարակի» հետ զրույցում Մնացականյանն ասաց, որ իրեն անհանգստացնում է  այդ շինթույլտվությունը, քանի որ նրա գնահատմամբ՝ սա վերջնական մեխն է լինելու Կոնդը «տարածքային գետտո» վերածելու դագաղի կափարիչին։
 «Այդտեղ Կոնդի սիրուն տներ կան, հիմա ինչ-որ մեկը առել է, ուզում է սարքել հյուրանոց։  Ես դեմ չեմ, որ Կոնդում բան սարքվի, բայց թող որոշեն՝ որտեղ են սարքում, որովհետև այդ  դրանով Կոնդը վերջնականապես գետտո է դառնում։ Կոնդը  բարձրադիր գոտի է և առաջարկում եմ՝ եկեք շինարարություն չանենք, որ մուտք լինի, որովհետև Կոնդի խնդիրը այն է, որ ինքը մշտապես մուտք չի ունեցել։ Եվ երևանցիների 90 տոկոսը  չգիտի ոնց մտնի Կոնդ։ Մեկը մտնում է Պռոշյանից, մեկը՝ «Դվինի» կողմից,  մյուսը՝ մեկ այլ վայրից»։

 Մնացականյանն ասում է, որ Սարյան-Լեո-Պարոնյան- Պռոշյան-Ֆրիկ փողոցներն ուսումնասիրելու դեպքում,  կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական» այն առումով, որ այնտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար տարբերվող  լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։ Լեոյի վրա՝ Լեո 1 հասցեում  կառուցված 20 հարկանի շենքն էլ Կենտրոնի նախկին թաղապետի խոսքով՝ ամբողջովին փակել է Կոնդի տեսարանը։ 
 
Հիշեցնենք, որ Վիկտոր Մնացականյանը մշտապես հանդես է գալիս առաջարկով, որ Կոնդում անցկացվի շինարարական մորատորիում։  «Ես դեմ չեմ, բայց Կոնդի պարագայում, նորից եմ ասում, հայեցակարգային մոտեցում է պետք․, հայկական դիզայն անենք և ըստ այդ հայեցակարգի՝ լոտերի բաժանենք, թող գան կառուցեն։ Ոչ թե ով փող ունի, վերցնի մի բան սարքի, բայց չափանիշներ են պետք, որ բոլոր տները լինեն մինչև 3-հարկանի, որովհետև , ի վերջո, Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է, Կենտրոնի, որ երկրորդ հարկում օֆիս է, երրորդ հարկում՝ բնակարան, չորրորդ հարկում՝ հյուրանոց է, առաջին հարկում՝ ռեստորան։Չի կարելի»,-ասում է Մնացականյանը։
 Կենտրոնի նախկին թաղապետը, բնականաբար, հասկանում է, որ քաղաքային իշխանությունը չի կարող միանգամից «նեղացնել» բոլոր բիզնեսներին։ Ուստի՝ առաջարկում է սկսել Կոնդից՝ պահպանելով դիմագիծը, որը այս տարիներին պահպանվել է։ «Հին Երևանի դիմագիծ ունեցող շենքեր, պահպանված բաներ հին Նորքում էլ կան,  Ֆիրդուսում էլ, Հանրապետության փողոցում, բայց Կոնդը եզակի թաղամաս է, որտեղ մեծ կտորով՝ մինչև 20 հա տարածքով այսպես ասած՝ պարարտ հող կա քաղաքաշինարարներ համար։ Դրա համար էլ, քանի որ Կենտրոնի բոլոր հողերը վերջացել են, բոլորը կենտրոնացած են Կոնդի վրա»,-ավելացրեց Մնացականյանը։
 
Երկրորդ խնդիրը վերաբերվում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Վիկտոր Մնացականյանն ասում է․ «Ես դեմ չեմ, թող  կառուցվի։ Բայց այդտեղ խեղդված է, այդտեղ լիքը բան կա՝ ռեստորաններ, սրճաններ, բանկեր  խիտ բնակեցված, մի տասը հատ 18-հարկանի շենք կա՝ հազարավոր բնակարաններով։ Վաղը չէ մյուս օրը ոչ միայն Սարյան փողոցը կամ Բյուզանդը, այլև Մաշտոցի պողոտան է կոլապսի առաջ կանգնելու էդ հոսքերի պատճառով․․․․․․․  Դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանը քննարկում էր, որ այդտեղ՝ ստորգետնյա ավտոկանայանատեղի լինի, որովհետև մի հատ նորմալ ստորգետնյա կայանատեղի չունենք։ Եվ այդ մարդը թե՛ հնարավորություն ունի,թե՛ փորձ ունեն, թե՛ Երևանին սրտացավ է,  ու կարող են ասել՝ մի հատ ստորգետնյա կայանատեղի կառուցեք, նոր դա կառուցեք, մարդ կա, որ պատրաստ է այդ 2-3 հարկը կառուցի»։
 
Վիկտոր Մնացականյանին հարցրեցինք նաև՝ 2018 -ին նոր քաղաքային իշխանությունը ցուցադրաբար Նորքի զանգվածում քանդեց մի ապօրինի կառույց և այդքանով ավարտեց իր առաքելությունը, մինչդեռ, տրամաբանական էր, որ հեղափոխական իշխանությունը պետք է փորձեր քանդել նաև Երևանի ճարտարապետական դեմքը, կենտրոնական ֆասադները աղավող խանութների ու օբյեկտների կոնստրուկցիաները։

Վիկտոր Մնացականյանի գնահատմամբ՝ նշված շինությունը քանդելու որոշումը միանշանակ ճիշտ էր, որովհետև կառույցն ապօրինի էր և նոր էր՝ մի  քանի օրվա։ Այսինքն՝ կար հնարավորություն՝ առանց դատական քաշքշուկների խնդիրը լուծել։

Ինչ վերաբերում է անճոռնի կառույցներին, ապա Մնացականյանը վստահ է, որ Երևանի քաղաքային իշխանությունը դեռ կգնա այդ քայլին։

 «Միգուցե՝ ժամանակն էլ անցել է, բայց կարծում եմ՝ դեռ կգնա, որովհետև գնալու համար առաջին հերթին պետք է կարգավորել օրենսդրական բազան։ Իմ կարծիքով՝ մեր այսօրվա օրենսդրությունը մի քիչ կաշկանդում է։ Բայց օրենքի փոփոխությունը եղավ․․․․ շատ բան պետք  է անել Բայց՝ օրենսդրորեն պետք է արվի, չպետք է արվի թաղապետի կամ վարչության պետի քմահաճույքով »,-ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ շենքերի ճակատային մասերից անհրաժեշտ է հանել օդափոխիչները, պարաբոլիկ ալեհավաքները, վերացնել  «գեշ» ու իրար չսազող պատուհանները, ներդրվի դիզայն-կոդ յուրաքանչյուր շենքի համար։ «Օրինակ՝ էս շենքի պատուհանի գույնը էս պետք է լինի, հարգելիս,  ուզո՞ւմ ես փոխել, փոխիր, բայց էս գույնի պետք է լինի,թե չէ տեսնում ես՝ մեկը կանաչ, մեկը անճաշակ․․․ անճոռնիացնում են շենքերը։ Նույնն էլ՝ այդ անօրինական շինությունները»։