Փաշինյանն ինքն իրեն ազգային հերոսի կոչում շնորհեց

Փաշինյանն ինքն իրեն ազգային հերոսի կոչում շնորհեց

Օրեր առաջ Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։ Սա իհարկե նշանակալի իրադարձություն է և առաջին հերթին հենց քաղաքական բազմաշերտության իմաստով։ Իրականում վերոհիշյալ բազմաշերտության քննարկումը բավական բարդ ձեռնարկ է, քանի որ խնդրո առարկան էլ ինքնին չափազանց նուրբ է ու զգայուն։ Տարընկալումներից խուսափելու նպատակով տեղին կլինի հենց սկզբից շեշտադրել այն փաստը, որ Սանամյանին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստի քննարկումը, ամենևին էլ չի նշանակում կասկածի տակ դնել կապիտանի մեծագույն ներդրումը ռազմաճակատում։ Այլ խոսքով՝ քննարկվում է ոչ թե կապիտանի մասնակցությունը ռազմական գործողություններին, այլ՝ քաղաքական ղեկավարության պարգևներ շնորհելու քաղաքականությունն ու ընդհանրապես դրա նպատակահարմարությունը։ 

Եվ այսպես, Ռուբեն Սանամյանի ներդրումը սահմանների պաշտպանության ապահովման գործում ընդհանրապես կասկած չի հարուցում, բայց ի հակադրություն այս ամենի, Նիկոլ Փաշինյանի կողմից նրան Հայրենիքի շքանշանով պարգևատրելու փաստն ինքնին ոչ միայն կասկածելի է, այլ նաև արժեզրկում է զինվորականի աշխատանքն ու ծառայությունը։ Վերջին միտքն իհարկե չափազանց տարօրինակ է, բայց մյուս կողմից էլ նաև տրամաբանական, քանի որ տպավորությունն այնպիսին է, թե վարչապետ Փաշինյանը ինքն իրեն է պարգև շնորհել, այլ ոչ թե՝ կապիտան Սանամյանին։ Այսինքն, կապիտանին հերոս դարձելու նպատակը ոչ թե վերջինիս հերոսության շեշտադրումն էր, այլ՝ վարչապետի անձի փառավորման բնազդային ցանկությունը։ 

Խնդիրը ներքաղաքական է, որտեղ առաջնային տեղ են զբաղեցում պատերազմի շահարկումն ու դրա հիմքի վրա սաղմնավորվող ազգայնական դեմագոգիան։ Մոտեցումն այս ակտիվորեն կիրառվել է նաև անցյալում և հատկապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից։ Հիմա նույն մոտեցումը շարունակվում է նաև վարչապետ Փաշինյանի կողմից, որը դարձել է չհայտարարված ժառանգորդը այն համակարգի, որի դեմ կատաղի պայքար էր մղում ոչ վաղ անցյալում։ 

Ընդհանրապես պատերազմի թեման Հայաստանում միշտ է շահարկվել, քանի որ քաղաքական համակարգի դերակատարները հիմնականում դրա մեջ են փորձել գտնել ու հիմնավորել իրենց լինելիության լեգիտիմությունը։ Եթե հիշում եք, ապա Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ գնալու նախաձեռնությունը հիմնավորվում էր հենց այդ պատրվակով։ Բայց եթե երրորդ նախագահի դեպքում մոտեցումն այս հասկանալի էր, ապա Նիկոլ Փաշինյանի պարագայում բազմաթիվ հարցեր են ի հայտ գալիս։ Ինչո՞ւ է վարչապետն ի վերջո դիմել պատերազմական պոպուլիզմի և ազգայնական դեմագոգիայի օգնությանը, չէ՞ որ նա իշխանության է եկել սոցիալական պոպուլիզմի հաշվին և Սարգսյանի վարչակազմին հաղթել է հենց դրա կիրառմամբ։ 

Իմ համոզմամբ Փաշինյանի կառավարությունը ամբողջությամբ ձախողել է կոռուպցիայի դեմ պայքարն ու ընդհանրապես տնտեսական քաղաքականությունը։ Այլևս հնարավոր չէ քաղաքացիներին կերակրել կեղծ խոստումներով և տնտեսական հեղափոխության մասին հեքիաթներով։ Այսինքն, սոցիալական պոպուլիզմի սպառումը հանգեցրել է լեգիտիմության անդառնալի կորստի, ինչի մասին շատ լավ գիտակցում են նաև վարչապետն ու իր թիմը։ 

Պատերազմի մեջ գտնվող երկրում չափազանց բարդ է գալ իշխանության և որևէ աղերս չունենալ ռազմաճակատի կյանքի հետ, հատկապես՝ երբ ընդդիմախոսներդ ոտքից գլուխ թաթախված են պատերազմական պոպուլիզմի հորձանուտի մեջ։ Ավելին՝ ռեֆորմների բացակայության և տնտեսական ահագնացող անկման պայմաններում լեգիտիմության ամենավստահելի ու հեշտ աղբյուրը կարող է դառնալ հենց պատերազմը։ Այս մասին ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում գլխի ընկավ նաև վարչապետ Փաշինյանը։ Նա հասկացավ, որ այլևս արդիական չէ մրցակցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ համեմատության թիրախ դարձնելով հեղափոխությունն ու անկախության շարժումը։ Նա ճիշտ պահին որսաց հանրային տրամադրություններն ու հասկացավ, որ քաղաքացիներն այլևս թքած ունեն հեղափոխության վրա և անհրաժեշտ է մի նոր ներքաղաքական բրենդ, որն էլ դարձավ «Տավուշյան մարտեր» կոչվող սահմանային բախումը։ 

Այսինքն, ներքաղաքական լեգիտիմության ապահովման, ինչպես նաև Սարգսյանի և Քոչարյանի հետ մրցակցելու նպատակներով Փաշինյանին անհրաժեշտ էր մի նոր պատերազմի միֆ, որտեղ ինքը կստանձներ հաղթող գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը։ Ավելի շուտ՝ ողորմած և բարեգութ հրամանատարի, որը ոչ միայն առաջնորդել է իր քաջերին, այլ նաև հաղթական մարտից հետո առատորեն պարգևատրել։ Ահա այս տրամաբանությամբ ընդամենը մի դիրքի համար մղվող գործողությունը ստացավ «Տավուշյան մարտեր» պոպուլիստական անվանումը։ Բայց փաշինյանական պրոպագանդիստները այսքանով կանգ չառան, նրանք սկսեցին չափազացված «Տավուշյան մարտերը» համեմատել հարյուրավոր կիլոմետերեր ընդգրկող լայնածավալ Ապրիլյան պատերազմի հետ, իսկ սրա նպատակը ոչ թե 3-րդ բանակային կորպուսի մարտունակության շեշտադրումն էր, այլ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ Փաշինյանի առավելության ընդգծումը, իբրև թե՝  Սարգսյանը դիրքեր ու տարածքներ կորցնող հրամանատար է, իսկ Փաշինյանը՝ դիրք ու հայրենիք ազատագրող։ 

Վերջին միտքը թերևս ամենանողկալին է ու սահմռկեցուցիչը, բայց ցավոք սրտի կապիտան Սանամյանը ազգային հերոս է դարձել հենց այդ համատեքստում, որպեսզի կառավարական ամառանոցում իր կյանքը վայելող այն հայտնի պարոնը ևս մեկ անգամ ընդգծի իր աննախադեպությունն ու անկրկնելիությունը, բացառիկությունն ու հանճարեղությունը։ Որ նրա անձը փառավորվի, եսասիրական կրքերը բավարարվեն, իսկ զինվորների անձնազոհությունն էլ «100 փաստերի» մարմնավորմամբ թանկով վաճառվի քաղաքացիների վրա։ 

Անկախ ամեն ինչից կապիտան Ռուբեն Սանամյանը հերոս է և ընդհանրապես կարելի է ասել, որ բանակի մարտունակության ծանրագույն բեռը ընկած է հենց վաշտի և գումարտակի հրամանատարների վրա։ Առաջին հերթին հենց նրանցից է կախված պատերազմի ելքը, բայց ափսոս, որ հենց մեկի հերոսությունը շեշտադրվեց ներքաղաքական չափազանց ցածր և արժեզրկված համատեքստում։