Վախենալ, որ, գիտեք` եթե Ադրբեջանը դժգոհ է, ուրեմն կգնա էսկալացիայի, սխալ է ու վտանգավոր

Վախենալ, որ, գիտեք` եթե Ադրբեջանը դժգոհ է, ուրեմն կգնա էսկալացիայի, սխալ է ու վտանգավոր

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ

- Հոկտեմբերի 31-ին Սոչիում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ՀՀ վարչապետ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Պուտինը: Քննարկեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ նոյեմբերի 11-ի եւ 26-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը: Ոչ մի խոսք չասվեց Արցախի մասին: Ձեր գնահատմամբ` այս հանդիպումն ինչի՞ մասին էր: 

- Իրականում, Ռուսաստանի համար կարեւոր էր այս հանդիպմանն ամրագրել, որ իրենք են գլխավոր միջնորդը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում: Ընդունված եռակողմ հայտարարությունը, ի տարբերություն նախորդ երեք հայտարարությունների, շատ ավելի ընդհանրական էր: Այստեղ բացակայում էր «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, ինչը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՌԴ թուլության նշան է: Երբ խոսվում է ռուս խաղաղապահների եւ նրանց դերակատարման մասին, չի նշվում, թե որտեղ են դրանք տեղակայված: Հայաստանն էլ, հավանաբար, խուսափել էր ապաշրջափակման մասին այնպիսի ձեւակերպումներից, որոնք կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից: Ուստի, ըստ էության, սա «ոչ-ոքի» հանդիպում էր, որի նպատակը ռուսական միջնորդության վերահաստատումն էր: 

- Որոշ փորձագետների կարծիքով` հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները վերջնականապես «մահացան»: Ի՞նչ կասեք Դուք: 

- Դե, եթե բանակցությունները «մահանան», ապա գործի կդրվի զենքը․ դա վտանգավոր միտում է: Կարեւոր է, որ բանակցությունները շարունակվեն, բայց այդտեղ մենք կարողանանք առաջ մղել մեր կենսական շահերը: Ես այս բանը կասեմ․ Սոչիի հանդիպումը եկավ փաստելու, որ առաջիկայում որեւէ «խաղաղության պայմանագրի» ստորագրում անիրատեսական է, իսկ դա լավ է, քանի որ ով էլ լինի միջնորդը, մեզ ոչ ոք այսօր չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի: Իսկ թղթերի ստորագրում մի իրավիճակում, երբ մենք թույլ դիրքերում ենք, երբ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները եւ որեւէ մեկի կոչով դուրս չի գալիս, չի բխում մեր շահերից: Դրա համար գերադասելի է, որ շարունակվի խելացի դիվանագիտական աշխատանք, նաեւ՝ միջազգային իրավական հարթակներում, եւ, դրան զուգահեռ, շեշտը դրվի ռազմական պոտենցիալի հզորացման, ինչպես նաեւ անվտանգության այլ բաղադրիչների վրա: Ասածս այն է, որ անիմաստ ու վտանգավոր դիսկուրսներին փոխարինելու պետք է գա խելացի աշխատանք հանրության հետ, երբ մարդիկ հստակ գիտակցեն, թե ինչ պետություն է Ադրբեջանը, ինչ նպատակներ ունի, եւ ինչ պետք է անենք՝ այդ նպատակները վիժեցնելու համար: Դրսում փրկիչներ փնտրելու փոխարեն պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծողը բացառապես մենք ենք:

-  Արդյունքում կարո՞ղ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարվել: 

- Հնարավոր է, որ, իրավիճակով չբավարարված, Ադրբեջանը փորձի գնալ նորանոր սադրանքների: Բայց դրանց պետք է պատրաստ լինել, եթե պատրաստ լինենք, կկարողանանք կանխել: Ուղղակի վախենալ կամ քարոզել, որ գիտեք՝ եթե Ադրբեջանը դժգոհ է, ուրեմն կգնա էսկալացիայի, սխալ է ու վտանգավոր: ՀՀ ղեկավարության զիջումները, նշաձող իջեցնել, «հայելային հետքաշման» առաջարկները, նկատի ունեմ՝ Ադրբեջանին «չբարկացնելու» քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ մենք սեպտեմբերին ունեցանք պատերազմ ՀՀ-ի դեմ, ուստի դա արդարացված քաղաքականություն չէ: Պետք է ունենալ տեսլական, մշակված քաղաքականություն եւ առաջնորդվել դրանով, ոչ թե նեղանձնական կամ նեղկուսակցական շահերով: 

- Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս հանդիպմանն էլ ոչ մի խոսք չի հնչել Արցախի հարցի վերաբերյալ: Սա, Ձեր գնահատմամբ, ի՞նչ հանդիպում էր: 

- Հուսով եմ, որ հանդիպումը բովանդակային է եղել: Իրանի ակտիվությունը տարածաշրջանում եւ սահմանների անձեռնմխելիության մասին հստակ դիրքորոշումը մեր շահերին համահունչ են: Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում տարածեց «Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված ապօրինի զինված կազմավորման բացահայտման մասին»: Սա ուղղակի մեղադրանք էր Իրանին, քանի որ հաղորդման մեջ անգամ տեղեկատվություն կար, թե «կազմավորման անդամներից մեկն Ադրբեջան է տեղափոխվել Իրանի դեսպանատան ավտոմեքենայով»։ Դրանից կարճ ժամանակ անց տեղեկատվություն տրվեց, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները զորավարժություններ են սկսում Ադրբեջան-Իրան սահմանին։ Հիշեցնեմ նաեւ, որ որոշ ժամանակ առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր. «Իրանը մեզ մեջքից հարված հասցրեց։ Նրանք մեզ ծախեցին հայերին։ Այն, որ իրենց երկիրը կոչվում է իսլամական հանրապետություն, դեռ չի նշանակում, որ նրանք իսկական մահմեդականներ են»: Կարծում եմ՝ կրոնական գործոնը նման կերպ շահարկելը միայն վնաս է բերելու Ադրբեջանին։ Սակայն այս արշավն Իրանի դեմ գալիս է փաստելու, որ Ադրբեջանը շատ անհանգստացած է Հայաստան-Իրան հարաբերություններով, բայց նրանք մոռանում են, որ իրենք տարածաշրջան են բերել Իսրայելին՝ հենց Իրանի քթի տակ: Իսկ դա չի կարող անտարբեր թողնել Իրանին: Ուղղակի եւս մեկ անգամ կփաստեմ, որ մինչեւ 2020 թ. պատերազմը ստեղծված ստատուս քվոն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն էր, դրա փոփոխությունն Ադրբեջանի օգտին խախտեց տարածաշրջանային ողջ բալանսը՝ առաջացնելով բազմաթիվ խնդիրներ ոչ միայն մեզ, այլեւ տարածաշրջանի այլ երկրների համար եւս: