Ջամալ Միր Սադեղի. Այգին

Ջամալ Միր Սադեղի. Այգին

Ջամալ (Հոսեյն) Միր Սադեղին՝ ծնված 1933 թվականին, իրանցի նշանավոր արձակագիր է, ժամանակակից գրականության կարկառուն դեմքերից: Սովորել է Թեհրանի պետական համալսարանի գրականության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետի պարսից գրականության բաժնում: Եղել է ուսուցիչ, գրադարանավար, ստեղծագործական մտքի դասախոս: Ցայսօր տպագրել է 10 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, գեղարվեստական բառարան եւ գրականագիտական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, հայերեն, վրացերեն, իտալերեն, ռումիներեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, հունգարերեն, ուրդու, հինդի եւ չինարեն: Ապրում է Թեհրանում եւ դասավանդում գրելու արվեստ:


Փողոցի ոլորանն անցնելուց հետո տան դռան մոտ ծերունուն տեսան: Տղամարդն ասաց.     
- Մեր տան տերն է:                                                                                         
- Բա էն ինժեներն ի՞նչ գործ ուներ,- հարցրեց կինը:                               
- Նրա տղան էր:     
Հետո, ցույց տալով նորակառույց ու փոքրիկ տները, որ միաձեւ ու միաչափ կառուցված էին կողք կողքի, ասաց.      
- Այս բոլոր տները նոր է կառուցել:     
Կինը նայեց պատուհաններին, գույնզգույն վարագույրներին եւ ասաց.         
- Մի քանիսն էլ վարձով են տրված:        
Մոտեցել էին ծերունուն: Տղամարդը բարեւեց ու ասաց.          
- Հուսանք՝ Ձեզ չենք անհանգստացնում:     
- Տղաս գործեր ուներ. ասաց՝ տունը ցույց տամ ձեզ,- ասաց ծերունին:     
- Ներեցեք, որ մի փոքր ուշացանք:     
- Հոգ չէ, ներս համեցեք:         

Դողացող ձեռքերով բաց արեց տան դուռը, եւ երեքով ներս մտան: Ծերունին ձեռնափայտի օգնությամբ էր քայլում՝ կորացած, կաղեկաղ ու կուզեկուզ: Նախասրահ մտան: Ծերունին, կանգնելով երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ, ասաց.      
- Վերեւից սկսենք, հետո ներքեւ իջնենք, լա՞վ:     
- Ինչպես կկամենաք,- ասաց տղամարդը:     
Ծերունին ձեռնափայտով բարձրացավ աստիճանները, տղամարդն ու կինն էլ՝ հետեւից: Աստիճանները՝ ցեմենտե, նեղ ու նոր, փոքր-ինչ կորանալով, երկրորդ հարկ էին հասնում: Տղամարդն ու կինը մտան սենյակներից մեկը, ծերունին ժպտալով նրանց հետեւից եկավ եւ սկսեց ներկայացնել.              
- Այս հարկում երկու սենյակ կա: Ներքեւում՝ երեք: Սենյակներն արեւկող են ու կանչող: Ախր, գիտե՞ք՝ տղաս Անգլիայում է սովորել: Արեւի արժեքը գիտի: Ասում էր. «Էնպիսի հատակագիծ եմ գծել, որ բոլոր սենյակներն արեւ ընկնի: Մենք արեւի արժեքը չենք գիտակցում: Անգլիացիներն արեւի մի մասնիկի համար հոգի են տալիս»:         

Տղամարդն ու կինը գլուխներն էին տարուբերում եւ ոչինչ չէին ասում: Կինը պատի պահարաններն էր բացուխուփ անում, զվարճացած ու երջանիկ ծիկրակում նրանց: Տղամարդը ձեռքը հպում էր պատի վրայի խոնավ բծերին: Շուրթերը թրթռում էին, եւ դրանք վայելելու հարատեւությունից սուլոցի ձայն էր լսում: Ծերունին դեռ նույն կերպ ներկայացնում էր.              
- Վերեւի սենյակները քաղաք են նայում: Այստեղ թե կանգնեք, ողջ քաղաքը կտեսնեք: Գիշերներն անչափ գեղեցիկ են: Տղաս ասում է՝ քաղաքն է լույսերով ողողված: Նախկինում այստեղ շուրջբոլորը սար ու բլուր էր: Ինչպիսի՜ բլուրներ՝ բարձր-բարձր: Անտառաբուծության համար կյանք էր տալիս:          
- Հիմա ամբողջը շենքեր են դարձել,- ասաց կինը:          
Տղամարդը շարունակեց.          
- Էն ժամանակներում հողերը հաստատ շատ էժան են եղել, Դուք…          
Ծերունին կտրեց նրա խոսքը.          
- Հա, երբ ես եկա, էստեղ չոր անապատ էր, ավանից մի քանի փարսախ հեռու էր: Ջրհոր փորեցի, ջուրը դուրս հանեցի ու ծառ տնկեցի: Այն կողմում դեռ մի խոր ջրհոր կա: Դեռ ջուր է գալիս, տղաս էլ ջուրը վաճառում է,- ասաց ծերունին եւ նորակառույց շենքերի հետնամասը ցույց տվեց:         

Կնոջ աչքերը փայլփլում էին, գոհությամբ նայում էր սենյակին ու իր դիմացի պատշգամբին:          
Ծերունին շարունակեց.              
- Դեռ մի քանի տարի առաջ էստեղ շուրջբոլորը ծառեր էին. ամենքը այգեգործությամբ էին զբաղվում: Ես ամեն տեսակ ծառ խնամում էի. ծաղկաբուծություն էլ էի  անում… երբ տղաս Անգլիայից եկավ, ծառերը հատեց, այգին քանդեց ու տեղն էս տները կառուցեց:     
- Խելամիտ քայլ. այս տների եկամուտը հիմա այգեգործությունից շատ ավելին է,- ասաց տղամարդը:     
- Ձեր այգին շա՞տ եկամտաբեր էր,- հարցրեց կինը:     
- Է՜հ: Իր ծախսը հանում էր: Ճիշտն ասած, ես շատ չէի մտածում եկամտի մասին. մի տեսակ համակերպվել էի ու գոհ էի: Տղաս հենց եկավ, ասաց՝ այգեգործությունը եկամտաբեր չէ… Այդ ժամանակ բոլոր ծառերը հատեց, ամենուր հարթեցրեց ու երկու տարում կառուցեց այս բոլոր տները:     
- Քանի՞ տուն է,- հարցրեց տղամարդը:     
- Ութ: Ախր, մեծ այգի էր:     
- Իրոք որ՝ խելամիտ է վարվել,- ասաց տղամարդը,- այգեգործությունը հիմա էլ եկամուտ չունի:     
- Հատկապես, որ Ձեր այգին շատ եկամտաբեր չի եղել,- խոսեց կինը:          

Ծերունին կրկին անցավ իր խոսքերին.          
- Ամեն տեսակ ծառ տնկում էի՝ կաղնի, թեղի, ուռենի, դեկորատիվ ծառեր… պտղատու ծառեր էլ ունեի: Կեռաս, բալ, խնձոր, տանձ: Գիտե՞ք՝ այստեղ միայն սեւարմատ ծառեր են աճում: Ծաղկաբուծություն էլ էի անում:     
- Պտղատու ծառերը, հաստատ, շատ պահանջարկ կունենային,- ասաց կինը:     
- Այդքան էլ չէ,- հակադարձեց ծերունին,- ճիշտն ասած, ոչինչ չէր հասնում շուկա: Աղջիկներս ու թոռներս էին բերքից օգտվում: Ախր, ես հինգ աղջիկ ու տասներկու թոռ ունեմ: Տղաս էս մեկն է:     
- Աստված նրանց պահապան,- ասաց կինը:     
Ծերունին, մատները սահեցնելով ալեխառն մազերի մեջ, ասաց.     
- Երբ երեխաներն այստեղ էին գալիս, չեք պատկերացնի, չեք պատկերացնի՝ ինչքան էին ուրախանում ու ոգեւորվում: Իրար հետեւից վազվզում էին, ծառերի հետեւում պահմտոցի խաղում: Շուրջբոլորն աղմուկ-աղաղակ էր: Խեղճերն իրենց տներում չէին կարողանում խաղալ: Երկու ոտ վազում, պատին էին հասնում: Էսօրվա տները հո տուն չեն, բուն են: Բակը ձեռքի ափից էլ մեծ չէ: Շատ ափսոս էր: Խաղալու էլ ոչ մի տեղ չունեն, խեղճ երեխեք:     

Աստիճաններն իջան: Հիմա կինը բոլորից առաջ էր գնում, իսկ ծերունին, ձեռնափայտով հետեւներից քայլելով, էլի իր այգուց ու ծառերից էր պատմում: Տղամարդն իր քայլերով սենյակների չափերն էր վերցնում ու քթի տակ հաշիվներ անում: Կինն ուրախ-ուրախ պտտվում էր խոհանոցում եւ պատի պահարանները բացուխուփ անում: Ծերունին մտքներից թռել էր: Ծերունին նրանց հետեւից գնում էր ու խոսում.     
- Գնացի, հյուսիսի անտառներից թխկի ու մետաքսածառ բերեցի…     
Տղամարդն ու կինն անցան նրա կողքով ու բակ գնացին: Բակը փոքր էր: Հատակը ծածկված էր մեծ ու միաձեւ սալիկներով: Ծերունին տեղ-տեղ կանգնում էր, ձեռնափայտով թկթկացնում սալիկներին ու ասում.     
- Հենց էստեղ կեռասի ի՜նչ մեծ մի ծառ կար: Այստեղ ձիակասկի տեղն էր՝ ի՜նչ տերեւներ, ի՜նչ շվաք: Մարդ հիանում էր:     
Կինն ու տղամարդը, առանց նրան ուշադրություն դարձնելու, փսփսում էին: Կինը բակի անկյունի զուգարանը գնաց:     
Տղամարդն իր քայլերով բակի երկարությունն ու լայնությունն էր չափում, գլուխը տարուբերում եւ շուրթերը թրթռացնում: Ծերունին կաղեկաղ ուղեկցում էր նրան: Ձեռնափայտի զարկերի ձայնը շարունակվում էր հատ-հատ ու իրար շարունակող սալիկների վրա: Հանկարծ զարկերի ձայնը կտրվեց, ծերունին լռեց եւ ուղիղ իր ոտքերի դիմաց սեւեռվեց: Սալիկների շարքի միջից մի փոքր ու կանաչ ծիլ էր դուրս եկել: Ծերունու ոտքերը կռացան, ձեռնափայտը կամացուկ դրեց կողքը՝ գետնին, եւ բակի հատակին՝ ծլի դիմաց, ծնկի եկավ: Դողացող ձեռքերն առաջ տարավ, փոքրիկ ծիլը պահեց մատների մեջ, զննեց, եւ երջանկության ճիչը բարձրացավ:
-Մետաքսածառի ծիլը: Ծի՜լը…։ Նայեք:     

Կինը զուգարանից դուրս եկավ, ձեռքերով արագ կարգի բերեց շրջազգեստն ու տղամարդու կողմը գնաց: Տղամարդը շրջվեց, նայեց ծերունուն եւ անփութորեն մոտեցավ նրան:     
Ծերունու աչքերը փայլկտում էին, շուրթերը՝ ծիծաղում:    
- Արմատը մնացել էր հողում, հիմա ծիլ է տվել, տեսեք:     
Ոգեւորված՝ փոքրիկ ծլին  նայեց ու տեղից վեր կացավ:     
- Գնամ, մի քիչ ջուր բերեմ, արմատին լցնեմ: Արմատն ինչքա՜ն չոր է:     
Ձեռնափայտի զարկով, կաղալով՝ արագ քայլեց: Տղամարդն ու կինը խոսելով անցան ծլի կողքով: Եկան նախասրահ, միասին խոհանոց գնացին, դուրս եկան, նորից վերեւ բարձրացան: Վերեւից ծերունուն տեսան, որ ջրի մի տարայով նստել էր բակում եւ երկաթի մի կտորով սալիկներն էր փորում: Մայրամուտի սառն ու գունաթափ արեւը փայլ էր գցել նրա ալեհեր մազերին:     
Երկրորդ անգամ միասին չափեցին սենյակները, պատի պահարանները միասին բացուխուփ արեցին ու ներքեւ իջան:     
Տղամարդը նախասրահից ձայն տվեց.     
- Պարո՛ն, ներողություն… հազար ներողություն:     

Ծերունին, իր գործի մեջ խորասուզված, չլսեց տղամարդու ձայնը: Տղամարդը զարմանքով տեսավ, որ երկաթի կտորով սալիկին է խփում: Հետաքրքրությամբ ու զարմանքով կրկին բակ եկավ: Կամաց առաջ գնաց եւ ծերունու գլխավերեւում կանգնեց: Ծերունին փոքրիկ ծլի կողքերի շողշողուն ու նոր խճանկարները կոտրել էր եւ փշրված կտորներն էր հեռացնում: 
Տղամարդը կիսաձայն ասաց.           
- Լավ, Ձեզ շատ նեղություն պատճառեցինք, շնորհակալ ենք շատ:          
Ծերունին գլուխը վեր բարձրացրեց: Ցրված-այլայլված նրան նայեց ու ասաց.     
- Այո… այո՞։    
- Ձեր թույլտվությամբ կցանկանանք դուրս գալ,- ասաց տղամարդը:     
Ծերունին գլուխը տարուբերեց ու ասաց.     
- Այո, այո… այո:     
Գլուխը կրկին կախեց եւ համառորեն սկսեց կոտրված խճանկարի կտորներն ազատել: Տղամարդը ոտքը կախ գցեց, անտրամադիր նայեց ծերունուն ու ասաց.     
- Ցտեսություն:     
Շրջվեց, բակով անցավ ու նախասրահ մտավ: Կինը կանգնած էր մուտքի դռան մոտ: Հարցրեց.     
- Խոսեցի՞ր հետը: Ես որ՝ շատ հավանեցի: Այդքան ման եկանք, այսքան լավ տուն չտեսանք:     
Տղամարդը տնից դուրս եկավ ու ասաց.     
- Տղայի հետ կխոսեմ:     

 

Թարգմանությունը պարսկերենից` Արեգ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ