Ալիեւը՝ ճակատագրական ընտրության առաջ

Ալիեւը՝ ճակատագրական ընտրության առաջ

Խորհրդարանում ունեցած ելույթներով Փաշինյանը փաստեց, որ ինքն ու Ալիեւը խոսում են տարբեր լեզուներով, իրար չեն հասկանում: Ալիեւը պահանջում է Հայաստանի վերահսկողությունից դուրս միջանցք, Փաշինյանն ասում է, որ միջանցքի վերահսկողը պետք է լինի բացառապես Հայաստանը, Ալիեւը պահանջում է 18 կետանոց խաղաղության պայմանագիր, Փաշինյանը՝ 16 կետանոց, Ալիեւը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանում ասում են, որ առնվազն երեք տարի Սահմանադրության փոփոխության հարց օրակարգում չկա: Խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, եւ այս իրավիճակում կա երկու լուծում․ կա՛մ կողմերը հետաձգում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, կա՛մ կողմերից մեկը ճնշում է գործադրում մյուսի վրա՝ ստիպելով նրան համաձայնել իր պայմաններին: 

Այս պահին Հայաստանը ո՛չ ներքին ուժ ունի, ո՛չ էլ արտաքին լծակներ՝ ստիպելու Ադրբեջանին՝ գնալու զիջումների, եթե Ադրբեջանը հրաժարվի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց, Հայաստանն Ադրբեջանի վրա ազդեցության լծակ չունի: Նախաձեռնությունն Ադրբեջանի կողմն է, Ադրբեջանը կա՛մ պետք է հարմարվի գոյություն ունեցող ստատուս քվոյի հետ, կա՛մ հերթական անգամ ագրեսիայի դիմի Հայաստանի դեմ՝ ստիպելով, որ Հայաստանը համաձայնի իր ներկայացրած պահանջներին` վերջնական կապիտուլյացիայի ենթարկի Հայաստանին: Ալիեւը ծանր ընտրության առաջ է, քանի որ երկու տարբերակներն էլ իրենց մեջ վտանգ են պարունակում, Ադրբեջանում տարբեր ուժեր տարբեր դիրքորոշում ունեն այս հարցի նկատմամբ: 

Ադրբեջանական բանակի եւ մյուս ուժային կառույցների ներկայացուցիչները կողմ են, որ Ադրբեջանը հնարավորինս արագ պատերազմ սկսի Հայաստանի դեմ. բանակն ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի` նոր զենքի տեսակներ են ձեռք բերում, զորավարժություններ են անցկացնում, թարմացնում են պայմանավորվածությունները դաշնակից երկրների` Թուրքիայի եւ Վրաստանի հետ: Ադրբեջանական բանակի վերնախավը մտահոգություն ունի, որ առկա ստատուս քվոն Հայաստանի կողմից օգտագործվելու է բանակը վերակազմավորելու եւ վերազինվելու համար, ինչն իրենք արեցին 1994 թվականից հետո: Դրա համար հապաղելը համարում են կործանարար, մանավանդ, որ Հայաստանի վերազինումը կարող է տեղի ունենալ անհամեմատ ավելի արագ՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի, Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: 

Ալիեւը, մեծ հաշվով, դեմ չէ Հայաստանի դեմ պատերազմին, բայց հիմա վիճակը մի փոքր այլ է, քան 2020 թվականի սեպտեմբերին, երբ միջազգային իրավունքն իրենց կողմն էր: Այն ժամանակ Միացյալ Նահանգները, նույն Ֆրանսիան եւ Եվրամիությունը չմիջամտեցին պատերազմին, քանի որ Ադրբեջանը վերականգնում էր իր տարածքային ամբողջականությունը: Հիմա իրավիճակը մի փոքր այլ է․ իրենք պետք է ներխուժեն օտար երկրի տարածք, պետք է գրավեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքները: Էլ հնարավոր չի լինի ասել, որ սահմանները չճշտված են, կամ՝ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում: Ադրբեջանական բանակը կանգնած է այնպիսի բնագծերի վրա, որ հաջորդ քայլով արդեն պետք է մտնի հայկական գյուղեր եւ քաղաքներ, դրանց պատկանելությունն անհնար է վիճարկել: Ճիշտ է՝ Ալիեւը կարող է ասել՝ բա էդ ո՞նց էր, որ Հայաստանը 30 տարի գրաված էր պահում մեր գյուղերն ու քաղաքները, բայց դա արդարացում չի կարող լինել:

Ալիեւը եւ ադրբեջանական քաղաքական վերնախավի առնվազն մի մասը մտավախություն ունեն, որ եթե նոր հարձակում նախաձեռնեն Հայաստանի դեմ ու գրավեն Հայաստանի տարածքի ինչ-որ մաս, ապա Միացյալ Նահանգների եւ Եվրամիության արձագանքը կարող է լինել չափազանց կոշտ: Այդ ժամանակ ո՛չ ԵՄ-ին ադրբեջանական գազի ու նավթի մատակարարումները, ո՛չ ԵՄ երկրներում Ադրբեջանի բարեկամները կարող են չօգնել: Ընդհակառակը՝ ադրբեջանական հարձակումը կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգներն իր անմիջական վերահսկողության տակ վերցնի ադրբեջանական նավթի ու գազի հանքավայրերը, ինչը մեկ անգամ չէ, որ եղել է աշխարհի տարբեր ծայրերում:  

Օրինակ, նույն Միացյալ Նահանգներն Իրաքի դաշնակիցն էին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, Հուսեյնին թույլ էին տալիս իր երկրում հազարավոր քրդերի անպատիժ սպանել, եւ Սադամ Հուսեյնին մի պահ թվաց, որ ինքն ինչ էլ անի, միեւնույն է՝ դաշնակիցներն աչք են փակելու իր արածների վրա: Իրանա-իրաքյան պատերազմից մեկ տարի անց Սադամը բանակին հրաման տվեց մտնել ու գրավել Քուվեյթը, որից հետո ամերիկացիներն ուղղակի ոչնչացրին Իրաք պետությունը՝ նրանից խլելով նավթով հարուստ շրջանները, դրանք հանձնելով քրդերի վերահսկողությանը, որոնց վերահսկողությունն էլ իրենց ձեռքին է: Նույն վիճակն է Սիրիայում եւ Լիբիայում: Ադրբեջանը նրանցից ինչո՞վ է լավը, չլինի՞ թե Ռուսաստանը պետք է պաշտպանի:

Հիմա Ադրբեջանի նախագահն իրեն դրել է միջազգային լուրջ խաղացողի տեղ, մտածում է, որ ինքն այնքան ուժեղ եւ ինքնիշխան է, որ կարող է սեփական խաղը խաղալ, որ նույնիսկ աշխարհի խոշոր տերություններն այլեւս իրեն չեն կարող ցուցում տալ: Բայց, չնայած նման ինքնավստահ կեցվածքին, Ալիեւը կանգնած է լուրջ եւ ճակատագրական ընտրության առաջ. հարմարվե՞լ ստեղծված ստատուս քվոյի հետ` շարունակելով հոխորտալ Հայաստանի վրա, թե՞ խոսքից անցնել գործի` նոր հաղթական պատերազմ սկսելով Հայաստանի դեմ: Բա որ պարզվի, որ Հայաստանն ընդամենը թակարդ է, իսկ Սյունիքի միջանցքը՝ թակարդի պանիրը, բա որ խիյարն այս անգամ թարս բուսնի:

Ավետիս Բաբաջանյան