Որոնք են ամենաթանկ դեղամիջոցները

Որոնք են ամենաթանկ դեղամիջոցները

Դեղագործական ընկերությունների համար ամենաթանկը օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների համար ցավազրկող դեղամիջոցների, ինչպես նաեւ՝ ակնաբուժական դեղերի մշակումն է։ Eastern Research Group-ի հրապարակած զեկույցի համաձայն, նմանատիպ յուրաքանչյուր նոր դեղամիջոցի ստեղծման համար ծախսվում է 314 միլիոն դոլարից մինչեւ 4,46 միլիարդ դոլար։ Միջինը շուկա նոր մոլեկուլի դուրս բերման համար անհրաժեշտ է 879,3 միլիոն դոլար։ Ամենաթանկը ցավազրկողներն են։

Նոր ցավազրկողի մշակումը 1,2 միլիարդ դոլար արժե, ակնաբուժական պրեպարատինը՝ 1,09 միլիարդ։ Աղեստամոքսային համակարգի բուժման համար նախատեսվող դեղամիջոցների ստեղծումը արժի 965,3 միլիոն դոլար, սիրտ-անոթային համակարգի բուժման համար դեղերի մշակումը՝ 890,3 միլիոն դոլար։ Ապա գալիս են արդեն կենտրոնական նյարդային համակարգի բուժման համար նախատեսվող դեղամիջոցները, որոնց մշակումն արժի 794,6 միլիոն դոլար, էնդոկրին խանգարումների բուժման համար նախատեսվող պրեպարատները, որոնք արժնեն 780 միլիոն դոլար, արյան հիվանդությունների դեմ նախատեսված դեղերը, որոնք արժեն 720,4 միլիոն դոլար, եւ շնչառական համակարգի եւ մաշկի հիվանդությունների համար նախատեսվող դեղերը, որոնք արժեն համապատասխանաբար՝ 686,4 եւ 683,1 միլիոն դոլար։

Գնային «ոսկե տասնյակից» դուրս են մնացել իմունամոդուլյատորները, որոնց մշակումն արժի 605,8 միլիոն դոլար, միզասեռական համակարգի դեղամիջոցները (394,9 միլիոն դոլար) եւ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ նախատեսված դեղամիջոցները, որոնց մշակումն արժի 378,7 միլիոն դոլար։