Դադիվանքի անձնական երաշխավորը Պուտինն է, նրան է պետք դիմել

Դադիվանքի անձնական երաշխավորը Պուտինն է, նրան է պետք դիմել

2021-ի մայիսից հայ ուխտավորներն այլեւս չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, իսկ հայ հոգեւորականները վանքում պարբերաբար պատարագներ եւ հոգեւոր արարողություններ էին անում, բայց ադրբեջանցիները հետզհետե դժվարացրին հայ ուխտավորների մուտքը սրբավայր։ Թեպետ ավելի ուշ՝ Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել էր Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ ու բարձրացրել հայ հոգեւորականների եւ հավատացյալների այցերը Դադիվանք վերսկսելու հարցը, բայցեւայնպես, ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցությունները կարծես արդյունք չտվեցին, եւ արդեն երկու տարի է՝ հայ ուխտավորները չեն կարողանում այցելել Դադիվանք։ 

Ադրբեջանական կողմը, Դադիվանքի հետ կապված, պարբերաբար սադրիչ հայտարարություններ է անում, օրինակ` անցած տարի տեղեկություն շրջանառեցին, թե ցանկանում են դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգեւորականներով։ Ապա հայտարարեցին, թե ստեղծում են աշխատանքային խումբ, որը «կոչված է հեռացնելու կեղծ գրերը, որոնք հայերը նկարել են ալբանական տաճարների եւ վանքերի վրա»:

Օրեր առաջ էլ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին պահանջել էր, որ հայ վանականները լքեն Դադիվանքը։ «Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի (հայկական անվանումը՝ Խուդավանք կամ Դադիվանք) վանքը»։ Նրա խոսքով, «հայերն այդ վանքի հետ կապ չունեն»։ «Այն պատկանում է կովկասյան Ալբանիային եւ վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի սկզբին հայկական զինված ուժերը լքեցին Քարվաճառի շրջանը, որտեղ գտնվում է հայկական հնագույն վանական համալիրը՝ Դադիվանքը։ Թեպետ տարածքն անցավ Բաքվի վերահսկողությանը, բայցեւայնպես, վանքը հսկում են ռուս խաղաղապահները:  

Ակնհայտ է, որ այսօրինակ հայտարարություններով Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնապես հայտնում է, որ սկսում է Արցախի օկուպացված եւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության վերացման կազմակերպված գործընթացը: 

Արցախի ԿԳՄՍ նախարարության մշակույթի եւ երիտասարդության հարցերի վարչության՝ կրոնի եւ ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանն ամեն անգամ ավելի մեծ ծավալապաշտական հայտարարություն է անում։ «Այսինքն՝ նման բարձր չափանիշ են վերցնում, որ հետագայում կարողանան նաեւ իջեցնել: Բայց դեռ 2020-ին ՌԴ նախագահ Պուտինը խոսք տվեց, որ Դադիվանքն ու Ղազանչեցոց վանքն իր հսկողության ու երաշխավորության տակ են լինելու: Բացի այդ, Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության մեջ նշված է, որ աշխարհի որ ծայրում էլ լինի, եթե հայ առաքելական եկեղեցու եկեղեցին է, ապա Վեհափառն է պատասխանատվությունը վերցնում իր վրա: Այսինքն՝ այս հարցով Վեհափառը պետք է զբաղվի եւ ոչ թե Արցախի թեմի առաջնորդը, բայց, ցավոք, մեզ մոտ ոչ մեկն այդ կանոնադրությանն ուշադրություն չի դարձնում»,- նկատում է նա:

Թե Ադրբեջանի կողմից արված այստեսակ հայտարարություններին հայկական կողմն ինչով եւ ինչպես կարող է հակադարձել, Աշոտ Սարգսյանն ասում է, որ հայկական կողմը նախեւառաջ պետք է հղում անի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին, որ ստորագրվել է բոլորի կողմից, եւ հետո մատնանշվի Պուտինի անձնական հովանավորության փաստը` հայկական վանքերի հետ կապված։ 

«Բայց, փաստորեն, ստացվեց այնպես, որ Ղազանչեցոցը հանձնեցին առանց որեւէ բանի, հիմա էլ Դադիվանքի շուրջն են պտտվում: Այս դեպքում արդեն, համաձայն Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության, Վեհափառն անձամբ պետք է դիմի ռուսական կողմին` Պուտինին, եւ հիշեցնի, որ ինքը պարտավորություն է վերցրել այս հարցով, ճիշտ է՝ այնտեղ ռուս խաղաղապահները մեր անվտանգությունը պաշտպանում են, բայց ադրբեջանական կողմից արվող այդ հայտարարությունները թե՛ եռակողմ պայմանավորվածություններին են դեմ, թե՛ դրանից հետոյի բոլոր փաստաթղթերին: Թե չէ՝ քաղաքական հայտարարություններով չես օգնի այստեղ, ուրիշ ճանապարհ չկա։ Հիմա եթե մենք վաղն Արցախում միտինգ անենք եւ ասենք, որ դրանք մեր պատմական վանքերն են, իսկ Ադրբեջանը ստում է, դրանից մեծ օգուտ չի լինի, որովհետեւ աշխարհում էլ գիտեն, որ Դադիվանքը, Ղազանչեցոցը հայկական եկեղեցիներ են, կամ, ինչ է, թուրքե՞րը չգիտեն դրա մասին»,- ասում է Ա. Սարգսյանն ու նկատում, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է գործածել ոչ միայն ուդիական, այլեւ աղվանաուդիական տերմինը՝ Դադիվանքի հետ կապված: 
Վերջին 2 տարում ընդամենը մի քանի անգամ են թույլ տվել, որ հայ ուխտավորների փոքրաթիվ խումբ մեկնի Դադիվանք, վերջինը մի քանի ամիս առաջ էր: Ինչ վերաբերում է Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականներին, ապա ուղիղ կապ չկա այդ հոգեւորականների հետ, սնունդն էլ նրանց մատակարարվում է ռուս խաղաղապահների միջոցով, ովքեր էլ պատասխանատու են նրանց անվտանգության համար։