Կամերաները պետք է դեմոնտաժ անել, ուղարկել սահման

Կամերաները պետք է դեմոնտաժ անել, ուղարկել սահման

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հանդես է եկել ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննման դադարեցման մասին օրինագծով։ Առաջարկում է, որ ամեն տրանսպորտային միջոց, ըստ իր զանգվածի, վճարի ճանապարհային հարկը։ Նաև այսօր գործող բնապահպանության հարկում նախատեսվում են իջեցումներ՝ պայմանավորված շարժիչի հզորությամբ։ Բենզինով, գազով աշխատող մեքենաների տերերն այլ գումար կվճարեն, դիզվառելիքով աշխատողները՝ այլ։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ տեխնիկական զննման կայաններն արհեստական գործառույթ են իրականացնում։ Նախագծի հիմնավորման մեջ ներառված տվյալների համաձայն՝
տեխզննման կտրոնի վաճառքից 2017-ից պետբյուջե է մտել 6 մլրդ 522 մլն դրամ։ Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը կողմ է այս նախագծին։ Ասում է, որ եթե մի բան ձևական է, ավելի լավ է՝ չլինի։ 

«Սա անիմաստ է, մինչ օրս եթե մեքենայիս ես տիրություն չանեմ, ոչ մի տեխնզննում դա չի անի։ Չի ասի՝ էսինչ բանը չի աշխատում՝ չի կարելի մեքենան շահագործել։ Ու տենց՝ բոլորին։ Գնացիր, վճարեցիր, վերցրեցիր կտրոնը, գնացիր»,- ասաց Վահագն Սահակյանը։ 

Նա կարծում է, որ մեքենաները նորմալ վիճակի բերելու և իսկապես տեխզննում անցնելու համար պետք է, որ այդ կազմակերպությունները լինեն պետական, ոչ թե մասնավոր։

«Սա պետք է լինի պետական գործառույթ, պետությունը պետք է անի։ Այսինքն՝ ի սկզբանե համակարգը սխալ է մտածված։ Եվ այստեղից պետք է վերացված լիներ կոռուպցիան, որ ոչ ոք չկարողանար փողով այդ թուղթը վերցնել»։

Վահագն Սահակյանն ասում է, որ տարվող քաղաքականությամբ՝ մինչ այժմ և հիմա, պետությունը դարձել է միայն հարկահավաք, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի ուզում վերցնել։ Այդ թվում՝ տեխնիկական անվտանգության։

Նա նկատեց, որ վերջերս մի զավեշտալի դեպքի է ականատես եղել, ավելի ճիշտ՝ ականջալուր եղել, երբ երթևեկության անվտանգության համար Վայքում տեղադրված տեսախցիկը հանվել է այն պատճաբանությամբ, թե դրա շահագործումը տնտեսապես ձեռնտու չէ։ Այսինքն՝ սարքը նախատեսված չէ անվտանգություն ապահովելու, այլ շահույթ ապահովելու՝ փող աշխատելու համար։

«Երբ սկսում ենք կամերաներով տուգանք գրել, դա վերածվում է բիզնեսի։ Բայց դա պետք է դաստիարակչական բնույթ ունենա, ոչ թե տնտեսապես․․․․»,- մեկնաբանում է Սահակյանը և ավելացնում, որ  խախտումները պետությանը ձեռք են տալիս, և այս ամենը դիտարկվում է որպես բիզնես։

Ոլորտի փորձագետի ամփոփմամբ՝ պետք է բոլոր տեսախցիկները դեմոնտաժ անել, ուղարկել սահման։ Կամ էլ դրանք օգտագործել միայն վրաերթերի համար, երբ տեսախցիկները հետ տալու և ինչ-որ բան արձանագրելու կարիք կա։

Դեռ տարիներ առաջ Վահագն Սահակյանը ՊԵԿ-ին առաջարկել է  տաքսիների ու քաղաքային տրանսպորտի բեռնաթափման ու վերջիններիս անվտանգության լուծումներ, որոնց վերաբերյալ թե՛ նորերը, թե՛ հները, Սահակյանի խոսքով, նույն պատասխաններն են տալիս։ Ավելին՝ ղեկավարները փոխվել են, մարդիկ, որոնց հետ քննարկում են առաջարկները, նույնն են։

«Հիմա շատ ակտուալ հարց կա, չէ՞, անվտանգության խնդիրը, երբ վարորդների մոտից դանակներ, մահակներ են հայտնաբերվում, նա էլ ասում է՝ բա ես էլ եմ վախենում, մարդ է նստում մեքենան, սպառնում է, գումար տանում։ Մենք համակարգ ենք առաջարկել տաքսիների համար, կոնկրետ՝ հաշվիչի տեսքով, որ բոլոր խնդիրները լուծում է, հարկահավաքությունից սկսած, մինչև անվտանգություն»։

Մասնավորապես, ցանկացած վարորդ, եթե կասկած ունի, որ իրեն վտանգ է սպառնում, մի հատ կոճակ սեղմելով՝ ՃՈ ամենամոտ աշխատակցի ուշադրությունը հրավիրում է մեքենայի վրա»,-ներկայացրեց փորձագետը։ Նրա խոսքով՝ այս սարքի միջոցով նաև ամեն պատվերից գոյացող հարկը գնում է ուղիղ ՊԵԿ։

ՊԵԿ-ից էլ ի պատասխան առաջարկել են ներկայացնել միջազգային սերտիֆիկատներ, որ այդ տվյալները փոխող չի լինի։ Իսկ դա նշանակում է միլիոնների ծախս՝ միջազգային սերտիֆիկատների ձեռքբերման համար։