Անմեղսունակության կանխավարկածի մասին

Անմեղսունակության կանխավարկածի մասին

Վայ, Արփինե Հովհաննիսյան, էս ի՞նչ ես ասել մեր պառլամենտի սոխակին… կոռուպցիոնե՞ր: Ու ո՞նց լեզուդ պտտվեց Անդրանիկ Քոչարյանի նման մարդուն կոռուպցիոներ ասել: Բա նա կոռուպցիոնե՞ր է… Ասա՝ կյանքում սեփական ձեռքով պետական կոպեկի կպած կա՞, ասա՝ մի քաղաքացու գլուխ կերած կա՞, մի ճանճի քշա արած կա՞ Անդրանիկ Քոչարյանը, որ նրան կոռուպցիոներ ես ասել: Ախր Նիկոլ Փաշինյանը նրան ԱԺ է բերել հայրենիքին մատուցած վեհ ծառայությունների համար, իր մարդկային պարզ ու զուլալ նկարագրի համար: Մի՞թե կարելի էր հեղափոխության, այն էլ թավշյա հեղափոխության առաջնորդի ընտրությունն այդպես վիրավորել: Ավելի լավ էր Նիկոլի կոռուպցիոներ ասեիր, քան Անդրանիկ Քոչարյանին: Ցավում եմ այս պատահարի համար և հույս ունեմ, Արփինե ջան, որ կգնաս և ինչպես կոռուպցիոներ ես ասել, այնպես էլ ներողություն կխնդրես նրանից: Տարիքն առած մարդ է, վերջապես: Կարծում եմ՝ կների, կանցնի, կգնա…

Այո, Անդրանիկ Քոչարյանն անհիշաչար մարդ է: Նա ներողամիտ է և պատրաստ է ներել ամեն տեսակի վիրավորանք ու պիտակավորում, եթե մենք էլ անհիշաչար լինենք իր հանդեպ: Այսու կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին, որոնք որևէ վատ բան են գրել Անդրանիկ Քոչարյանի մասին, իսկույն հերքեն և ներողություն խնդրեն նրանից: Չի կարելի, էլի, 30 տարվա մեռելը բերել ու հիմա թաղել: Էլ երկրաշարժ եք հիշել, էլ Անդրանիկ Քոչարյանի փոխած պաշտոնները, էլ կենսագրությունն եք փորփրում… Դուք հո Օստապ Բենդերը չե՞ք, որ ընկել եք Կորեյկոյի հետևից: Թողեք մարդն ապրի իր պատգամավորական չոր ռոճիկով և շարունակի ծառայություններ մատուցել հայրենիքին:

Կամ էլ, ենթադրենք, Անդրանիկ Քոչարյանը երիտասարդ տարիներին մի բան էլ արել է: Ի՞նչ է, դա հիմք է տալիս այսօրվա ընդունված կանոններով նրան ասֆալտին փռե՞լ, պատերին ծեփե՞լ, դատե՞լ: Կանգ առեք, այսօր Անդրանիկ Քոչարյանն է դատում, նա դեռ կարող է ինքը ասֆալտին փռել, պատերին ծեփել և դատի տալ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն վատ բան ասել իրեն ու իր անցյալի մասին: Այնպես որ, պետք է ներողություն խնդրել պատվարժան ծերուկից նրան ամենաչնչին վիրավորանքը հասցնելու համար:

Հ.Գ. Չլինեմ, չիմանամ, որ Անդրանիկ Քոչարյանին հանկարծ հիշեցնեք Արթիկի ջրամբարի պատմությունը: Էն որ կիսակառույց էր ու ջրով լցվեց նրա կարգադրությամբ, էն որ պատռվեց, ու սելավ եղավ, ողողեց շրջակա հողերը, անասուններ քշեց և մարդկային երկու կյանք խլեց այդ տարածաշրջանի աշխատավոր դասակարգից:

Այն ժամանակ մեր պետության բյուջեից միլիոններն սկսեցին հոսել Արթիկի ջրամբար… Ջրի բերած փող էր, երևի, ջուրն էլ քշեց, տարավ… Անդրանիկ Քոչարյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, հո չե՞նք կարող մազութի, երկրաշարժից տուժածներին կողոպտելու, ժողովրդին ահաբեկելու և այլ «գործերին» մի հատ էլ Արթիկի ջրամբարի գործ կպցնել ու հետաքննել, թե ուր կորան սելավի հետևանքների վերացման համար հատկացված պետական փողերը: Ինչու եմ ասում չլինեմ-չիմանամ, որովհետև միշտ գոյություն ունի անմեղսունակության կանխավարկած, և Անդրանիկ Քոչարյանը, հնարավոր է, սեփական ձեռքով չի էլ դիպել այդ պետական փողերին: Ինչ է, հնարավոր չէ՞: Իզուր տեղը Նիկոլի ականջն եք գցելու այս պատմությունը, նա էլ դատախազին հանձնարարելու է Անդրանիկ Քոչարյանի նման կենսագրություն ունեցող մարդուն ասֆալտին փռել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է տեղի ունենալ սիրելի վարչապետի հետ, եթե նա, հանկարծ, մատը մտցնի բզեզի այդ բույնը: