«Հրապարակ». Եթե Փաշինյանն իր գործն ավարտին հասցնի, կորցնելու ենք ամեն բան

«Հրապարակ». Եթե Փաշինյանն իր գործն ավարտին հասցնի, կորցնելու ենք ամեն բան

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:

- Երեկ «Հայկական ժամանակի» կայքում անհայտ հեղինակը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին խոսքին՝ կապված զոհվածի մոր կալանավորման հետ, նրան մեղադրել էր երկրում խժդժություններ հրահրելու, անառողջ մթնոլորտ ստեղծելու, ըստ էության՝ խորհրդարանական ընդդիմությունից ոչնչով չտարբերվելու մեջ: Իշխանական ընտանիքին պատկանող լրատվական կայքը փաստացի նախագահին լռելու կոչ էր արել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է նպատակը:

- Այդ քաղաքական թիմը` ՔՊ-ն, պետական ինստիտուտներն ու եղած արժեհամակարգը ոչնչացնելու դրսեւորման վարպետ է, այդ հոդվածն էլ դրա վառ դրսեւորումն է: Այնպես, ինչպես արցախյան շարժման հետ վարվեցին, այդպես էլ վարվում են այն անձանց հետ, ովքեր այս պետության կայացման ու ստեղծման հարցում ունեցել են կոնկրետ ներդրում: Այնպես որ՝ խնդիրն այն չէ, թե ՔՊ-ն ու ՔՊ-ականներն ինչ են տեսնում առաջին նախագահի գործողություններում, խնդիրն այն է, որ նրանք ուզում են առաջին նախագահին հավասարեցնել ինչ-որ չափանիշների, ինչն ուղղակի չի ստացվելու իրենց մոտ: Թեեւ նրանք կործանելու առումով մեծ վարպետներ են, ունեն մեծ փորձ, սակայն առաջին նախագահին այդ ամենի մեջ չեն կարող ներքաշել:

- Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նրա որոշ հայտարարություններից հետո Արցախի խորհրդարանը հրատապ նիստ գումարեց: Փաշինյանն արդեն անթաքույց` ուղիղ տեքստով խոսում է Արցախն Ադրբեջանին նվիրելու մասին: Անգամ Տավուշի եւ Արարատի մարզից են գյուղեր, իրենց լեզվով ասած` անկլավներ ուզում հանձնել: Չնայած այս ամենին՝ հասարակությունն արդեն մեկ շաբաթ է՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին է խոսում: Այս իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:

- Նո՞ր իմացանք, որ այս իշխանությունն Արցախը հերթական աղետի ճանապարհով է տանում: 2019 թվականին, երբ ասվում էր` Արցախը Հայաստան է, եւ վերջ, երբ տավուշյան ավանտյուրան տեղի ունեցավ, արդեն իսկ պարզ էր։ Մենք խոսում էինք այդ մասին, որ մեզ կործանման են տանում, այնպես չէ, որ նոր պետք է հասկանանք: Հիմա պարզապես այլընտրանքներն այնքան են քչացել, որ չգիտենք, թե ինչն է կարեւոր, եւ ինչից պետք է խոսենք:

- Այնուամենայնիվ, Փաշինյանն Արցախը թշնամուն հանձնելու մասին բաց տեքստով նոր է սկսել խոսել: Սա է նորությունը:

- Քաղաքականության մեջ բացահայտ խոսքին սպասել պետք չէ, որովհետեւ, երբ բանը հասնում է բացահայտ խոսքին, դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է: Սկսած նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` Արցախը Հայաստան է, եւ վերջ, կամ ասում էր, որ բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, մենք հասկացել էինք, որ այդ ամենի վերջն աղետն է: Ցավալի է, որ այս հանգրվանին ենք հասել: Ամբողջ հարցն այն է, որ իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ հնարավորություններ են եղել` ազգակործան ճանապարհից հետ կանգնելու համար: Օրինակ` ընդունել լավրովյան պլանը նախքան պատերազմը կամ 2020-ի հոկտեմբերին պատերազմը կանգնեցնել եւ այլն: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ գոնե Հայաստանի Հանրապետության սահմանները կարող էին հզորացնել, բայց դա էլ չեն արել: Հայաստանի ռազմական պոտենցիալը կարող էր որոշակի առումով զսպել Ադրբեջանին: Մի խոսքով` ոչինչ չարվեց, ու Ադրբեջանն անկաշկանդ կերպով մտավ Հայաստանի սահման: Դաշնակիցների հարցում եւս խելամիտ քաղաքականություն չի ցուցաբերվել ու չի ցուցաբերվում:

- Ձեր ասածներից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազգակործան պատուհաս է, այլ կոնկրետ դավաճան: Այդպե՞ս է:

- Անկեղծ ասած՝ վերջին մեկ տարվա ընթացքում ինձ մոտ կա այդպիսի ողջամիտ կասկած, որը հիմնված չէ զուտ էմոցիոնալ զեղումների վրա, այլ այդպես մտածելու առիթ տալիս են նրա գործողությունները:

- Անկախ նրանից, որ ՀԱԿ-ն ու առաջին նախագահը շատ հաճախ այս իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետին, քննադատում են, այնուամենայնիվ, կա տեսակետ, որ դուք Նիկոլ Փաշինյանին որոշ առումով աջակցում եք, որոշ առումով ազդեցություն ունենում տեղի ունեցող պրոցեսների վրա: Ինչո՞ւ:

- Աթոռն այնքան քաղցր է ոմանց համար, հատկապես՝ պատգամավորի աթոռը: Որպեսզի 2021 թվականին որոշ մարդիկ պատգամավորի աթոռներ ստանային, պետք էր անել այդ բանը: Այդ քաղաքական ուժերն Արցախի համար հավասար պատասխանատվություն են կրում, այնպես որ՝ մեզ հայհոյելով չեն կարող իրենց մեղքերը քավել: Միակ քաղաքական ուժը, որ Արցախի հարցում եղել է իրատես` ՀԱԿ-ն է: Բացի առաջին իշխանություններից, մնացյալ երեք ղեկավարներն ու նրանց սատարող ուժերը մեր ժողովրդին խաբել են` ոչ իրատեսական գաղափարներով: Մեր ժողովրդին ու երկիրը տարել են արկածախնդրության ճանապարհով ու միայն փորձանք են բերել: Հենց սա է պատճառը, որ այդ մարդիկ մեզ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը մեր հոգեզավակն է: Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության հոգեզավակն է, նա հայկական պահանջատիրության ու պոռոտախոսության, մաքսիմալիզմի ամենավառ ներկայացուցիչն է Հայաստանում: Մենք, չեմ ուզում ասել՝ կորցրինք Արցախը, սակայն կանգնել ենք ահռելի վտանգի առաջ, ու եթե Փաշինյանն իր գործն ավարտին հասցնի, կորցնելու ենք ամեն բան:

- Խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ կարող է անել այսօր:

- Ամբողջ խնդիրը հենց դա է: Երբ այս ընդդիմությունն իշխանությանն ընդդիմանում է, իրենց առաջ են դնում այն, որ նույն բանն արել են իրենք: Թալանն ու մնացյալ բաները մտրակ են դարձել, որով այսօր քաղաքական դիվիդենտներ են շահում իշխանությունները: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա խորհրդարանական երեք ուժերն էլ նույն արմատից աճած ուժեր են: Ինչպե՞ս կարող են նրանք Նիկոլին ասել՝ այսինչ բանը սխալ ես անում, երբ այդ նույն բանն արել են իրենք: Այ, հենց սա է խնդիրը:

- Որդեկորույս մորը կալանավորելու մասին խոսեց անգամ առաջին նախագահը:

- Մենք հայտնվել ենք քաղաքական ճգնաժամի մեջ, իսկ տեղի ունեցածն այդ ճգնաժամի ուղիղ հետեւանքն է: Էական էլ չէ՝ առեւանգման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ: Պարզապես զազրելի է զոհվածի ծնողին կալանավորելը: Այստեղ հանցակազմ չեմ տեսնում: Այս ծնողները մի մխիթարանք ունեն, որ իրենց երեխաների կյանքի գնով հայրենիք են պահել, սակայն հանկարծ գերագույն գլխավոր հրամանատարն ասում է, որ այս նույն պատկերը կարող էր ստանալ` առանց զոհերի: Այդքանից հետո եկեք մտնենք այդ ծնողի կաշվի մեջ: Մարդիկ տարբեր են` մի ծնող լաց կլինի ուղղակի, մեկն անեծքով կսահմանափակվի, մյուսն էլ կարող է ինչ-որ մեկի երեխային վնասել: Խնդիրը լուծելու համար կա մեկ տարբերակ` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: