Բա որ Նիկոլին մի բան պատահի…

Բա որ Նիկոլին մի բան պատահի…

Փաշինյան Նիկոլի եւ «Իմ քայլի» չեզոքացման, ապա՝ պատասխանատվության ենթարկման գործընթացը, կարծես, երկարեց: Նրանք Հայաստանում, էլ չեմ ասում կառավարությունում, տեղ չպետք է ունենային կապիտուլյացիայի օրվա՝ նոյեմբերի 9-ի առավոտից, բայց արի ու տես, որ անմարդկային ինչ-որ հատկության շնորհիվ շարունակում են մնալ իրենց աթոռներին եւ ավելի խորը կապիտուլացնել երկիրը: Ո՞վ է մեղավոր՝ ընդդիմությո՞ւնը, առանձին կուսակցություննե՞ր, ժողովո՞ւրդը, ՀՀ նախկին նախագահնե՞րը, Ալիե՞ւը, Պուտի՞նը: Ես համամիտ չեմ այն մարդկանց հետ, որոնք նշյալ շրջանակում են մեղավորներ որոնում ու հենց նրանցից պահանջում՝ հեռացնել Նիկոլին: Իմ կարծիքով՝ ողջ գաղտնիքը Նիկոլի մեջ է: Նրան կարելի է հեռացնել, շատ ներողություն, միայն ֆիզիկապես, իսկ հայերս, ինչպես գիտեք, արյունարբու ժողովուրդ չենք: Մյուս կողմից էլ՝ Փաշինյանին հնարավոր չէ աթոռից պոկել այն պարզ պատճառով, որ աթոռից զրկվել՝ նրա պարագայում նշանակում է ամեն ինչից զրկվել, այդ թվում եւ կյանքից: Նա հրաշալի գիտի իր մեղքը եւ Քրօրի այն հոդվածները, որոնք ցմահ բանտարկությամբ կամ մահապատժով են սպառնում: Հետեւաբար, մնում է սպասել եւ հուսալ, որ Հայաստանը վերջնականապես չի կործանվի մինչեւ Նիկոլի հետ մի բան պատահելը:

Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ անենք, չպայքարե՞նք Նիկոլի դեմ: Իհարկե, պետք է պայքարել, բայց պետք չէ հույս ունենալ, որ Փաշինյանը հրաժարական կտա այդ պայքարի արդյունքում: Դա բացառված է: Ավելին ասեմ՝ Փաշինյանը չի զգում ոչինչ, նրա նյարդերը հանված են, զգայարանները՝ «զագլուշկա» արված: Նա հայ ժողովրդին ու հայաստանյան քաղաքական ուժերին իրեն արժանի հակառակորդ չի համարում եւ անում է այն ամենը, ինչ նրան թելադրում են դրսից՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, սորոսական կենտրոններից եւ այլ տեղերից: Էն, որ Արարատ Միրզոյանին են մեղադրում երկու տիրոջ ծառայելու մեջ, դեռ ոչինչ: Փաշինյան Նիկոլի վիճակն այդ առումով ավելի ծանր է:

Նիկոլի մասին նոր ու հետաքրքիր բացահայտումներ անելու պատիվը վերապահենք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, իսկ մենք մի փոքր խորհրդածենք մեր ԱԱԾ-ի շուրջ, որի հետ, ի դեպ, մեծ հույսեր էինք կապում, որ մի գեղեցիկ օր Նիկոլին կնետի պադվալ ու մեզ կազատի այս թավշյա թյուրիմացությունից: Հայաստանում մարդ կա՞, որ ԱԱԾ-ից չի վախենում: Թերեւս միայն հոգեկան հիվանդներն ու դեգեներատները, որոնք ոչ թե ուղեղով, այլ մարմնի ուրիշ մասերով են մտածում: Ահավասիկ, ձեր խոնարհ ծառան եւս միշտ աչքի է ընկել ԱԱԾ-ի հանդեպ նկատելի ակնածանքով, հարգանքով ու վստահությամբ: Այդ հիմնարկով «անցնող» ծանոթներիս միշտ մի անբացատրելի նախանձով եմ նայել, մտածել, որ այդ մարդիկ են մեր երկրի, հետեւաբար նաեւ իմ անվտանգության երաշխավորը: Իսկ նրանք ինձ նաեւ վստահեցնում էին, որ ով էլ լինի ՀՀ ղեկավարը, ԱԱԾ-ն եւ, առհասարակ, անվտանգության համակարգը, թույլ չի տա, որ այդ մարդը որեւէ կերպ սասանի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն ու անվտանգությունը:

Ճիշտ այդպիսին էր նաեւ ԽՍՀՄ КГБ-ն՝ նույն գործառույթներով եւ նույն առաքելությամբ: Մինչեւ արցախյան վերջին պատերազմը ես մտածում էի, թե Նիկոլ Փաշինյանն այնպիսի բան չի արել եւ չի անի, որ ԱԱԾ-ն միջամտի: Բայց, ավաղ, այդպես չեղավ: Փաշինյանի օրոք եւ նրա ձեռամբ ԱԱԾ-ն մեր ահարկու պատվարից վերածվեց մի շարքային իրավապահ կառույցի, որի մասին սկսեցին նույնիսկ անեկդոտներ պատմել: Եթե մի այդպիսի ծառայություն չի կարողանում բացահայտել հենց իր ղեկավարի սպանությունը, ապա ուրիշ ի՞նչ պահանջես նրանից: Իսկ ծիծաղելի չէ՞, որ ԱԱԾ-ն, ինչպես ուչաստկովին կաներ, սանդուղքով բարձրանում է ՍԴ նախագահի հայրական տան կտուրը, որ այնտեղ գտնի բաներ, որոնց մասին պատկերացում անգամ չունի:

Ծիծաղելի չէ՞, որ ԱԱԾ-ին հանձնարարում են ֆեյքեր ու սատանաներ բռնել, կոռուպցիա հայտնաբերել մանկապարտեզներում եւ այլուր: Ընդամենը մի գործ տամ ԱԱԾ-ին, թող պարզեն, եւ ես ներողություն կխնդրեմ այդ կազմակերպությունից ու կընդունեմ, որ պրոֆեսիոնալների թիմ է աշխատում: Բացահայտեք, խնդրեմ, ողորմած հոգի Մանվել Գրիգորյանի տուշոնկա-սգուշչոնկայի պատմությունը: Ո՞վ սարքեց, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջոցով: Կանե՞ք: Չեք անի: Գրազ կգամ, որ չեք կարող բացահայտել այդ գործը, որովհետեւ տուշոնկի գործը բացահայտել՝ կնշանակի բացահայտել սեփական նախաձեռնությամբ իրականացված այդ խայտառակ ծրագիրը: ԱԱԾ-ի ծանոթիս դեռ 2018թ. գարնանն էի ասում՝ սա հեղափոխություն չէ, հեղկատակություն է, երկրի դեմ դավ է նյութվում: Ծիծաղում էր՝ դե լավ, հա, ի՞նչ դավ: Ասում էի՝ սա Ղարաբաղը ծախելու է: Էլի ծիծաղում էր՝ չի կարող, գլուխը կպոկենք… Եվ ի՞նչ տեղի ունեցավ… Իսկ Փաշինյանը ձեռնոցների պես ԱԱԾ ղեկավարներ էր փոխում՝ թե՛ մինչեւ պատերազմը, թե՛ պատերազմի ժամանակ եւ թե՛ պատերազմից հետո:

Իսկ հիմա ուզում եմ ուղիղ հարց տալ ԱԱԾ-ին՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ Միքայել Մինասյանը գիտի ամեն ինչ, իսկ մյուսները ոչինչ չգիտեն: Որտեղի՞ց նրան «ծխախոտ գեյթի», 5 միլիարդանոց գործարքի, Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին տեղեկությունները: ԱԱԾ-ն է, չէ՞, տալիս: Ոչ պաշտոնապես, իհարկե, բայց միայն ԱԱԾ-ի հետ համագործակցելով, չէ՞, կարելի է նման տեղեկատվություն ունենալ: Այսինքն՝ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, ցանկության դեպքում կարող է առավել լուրջ բացահայտումներ անել եւ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, եթե, ասենք, Շուշին դավաճանաբար հանձնելը լիուլի բավարար է հանձնողին ձերբակալելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ որեւէ քայլ չի արվում այդ ուղղությամբ՝ անարյուն ու ապահով Փաշինյանի համար: Այլապես փողոցում՝ հանրահավաքների, երթերի, հանդիպումների ժամանակ մարդիկ հարցնում են. «Բա լավ, ձեր մեջ մեկը չկա՞, որ «դրան ճակատից գյուլլի, պրծնենք»: Մինչեւ երկար-բարակ բացատրում-հասկացնում ես, որ պատերազմից հետո մի հատ էլ ներսում սալյուտ չեն խփում, մարդը ձեռքը թափ է տալիս ու հեռանում է: Ահա եւ մտեք իմ վիճակի մեջ, հարգելի ԱԱԾ: Հիմա որ Նիկոլին մի բան պատահի, ո՞վ է մեղավոր: