Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարը զրուցել է մի շարք գործընկերների հետ
Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև մոլդովացի, լեհ, ռումինացի և թուրք գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։
Ըստ Սիբիգայի՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ «հիանալի» հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկրների միջև ռազմավարական գործընկերությունը. «Մենք քննարկել ենք ռազմական օգնությունն արագացնելու, Խաղաղության բանաձևը խթանելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղիները»։
Ուկրաինացի նախարարը Բլինքենին ասել է, որ «անհամբեր սպասում է երկու ժողովուրդների ընդհանուր արժեքները պաշտպանելու համար սերտ համագործակցությանը»:
Սիբիգան իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ զրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի ամրապնդումը, Խաղաղության բանաձևի իրականացումը և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը։ Նախարարները համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից առաջ և «կենտրոնացել են երկուստեք քաղաքական երկխոսության զարգացման վրա»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Գերագույն Ռադան Դմիտրի Կուլեբայի փոխարեն արտաքին գործերի նախարար է նշանակել Անդրեյ Սիբիգային։
Կարծիքներ