«Հրապարակ». Վարչապետի փոփոխություն չեն պահանջում

«Հրապարակ». Վարչապետի փոփոխություն չեն պահանջում

Էդմոն Մարուքյանը, որը ցած չի իջնում լրատվամիջոցներից, սակայն իշխանական եւ արեւմտյան ԶԼՄ-ներին է նախապատվություն տալիս, երեկ մեր հարցին, թե անվստահություն կհայտնի՞ ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին, 10 անգամ կրկնեց` չի լսվում-չի լսվում, անջատեց հեռախոսը եւ դարձավ անհասանելի: Փաշինյանի հետ տարաձայնություններ ունեցող ԼՀԿ-ն սինխրոն է նրա ղարաբաղյան մոտեցումների հետ եւ անգամ հայտնի «ծեծից»  հետո չի պատրաստվում անվստահություն հայտնել Փաշինյանին։ «Նման հարց օրակարգում չի եղել, չկա»,- ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Մինչեւ ո՞ւր կլարվեն իշխանություններ-ԼՀԿ հարաբերությունները։ «Ո՞նց կարող ենք նման կանխատեսում անել»: Տեսակետ կա, որ ԼՀԿ-ն ցանկանում է մաշել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, հանուն ո՞ւմ եւ ինչի՞։ «Մեր գործունեությունը որեւէ անձի դեմ կամ հանուն չէ, մենք բացառապես հանուն պետության ենք»: Խոսվում է, որ դուք գործընթացը տանում եք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ «Արտահերթ ընտրություններ կարող են լինել մի դեպքում՝ եթե խորհրդարանն ի վիճակի չլինի իր առջեւ դրված խնդիրները լուծել. մենք համաձայն չենք առանձին գործընթացների հետ, բայց դեռեւս դա չի նշանակում, որ մենք գտնում ենք` ԱԺ-ն իր լիազորությունները չի կատարում»: Դեռ որքա՞ն եք «ծեծվելու»։ «Ցույց կտա ժամանակը»: Ի դեպ, մեկ այլ ԼՀԿ-ական էլ ասաց. «Կարելի է ինչ-որ փուլում կազմակերպել, այսպես ասած` խորհրդարանական վարչապետափոխություն, 88 հոգու մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն այդ պրոցեսին, սակայն պետք է հաշվի առնել շատ կարեւոր հանգամանք` Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ժողովրդի մեջ դեռ բարձր է, եւ գործընթացը չի տա այն էֆեկտը, որն անհրաժեշտ է։ Ժողովրդի մեջ ափսոսանք կմնա Փաշինյանի ապավարչապետացոմից, ուստի պետք է համբերել»: