Եթե արագանա կառավարության փլուզումը, կարագացնեն նաև Արցախի խնդրի լուծումը

Եթե արագանա կառավարության փլուզումը, կարագացնեն նաև Արցախի խնդրի լուծումը

Նախորդ տարիներին, ՌԴ նախագահ Պուտինի այցից առաջ, Հայաստան էին ժամանում նրա անվտանգության աշխատակիցները, սարքավորումներ էին բերում, թիկնազոր, երթուղիներ էին գծում-ստուգում, դիտահորեր էին զմռսում, երբեմն նույնիսկ ասֆալտապատում էին փողոցները, ինչպես եղավ ՌԴ նախագահի 2013 թ․ դեկտեմբերի այցից առաջ։ Այն ժամանակ այցի նախապատրաստումը սկսվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի սկզբից։
Այս անգամ, կարծես, լռություն է, թեեւ ՌԴ նախագահի հոկտեմբերի 1-ին սպասվող այցին մնացել է ընդամենը երկու շաբաթ։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը Հայաստան է ժամանելու՝ Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հյուրի կարգավիճակով հավիրված են նաեւ ոչ անդամ երկրների ղեկավարներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն եւ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն: Տեղեկացված աղբյուրները տարբեր սցենարներ են նախանշում։ Առաջինը՝ որ Պուտինի այցը պետական այց է լինելու, եւ այստեղ նա կմնա երկար։ Երկրորդի համաձայն՝ նա այնքան էլ մեծ ցանկություն չունի Հայաստան գալու, սակայն չի կարող չմասնակցել ԵԱՏՄ նիստին, ուստի կնախընտրի չլարել հարաբերությունները եւ հոկտեմբերի 1-ին կարճատեւ այց կատարել, ընդամենը 2-3 ժամով՝ առանց ճաշի մասնակցելու։ Պաշտոնական տվյալներն առայժմ սուղ են ու ոչ հաստատ։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը հաստատել է այցը, իսկ սեպտեմբերի 11-ին ՀՀ -ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ դեռեւս այցը չեղարկելու հայտարարություն չի արվել, ուստի նախագահ Պուտինը մասնակցելու է գագաթնաժողովին, ինչպես նախորդներին է մասնակցել։ «Հարկավոր է սպասել, որ հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան: Ես այլ տեղեկություն չունեմ»,- ասել էր դեսպանը։

Այնուամենայնիվ, ԶԼՄ-ներում կանխատեսումներ կան, որ Պուտինը կարող է չեղարկել իր նախապես հայտարարած այցը։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու մինչեւ հիմա ՌԴ նախագահի արարողակարգի ու անվտանգության աշխատակիցները չեն գալիս Հայաստան, ասաց․ «Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ դաշտով գործընկերների հետ արդեն բավականին ժամանակ է՝ ընթանում են: Սովորաբար անվտանգային եւ արարողակարգային հարցերը տեղում, համապատասխան պատվիրակությունների մասնակցությամբ, քննարկվում են նման գագաթնաժողովներից առավելագույնը տասն օր առաջ: Ըստ մեր փորձի՝ նախապատրաստական խմբերը նման միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար հրավիրվում են միասնական հանդիպման՝ մեկ օրում, որը մեր կողմից արվել, եւ օրն արդեն իսկ ամրագրվել է։ Նորից կրկնեմ՝ նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են»։

Որքանո՞վ էր նպատակահարմար ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը ԵԱՏՄ գագաթնաժողովից անմիջապես առաջ, մանավանդ, որ Արթուր Վանեցյանը Ռուսաստանի համար ընդունելի գործչի համարում ուներ, եւ արդյոք այն լրացուցիչ ազդակ չի՞ հանդիսանա Պուտինի այցը չեղարկելու համար։ «Կարծում եմ՝ սրանք իրար հետ չկապված պրոցեսներ են, սակայն ժամանակային համընկնումը նշանակում է, որ գոնե պրոցեսներից մեկը չափազանց արագացել է,- պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։- Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ներկա պահին չի ցանկանում ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը, քանի որ ղարաբաղյան հարցի իրենց համար հարմար լուծման համար նրանք ավելի հարմար Հայաստանի ղեկավար չեն գտնի։ Եթե արագանա կառավարության փլուզումը, ապա կարծում եմ, որ կարագացնեն նաեւ Արցախի խնդրի լուծման պրոցեսը, որպեսզի այն ստորագրի Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ ունի ստորագրության իրավունք»։

ՌԴ քաղաքականությանը մերձ քաղաքագետ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Պուտինը չի չեղարկի իր այցը, բայց, մյուս կողմից, ամեն ինչ կախված է նրանից, թե ով կփոխարինի Վանեցյանին։ «Տեսնենք, թե ում են նշանակելու։ Հնարավոր է, որ եթե հանկարծ նշանակեն մեկին, ով սորոսականների խմբից լինի, կարող է եւ հետաձգեն այցը եւ ԵԱՏՄ նիստը տեղափոխեն Մոսկվա։ Բայց չեմ կարծում, որ դա լինի սորոսական, դա գրեթե  բացառում եմ։ Դրան պետք է նախորդեն համապատասխան քայլեր, որոնք այս պահի դրությամբ չեն նախորդել։ Անվտանգության երաշխավորը, սահմանները վերահսկողը Ռուսաստանն է։ Սահմանը պահում է Ռուսաստանը, բազան հսկում է Ռուսաստանը, ո՞նց կարող է ԱԱԾ տնօրենը սորոսական լինել»,- ասում է Հովհաննիսյանը։

Բայց մենք Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում սորոսական ունենք։ «Բացառվում է։ Դժվար է պատկերացնել։ Պետք է լինեն մարդիկ, որոնք ՌԴ-ի հետ աշխատելու փորձառություն ունեն»։ Նախկինում, երբ ՌԴ նախագահը գալիս էր, ճանապարհներն էին զննում, դիտահորեր էին փակում, հիմա մնացել է երկու շաբաթ, ո՞ւր է Պուտինի «պրոտոկոլը», ինչ-որ բա՞ն է փոխվել։ «Ինչ-որ բան է փոխվել։ Այո, Հայաստանն ավելի անվտանգ է դարձել, կարելի է առանց թիկնապահների շրջել»,- կատակեց քաղաքագետը։ Ի դեպ, երեկ Վանեցյանի պաշտոնի հավակնորդի անունն էր շրջանառվում՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան, ով նույնպես պրոռուսական գործչի համարում ունի։