Հայաստանում շատ աշխատելը նշանակո՞ւմ է շատ վաստակել

«Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»,- ահա այսպիսի գրառում էր այսօր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում եւ նոր կրքեր բորբոքել հանրության շրջանում։
Երկրի ղեկավարի այս հայտարարությունը հետաքրքրական է նաեւ այն համատեքստում, որ բոլորովին վերջերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկեց կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ դարձնելով 7 ժամ՝ օրական 8-ի փոխարեն։ Համապատասխանաբար, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը դնելով հանրային քննարկման։
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հակասություն չկա՞ երկրի ու երկրի ղեկավարի անձնական դիրքորոշումների մեջ։ «Հիմա Եվրոպայում, հատկապես՝ Շվեդիայում, Նորվեգիայում, նույնիսկ 4 օրվա աշխատանքային շաբաթվա են անցնում, այսինքն՝ ոչ միայն 8 ժամի փոխարեն 7 ժամ են աշխատում, այլեւ շաբաթը 5 օրվա փոխարեն 4 օր են աշխատում։ Այսինքն՝ այս մոտեցումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում, որպեսզի մարդն ավելի շատ ժամանակ ունենա՝ ինքն իրենով զբաղվելու, կարդալու եւ այլնի համար։ Սակայն սա զարգացած երկրների մասին է, ոչ՝ Հայաստանի, ու երբ հասնենք իրենց մակարդակին, նույն հաջողությամբ, հավեսով կարելի է կրճատել ժամերը։ Դա գալիս է նրանից, որ կենսամակարդակն այնտեղ բարձր է, մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 10 անգամ ավելի շատ է, քան Հայաստանում, այսինքն՝ իրենց բարեկեցիկ կյանքը քիչ թե շատ ապահովված է, եւ դրա համար ավելի շատ ժամանակ է իրենց տրվում՝ իրենց զարգացմանը, ինքնակրթվելուն»։
Հայաստանում շատ աշխատելը մի՞շտ է նշանակում շատ վաստակել։ «Շատ աշխատելը՝ իհարկե, վնաս չէ, օգտակար է, բայց չափազանց շատ աշխատելն առողջության համար է շատ վնաս։ Շատ աշխատելն օգտակար է, եթե քո սիրած աշխատանքն է, եթե դու ստիպված չես աշխատում, որ հացի փող աշխատես ընտանիքիդ համար։ Իսկ Հայաստանի կենսամակարդակը ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այնքան ցածր են, որ այստեղ աշխատողների գրեթե 80 տոկոսն աշխատում է միայն նրա համար, որ կարողանա ընտանիք պահել, այսինքն՝ հացի խնդիր են լուծում, ու այս պարագայում ասել, որ շատ աշխատելը շատ վաստակել է, այնքան էլ ճիշտ չէ։ Քանի որ այս դեպքում շատ աշխատելը գալիս է ոչ թե նրանից, որ դու հավեսով, հետաքրքրությամբ ու մեծ ուրախությամբ ես աշխատում, այլ ստիպված ես դա անում, նույնիսկ՝ եթե չսիրված աշխատանք է, բայց, ուզած-չուզած, անում ես, որովհետեւ ուրիշ ելք չունես։ Խնդիրը դրա մեջ է, թե չէ, ընդհանուր առմամբ, իհարկե, ավելի լավ է առողջ ու հարուստ լինել, քան հիվանդ ու աղքատ»։
Վարչապետի գրառումը Հայաստանի դեպքում որքանո՞վ է ճիշտ բանաձեւում, որովհետեւ այսօր մարդիկ մի քանի տեղ են աշխատում եւ շարունակում են վատ ապրել։ «Իհարկե, դա լավ կյանքից չէ, որ մարդիկ մի քանի տեղ են աշխատում, եւ, ինչպես նշեցի, շատ աշխատելը լավ է միայն այն դեպքում, եթե դա քո սիրած աշխատանքն է, եւ աշխատում ես ոչ միայն հացի գումար վաստակելու համար, այլ ամեն ինչով ապահովված ես եւ աշխատում ես, որովհետեւ քեզ դուր է գալիս այդ աշխատանքը։ Դա բոլորովին ուրիշ կարգավիճակ է եւ ուրիշ իրավիճակ՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական առումով։ Մենք դեռ այդ մակարդակին չենք հասել»,- ասում է Գ․ Պողոսյանն ու նկատում, որ միանգամայն հասկանալի է այն մարդկանց զայրույթը, ովքեր վիրավորվել են Փաշինյանի գրառումից եւ արձագանքել նրան հենց իր ստատուսի տակ, քանի որ այդ մարդիկ բոլորովին այլ իրավիճակում են գտնվում։
Լավ ապրելը միայն փողի՞ հարց է, դիցուք, եթե շատ փող ունեցար, կարո՞ղ ես լավ ապրել։ «Լավ ապրելը կապել միայն նյութականի հետ ու հոգեւորն անտեսել, չընդգրկել՝ մեծ սխալ է։ Այսինքն՝ ով շատ փող ունի, նա լա՞վ է ապրում, այդպես չէ, իհարկե, որովհետեւ մարդը միայն նյութականով չի ապրում, այլ նաեւ՝ հոգեւորով։ Հոգեւոր հարստությունն աշխատավարձի հետ կապ չունի»։
Տարիներ առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, որ աղքատությունը մարդկանց ուղեղում է․ այս առնչությամբ սոցիոլոգը նկատում է․ «Ասել, որ աղքատությունը մեր ուղեղում է, սխալ է՝ ինչո՞ւ, որովհետեւ եթե երկիրը կարող է ապահովել իր քաղաքացիներին լավ աշխատավայրով, նորմալ աշխատավարձով, բարեկեցիկ պայմաններով, բայց քաղաքացին չի աշխատում, որովհետեւ ծույլ է, դա մի բան է, եւ բոլորովին այլ բան է, երբ գործազրկությունը քո երկրում 23-25 տոկոս է, մարդիկ երկրից հեռանում են, որովհետեւ աշխատանք են փնտրում ռուսաստաններում ու այլ երկրներում։ Այս պայմաններում ասել, որ աղքատությունը քո գլխում է՝ ճիշտ չէ, որովհետեւ աղքատությունը մեր երկրում է, մեր տնտեսական-սոցիալական իրավիճակում, հետո նոր ամենավերջում՝ մարդու գլխում։ Հակասությունն այստեղ է՝ երկրի սոցիալական իրավիճակը եւ մարդու՝ ծույլ կամ աշխատասեր լինելը, որոնք լրիվ տարբեր բաներ են»։
Կարծիքներ