Սահմանադրական դատարանը Փաշինյանի համար փրկօղակ է

Սահմանադրական դատարանը Փաշինյանի համար փրկօղակ է

Պարբերաբար ենթադրությունների ու ակնարկների մակարդակով խոսվում է այս կամ այն ուժային կառույցի՝ ոստիկանապետի, պաշտպանության նախարարի հնարավոր փոխարինման ու անգամ փոխարինող անձանց մասին։ Միակ բացառությունը մինչ այժմ ԱԱԾ տնօրենն էր, որի հրաժարականի մասին լուրը, չնայած գրեթե վայրկենական հերքմանը, Հայաստանում պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։ Մանավանդ, որ ուղեկցվում էր բավականաչափ դետալներով ու ճշմարտանման մանրամասներով։ Այդ թվում նաև այն մասին, թե ինչու է Վանեցյանի հրաժարականի հարցում Փաշինյանը փոշմանել է։ Ուժայինների հնարավոր փոփոխությունների, դրանից ծագող հետևանքների մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, ԱԱԾ տնօրենի հրաժարականի լուրը հերքվեց, բայց ակնհայտ է, որ նման խոսակցությունները հենց այնպես չեն ծագում։ Նաև այլ ուժայինների հետ կապված նման լուրեր են շրջանառվում։ Ի՞նչ եք կարծում, նման զարգացումներն արդյոք հիմք ունե՞ն։ Հատկապես այս շրջանում։

-Պարբերաբար շատ տարբեր տեղեկություններ են շրջանառում, որոնք ժամանակի ընթացքում հերքվում են և կարծես թե դրանց մի զգալի հատվածը ուղղակի իմ կարծիքով՝ պրովոկացիաներ են։ Ընդանուր առմամբ, ուժայինների փոփոխության խնդիր ես չեմ տեսնում։ Իմ կարծիքով՝ նման ցանկություններ չկան, սակայն այլ հարց է, որ կան տարբեր շրջանակներ, որոնք գրոհում են ուժայիններին և շատ դեպքերում՝ ունեն ինչ-ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշումներ։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է։ Բայց, նորից եմ ասում, չեմ կարծում, որ դրանք լուրջ խոսակցություններ են։

-Նկատի ունեք իշխանության այսպես կոչված արևմտյան թևը՞։

-Եթե իրականությանը նայենք օբյեկտիվ, ապա ուժայինները, առաջին հերթին՝ Զինված ուժերը և ազգային անվտանգությունը շատ խորքային համագործակցություն ունեն Ռուսաստանի հետ։ Նաև կադրերի պատրաստման  ու զենքի, որովհետև այն հիմնականում  գալիս է Ռուսաստանից։ Նաև անվտանգության հետ կապված տեղեկությունների փոխանակման առումով, որովհետև նույն կադրերի մասով մենք գիտենք, որ և՛ ԱԱԾ, և՛ ՊՆ սպաները պատրաստություն անցնում են, հիմնականում, Ռուսաստանում։ Սա խորքային համագործակցություն է, որն իր հիմքում ունի նաև որոշակի օբյեկտիվ հիմքեր։ Եվ եթե հաշվի առնենք Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի վրա, բնականաբար, ՌԴ այդ հնարավորություններն ու ներազդեցությունները շատ ավելի շատ են։ Այս առումով, կա կարծիք, որը որոշակի առումով հիմնավորված է, որ ուժային կառույցները սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ և շատ տարբեր մարդիկ, որոնք ունեն աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ, շատ դեպքերում իրենց քննադատության թիրախը հենց այդ կառույցներն են դարձնում։
Իսկ ի՞նչ եք կարծում՝ սրանք այն պաշտոնները չե՞ն, որոնց նշանակման և ազատման հարցում պետք է լինի, այսպես ասած, հայ-ռուսական կոնսենսուսային որոշում։

Կան միջպետական համաձայնություններ, որոնք առնչվում են անվտանգային ոլորտին և կառույցներին, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ պայմանագրերում կան նաև կետեր, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց որոնք, իհարկե, կան։ Եվ, բնականաբար, Հայաստանի նման երկրներում նման կառույցների ղեկավարները երկրի ամենագլխավոր պաշտոնյաներն են։ Ամենազդեցիկ։ Եվ Ձեր հարցին պատասխանելով՝ նման լուրերը կարո՞ղ են լինել նաև այդ կոնտեքստում, ասում եմ, որ ոչ միշտ, բայց երբեմն այդ կոնտեքստը կա։

-Հայաստանի ներքաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Քոչարյանի դատավարություն, Ամուլսարի հետ կապված հնարավոր լարվածություն և այլն, Դուք իսպառ բացառում ե՞ք նման պաշտոնանկությունը։ Նաև հաշվի առնելով այն փաստը, որ միգուցե իրո՞ք Փաշինյանին բարկացրել է այն, որ կոմպրոմատներ չեն հավաքվել և եղել է ՍԴ հայտնի որոշումը։

-Ես նման լուրերի չեմ հավատում  և Սահմանադրական դատարանի որոշումն էլ անսպասելի չի եղել իշխանության համար, Նիկոլ Փաշինյանի համար։ ՍԴ որոշումներն, ինձ թվում է, ինչ-որ առումով համաձայնեցվում են նաև իշխանության հետ։ Նույն Վենետիկի հանձնաժողով դիմել և այլն։ Այլ հարց է, որ քարոզչական ոլորտում Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքականությունը կառուցելով նախկինը մերժելու և նախկինի 
խորհրդանիշ դարձնելով Ռոբերտ Քոչարյանին՝ սա ընկալում է որպես շատ ցավոտ հարց։ Եվ կարծում է, որ Քոչարյանի ազատ արձակման դեպքում իր վարկանիշը կարող է գահավիժել։ Ինքը նման թիրախ սարքելով՝ ինքն այդ թիրախի թակարդում է հայտնվել։ ԵՎ ՍԴ-ի վրա այս բոլոր հարձակումները դրանք ունեն քարոզչական բնույթ։ 

-Այսինքն՝ համարում եք, որ ներկայումս էլ ՍԴ որոշումները համաձայնեցվում են իշխանության հետ։

-Ես վստահ եմ, ոչ թե կարծում եմ՝ որ Սահմանադրական դատարանի բոլոր որոշումների մասին իշխանությունը տեղյակ եղել է։ Իրենք նախօրոք են իմացել՝ ինչ որոշումներ են լինելու։ Եվ նորից եմ շեշտում, ես սա վստահ եմ ասում, ոչ թե որպես կարծիք։ 

-Հեռախոսազանգ, հեռախոսային խոսակցություննե՞ր։

-Հեռախոսային խոսակցությունները վերաբերում են ձերբակալություններին, որոնք Փաշինյանին պետք են և որոնց վրա է նա կառուցել իր ողջ քաղաքականությունը։ Սակայն հետագայում դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ ինքը հայտնվել է թակարդում և այդ թակարդից մի ձևի պետք է դուրս գա։ Եվ իր համար լավագույն տարբերակը պատասխանատվությունը Սահմանադրական դատարանի վրա գցելն է։ Եվ այդ ձևով՝ դեմքը փրկել։ Սա իմ կարծիքն է։ Ես չեմ ասում՝ բաց կթողնեն, բաց չեն թողնի, բայց, համենայնդեպս, Սահմանադրական դատարանն իր համար փրկօղակ է։