Ոտքերս ինձ տանում են այնտեղ, որտեղ կա պայքար, շանս, որ ինչ-որ բան կարող է փոխվել

Ոտքերս ինձ տանում են այնտեղ, որտեղ կա պայքար, շանս, որ ինչ-որ բան կարող է փոխվել

«Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները համաձայնեցված են Հայաստանի իշխանության հետ, եւ կա մեկ ծրագիր, որը սկսվել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ խոսքն Արցախը վերջնական հանձնելու մասին է»,- մեզ հետ զրույցում ասաց հայտնի անիմատոր, նկարիչ, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը` մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին։

«Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները որոշել էին, որ այդ հարցը պետք է լուծում ստանա ի շահ Ադրբեջանի, դրա համար էլ Ալիեւի լկտիությունը տրամաբանական է այդ պրոցեսի մեջ։ Եվ այն, որ նույնիսկ ադեկվատ եւ լուրջ պատասխան չի հնչում Ալիեւի հոխորտանքներին, խոսում է հենց այդ մասին, որ իրենց կողմից կա որոշված մի հարց, որն էլ իրականացնում են»,- կարծում է Սահակյանցը։ Անդրադառնալով «Մայր Հայաստան» շարժմանը, որին անդամակցում է նաեւ ինքը, Սահակյանցն ասում է՝ լավ է, որ անընդհատ նոր շարժումներ են ձեւավորվում, քանի որ հնարավոր է, որ, ի վերջո, բոլոր այդ շարժումները միավորվեն, եւ համընդհանուր շարժում ձեւավորվի, ինչի շնորհիվ կարող են հասնել գերնպատակին՝ ձերբազատվել ներկայիս խունտայից։ 

«Ես որոշեցի դառնալ «Մայր Հայաստան» շարժման մասնակիցը, որովհետեւ իրականում չեմ կարող ուղղակի ձեռքերս ծալած նստել: Ցույց լինի, որը կազմակերպված է ազգային ուժերի կողմից, ես միշտ մասնակցել եմ՝ Խաչատուրովի դատարանի մոտ լինել, լինել զոհված զինծառայողների մայրերի ու հարազատների կողքը։ Ես իրականում չեմ կարող․․․ ոտքերս ինձ տանում են այնտեղ, որտեղ կա պայքար, շանս, որ ինչ-որ բան կարող է փոխվել այս իրականության մեջ։ Դրա համար իմ մասնակցությունն այնտեղ պայմանավորված է նաեւ նրանով, երբ որ կոչ ենք անում՝ դնել մի կողմ քաղաքական հայացքները, ամբիցիաները եւ քմահաճույքները, սրան կամ նրան հավանել կամ չհավանելը, երբ նման կոչեր հնչում են, ես փորձեցի իմ օրինակով ցույց տալ, որ թեկուզ ունենալով որոշ տարաձայնություններ` որոշ հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր ես այդ շարժման մեջ եմ։ Հասկանալով կարեւորությունը եւ հասկանալով, թե ինչ քիչ ժամանակ է մնացել մեզ՝ որպես պետություն, ես չեմ կարող ուղղակի ձեռքերս ծալած նստել՝ դրա համար եմ միացել այս շարժմանը»,- ասաց ռեժիսորը։

Մեր հարցին, թե ինչու մտավորականությունը միասնական չի բարձրաձայնում իր մտահոգությունները, Սահակյանցն ասաց, որ հայտարարելով, թե քաղաքականությամբ չես զբաղվում՝ համաձայնում ես այն բոլոր պրոցեսներին, որոնք տեղի են ունենում մեզանում։ Ռեժիսորը նշում է, որ առաջին հերթին պետք է լինել ՀՀ քաղաքացի ու նոր միայն հետո կատարել մյուս ֆունկցիաները, որոնք կարելի է անել այն ժամանակ, երբ հասկանաս, որ ոտքիդ տակի հողը չի այրվում, եւ երբ քո ժողովուրդը, քո ազգակիցները չեն կոտորվում` այն ժամանակ, երբ դու զբաղված ես քո արվեստով։
«Ես կոչ կանեմ մարդկանց՝ հասկանալ ծայրահեղ լինելու եւ օրհասական լինելու փաստը, եւ, իրոք, մենք վաղը դժվար կարողանանք իրար երեսի պարզ նայել` այս քաղաքում ապրելով, եթե կորցնենք այն ամենը, ինչի համար առհասարակ ստեղծվել ենք` ապրելու մի տեղ, արարելու մի երկրի համար, որը մեզ տվել է ծնունդ, կերակրել է մեզ, մեծացրել է, մեզ սարքել է այն, ինչ որ կանք։ Մենք պարտավոր ենք վերադարձնել այդ պայմանական «Մայր Հայաստանին» այն ամենը, ինչը մեզ տրվել է իր կողմից։ Մենք պարտավոր ենք դառնալ մարտիկներ, այն դեպքերում, երբ պատերազմ է, եւ մենք պետք է ավելի եռանդով, թե ստեղծագործություններով մասնակցենք այդ պրոցեսներին կամ մեր ներկայությամբ ու թեկուզ հարցազրույցներով»,- շեշտեց Դավիթ Սահակյանցը։

Անդրադառնալով Արցախին, Արցախի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին՝ արվեստագետն ասում է, թե չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանի հետ համակեցության կամ հանձնվելու մեջ խնդիր չտեսնող մարդիկ որեւէ հնարավորություն ունենան՝ մոտ գտնվելու իշխանությանը։ «Հայաստանի բնակչության մինչեւ 90 տոկոսը դեմ է՝ տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում, եւ դա փաստ է»։ Նա լիահույս է, որ «Հայաքվե» շարժմանը կհաջողվի հավաքել անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները։

«Նրանք մեր միջի Աստծուն են սպանում, մեր միջի հավատքն են ոչնչացնում, մեզ ուզում են սարքել շարքային ինչ-որ բիոմասսա, որը մի բանի է ընդունակ՝ ուտելու, վայելելու եւ պատրաստ լինելու՝ չլինել ընտրյալ որպես ազգ։ Մեզ փորձում են ոչնչացնել բոլոր հնարավոր մեթոդներով՝ պատերազմ, թմրանյութերի ներկրում, եկեղեցու դեմ պայքար, մայր եկեղեցուց պոկել հասարակությանը՝ դեմ բերելով կեղծ թեզերով աղանդներ, գլոբալիստական գաղափարներ, որոնք առանձին աղանդ են դառնում քիչ-քիչ։ Դրանով փորձում են պոկել մեզ մեր արմատներից ու քամուն տալ, դրանով ազատել այս տարածքներն այն ուժերի համար, որոնք ուզում են լինել այստեղ»,- եզրափակեց Դավիթ Սահակյանցը։