ՊԵԿ-ը գլուխ գովելու իրավունք չունի

ՀՀ պետեկամուտների կոմիտեն երեկ հայտնեց, որ 2025 թվականի հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ դրամով կամ 31.1%-ով: Հարկայինը հավաքագրել է շուրջ 220.6 մլրդ դրամ, նախորդ տարվանից 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի: Իսկ մաքսայինը` 32.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավելի է 5.9 մլրդ դրամով կամ 21.8%-ով: Այսինքն, հարկային եւ մաքսային մարմիններն ընդհանուր հավաքագրել են 253.4 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է 20.6 մլրդ դրամ: Արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 232.8 մլրդ դրամ:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին «Հրապարակը» խնդրեց մեկնաբանել` ինչի հաշվին է այս աճը: Նա ասաց, որ ՊԵԿ-ը դեռեւս չի հրապարակել հունվար ամսվա հարկային վիճակագրությունը, չի հրապարակել նաեւ Վիճակագրական կոմիտեն, եւ այդ մասին ավելի հստակ կարելի է խոսել վիճակագրության հրապարակումից հետո: «99 տոկոսով հայտարարում եմ, որ դա նորից ավելացված արժեքի հարկի հավաքագրման արդյունքն է: Դեկտեմբեր ամիսը սովորաբար ամբողջ տարվա ընթացքում համարվում է ամենաբարենպաստ ամիսը, որովհետեւ մարդիկ պատրաստվում են ամանորին: Օրինակ, խանութներ, սուպերմարկետներ, այդ թվում՝ հագուստի խանութներ, նվերների խանութներ, ամենամեծ վաճառքը միշտ ունենում են դեկտեմբեր ամսին: Եվ դեկտեմբեր ամսվա համար վաճառքների համար հարկերը վճարում են հունվարին, որովհետեւ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շրջանառության հարկի հաշվետու ժամանակաշրջանի ավարտը դեկտեմբերի 31-ն է, իսկ հարկի վճարման վերջնաժամկետը՝ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, այսինքն, մինչեւ հունվարի 20-ը պետք է վճարվեն դեկտեմբեր ամսվա ավելացված արժեքի հարկը, դեկտեմբեր ամսվա եկամտային հարկը եւ վերջին եռամսյակը, այսինքն` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների շրջանառության հարկը: Սա է պատճառը, որ շատ է հավաքագրվել»,- ասաց Սարգսյանը:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ամանորի ժամանակահատվածում, բնականաբար, հյուրանոցային ու ռեստորանային տնտեսություններն են ծանրաբեռնված աշխատում, մարդիկ նախընտրում են ամանորյա հանգիստն անցկացնել Երեւանից դուրս գտնվող հյուրանոցներում, հյուրատներում, եւ բնական է, որ այստեղ էլ է շրջանառության զգալի աճ գրանցվել: «Հետեւաբար, հունվար ամսով իրավունք չունենք չափելու, բնական է, որ հունվար ամսին հավաքագրումը պետք է շատ լիներ: ՊԵԿ-ը եւ գործող իշխանությունը իրենց գլուխը գովելու առիթը երբեք բաց չեն թողնում, բայց այս ամեն ինչի հետ իրենք կապ չունեն: Հաջորդ շատ հավաքագրումը լինում է ապրիլ ամսվա ընթացքում, որովհետեւ ապրիլ ամսին մարդիկ վճարում են նախորդ տարվա շահութահարկերը»,- ասաց Սարգսյանը:
Կարծիքներ