Չգիտենք էլ, թե ում դեմ և հանուն ինչի ենք կազմակերպում․ Վալենսիայում հայերը ցույց կկազմակերպեն

Չգիտենք էլ, թե ում դեմ և հանուն ինչի ենք  կազմակերպում․ Վալենսիայում հայերը ցույց կկազմակերպեն

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Վալենսիայում տեղի կունենա ցույց` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, հանուն խաղաղության և պատերազմների կանխարգելման։ Ցույցը կազմակերպել է  Վալենսիայի հայ համայնքը, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող և ամեն օր հայրենիքի ցավով ապրող, տառապող հայերը, ովքեր, համայնքի նախագահի՝ Արարատ Ղուկասյանի խոսքով, չգիտեն էլ, թե ու՜մ դեմ և հանուն ինչի՜ են  կազմակերպում ցույց։ Քանի որ 44-օրյա պատերազմի դառը փորձը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը բավականին հեռու է «Հայաստան» եզրույթից, այնքան, որ շատ ժամանակ նույնիսկ չի նկատում նման պետության գոյությունը Երկիր մոլորակի վրա։ 

«Հարցնում եմ՝ ովքե՞ր են մեղավոր դրանում` Արևմու՞տքը, Ռուսաստա՞նը, Իրա՞նը, Հնդկաստա՞նը։ Կարծում եմ, որ հարցի պատասխանը պարզից էլ պարզ է. մեր բոլոր ձախողումների մեղավորը մենք ենք։ Մենք` մի հավաքական դերանուն, որը տրոհվել է բազմաթիվ ես-երի, երբ մեր մեջ գլուխ է բարձրացնում եսասիրությունը և կրկնակի անգամ ավելի շատ դու-երի, երբ գալիս է պահը` մեղավորներ փնտրելու. ես առաջին պատասխանատուն եմ, բայց ե՞ս եմ առաջին մեղավորը: Ես «լինել» օժանդակ բայն ու «ը» որոշիչ հոդը շեշտում եմ ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մեր երկրի արկածախնդիր գերագույն գլխավոր հրամանատարն է շեշտում մինչ օրս` մեղադրելով ամեն ինչում բոլորին, բացի իրենից։ Ահա, ես կարծում եմ, որ մենք մեզ հետ վարվում ենք նույն ձևով. մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից։ Մեղադրում ենք իրենց շահերը հետապնդող բոլոր պետություններին, որոնք ներկայիս աշխարհում հակված են միայն լսել ուժեղին։ Իսկ մենք չափազանց թույլ ենք։ Մենք թույլ ենք այնքանով, որ ի վիճակի չենք պետություններին բացատրելու, որ մեր հաղթանակը խաղաղության գրավականն է, հենց իրենց խաղաղության։ Ի վիճակի չենք, քանի որ խաբեցինք ինքներս մեզ, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մեր գերագույն գլխավոր հրամանատարը խաբում է բրյուսելներում, վաշինգտոններում և մոսկվաներում։ Իսկ ինչպե՞ս ես ուզում, որ վերաբերվեն «իրեն գժի տեղ դրած ղեկավարին ու իր ղեկավարած երկրին»: Պարզ է, չէ՞, որ նույնկերպ պիտի ընդունեն մեզ միջազգային բոլոր հարթակներում։ Հիմա մենք այսօր ցույց ենք անում, մենք` հայրենիքի վշտով տառապող հայերս։ Եվ նորից նույն հարցն է ծագում՝ ու՞մ դեմ և հանուն ինչի՞: Ինձ որ հարցնեին, ես կասեի, որ առաջին հերթին ցույցեր պետք է տեղի ունենան աշխարհի բոլոր երկրների Հայաստանի դեսպանատների դեմ, իսկ Հայաստանում` կառավարության դեմ։ Մեր բողոքը պիտի ժայթքի մեր մեջ պարտվողականություն, պարտվողի հոգեբանություն սերմանած իշխանությունների դեմ, ովքեր հիմա բանակցում են մեր թշնամու և մեզ խղճացողների հետ։ Ուստի մեզ ոտնատակ են տալիս թե մեկը և թե մյուսը։ Հիմա մենք ուզում ենք, որ մեզ լսեն։ Իհարկե չեն լսելու. այս աշխարհը վաղուց արդեն դադարել է լսել ողորմություն խնդրողներին, լացողներին, խեղճերին... »,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Ղուկասյանը՝ ափսոսանքով նշելով, որ վալենսիական Միսլատա քաղաքի քաղաքապետարանի ճակատին փակցված է Ուկրաինայի դրոշը, որին մեծատառերով գրված է․ «Միսլատան Ուկրաինայի հետ է»։

«Վերջին պատերազմական գործողությունների ժամանակ ինձ դիմեցին քաղաքի մի քանի կուսակցությունների խոսնակներ` իրենց աջակցությունն առաջարկելով և հարցնելով, թե ինչով կարող են օգտակար լինել։ Միայն մի բան խնդրեցի. քաղաքապետարանի ճակատին, թեկուզև չափերով ավելի փոքր, փակցնել Հայաստանի դրոշը` «Միսլատան Հայաստանի հետ է» վերտառությամբ։ Մերժեցին` պատճառաբանելով, որ կենտրոնական կառավարությունն արգելում է։ Սա մի փոքրիկ օրինակ է մեր` գոյություն չունեցող դիվանագիտության մասին։ Նույն այս հսկայական բացի և կառավարության կեղծ խաղաղության օրակարգի պատճառով դադարեցվել է նաև Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը մեկ-երկու տարի առաջ, ամենայն հավանականությամբ, մեծ ձեռքբերումներ կգրանցեր։ Իսկ հիմա, բացի այն, որ այդ գործընթացը մահամերձ վիճակում է գտնվում, մյուս կողմից էլ իսպանական բոլոր հեռուստաալիքները լցվել են թուրքական սերիալներով, որոնք թուրք հասարակության, ընտանիքի և այլ արժեքների թյուր կարծիք են ստեղծում իսպանացիների մոտ, ովքեր, իհարկե, անպայմանորեն փոխում են իրենց կարծիքն այդ երկրի և ժողովրդի նկատմամբ։ Եվ ակամայից նաև տեսնում ես բռնություն քարոզող ու դեռ շարունակվող մեր հեռուստաաղբը և մտածում, որ նույնիսկ այստեղ ենք մենք պարտվում։ Իսպանական մամուլը չափազանց թռուցիկ և իրարամերժ կարծիքներ լուսաբանեց ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ` մեծամասամբ երկուստեք կարծիքների ու հայտարարությունների վրա հիմնված։ Էլի հին ու ծեծված հայտարարությունները ողողեցին մամուլի էջերը. բոլորը կոչ են անում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա մենք այս հանրության մեջ պիտի դուրս գանք ցույցի»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Հարցին, թե այս պայմաններում ինչ ակնկալիքներ ունեն, պատասխանեց․ « Ոչ մի: Պարզապես այլևս չգիտենք` ի՜նչ անել, ումից ի՜նչ խնդրել կամ, ընդհանրապես, անե՞լ ինչ-որ բան, թե՞ չէ։ Պատերազմ հրահրողը, ազգին ի սկզբանե խաբող-մոլորեցնողը և ցայսօր պարտվողը նույն ազգին այնքան մանր մասերի է տրոհել ու ճենապակու պես զգետնել, փշրել, որ հիմա այդ կտորներն ու փշուրները հավաքելը գրեթե անհնար է։ Վերջինս արվեց հայրենիքում և սփյուռքում հավասարապես, և այդ քաղաքականությունը նրանք չէին թաքցնում. եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, կարծեմ` հենց Փաշինյանն էր ասել, որ իրենք սփյուռքի հետ պիտի աշխատեն անհատական, յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին: Իսկ դրա համար լավագույն պառակտողն արդեն ընտրվել էր` ի դեմս Զարեհ Սինանյանի»։

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր միջազգային հանրության աշխարհաքաղաքական շահերը բախվում են Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ` Սյունիքում, որը կամ կդառնա թուրք-ադրբեջանական կամուրջ, կամ Հայաստանի հզորացման էպիկենտրոն:
 
«Մենք ի վերջո չենք կարողանում գիտակցել, որ պատերազմում են հենց խաղաղ ժամանակ, որպեսզի պատերազմ չլինի։ Այդ պատերազմը պիտի մղվի բոլոր ոլորտներում` կրթության, մշակույթի, ազգային գաղափարախոսության, տնտեսության, գյուղատնտեսության, տուրիզմի, ռազմարդյունաբերության և հատկապես խաղաղության ժամանակներում։ Միայն այսկերպ է հնարավոր հասնել լիարժեք խաղաղության։ Իսկ մենք խառնվում ենք միայն այն ժամանակ, երբ ռումբեր են պայթում, երբ արդեն ուշ է։ Եվ այս տենդենցը հիմա, քան երբևէ, ավելի նկատելի է, քանի որ կոտրված ու բարոյալքված հասարակությունն այլևս ոչ մի բանի ձգտում չունի։ Սա նկատելի է նաև և հատկապես սփյուռքում, որտեղ մշակութային միջոցառումներին մասնակիցների շարքերը գնալով նվազում են։ Բայց չէ՞ որ մեր հաղթանակները կերտվում են առաջին հերթին հենց այդ միջոցառումների ժամանակ։ Այս հանգամանքը խոսում է այն բարձր պատեհապաշտության մասին, որը գնալով խորանում է մեր ազգի մեջ։ Իսկ սա կործանարար երևույթ է»,-ասաց Վալենսիայի հայ համայնքի նախագահը՝ հավելելով, որ իր համար այս  իրավիճակի ելքը գրեթե անտեսանելի է։ Նշում է, որ ընդդիմությունը, հեռու միասնական լինելու գաղափարից, ինչքան ուժ ունի, ատում է հենց ընդդիմությանը։ «Այդ ատելությունը նկատելի է նույնիսկ հենց միևնույն կուսակցության շարքերում։ Իսկ սա ջուր է լցնում իշխանության ջրաղացին, և որքան հնարավոր է` վերջինիս կյանքը երկարում է։
Դե իսկ վերջինիս շոուն համեմում են անգրագիտության էտալոն դեմքերը, որոնք ներկրվել են հենց նույն իշխանության դաբրոյով` քաղաքական դաշտը մակաբույծ սարկազմով թունավորելու և հասարակությանը շեղելու համար»,-ընդգծեց նա։