Հայկական տիեզերական արբանյակի ստեղծման հարցում էլ են սեփական կետի՞ց սկսել

Հայկական տիեզերական արբանյակի ստեղծման հարցում էլ են սեփական կետի՞ց սկսել

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2022 մայիսի 25-ին Երեւանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Հայկական արբանյակը կօգնի սահմանների պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ այլ ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը չասաց, թե ինչու հիմա եւ ինչու ԱՄՆ-ի եւ Իսպանիայի օգնությամբ: Բայց հայտնի է, որ դեռեւս 10 տարի առաջ Հայաստանի հանրապետությունը տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման նպատակով համագործակցում էր ռուսական «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության, չինական «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի» հետ: Այս ակադեմիան «Չինաստանի տիեզերական գիտության եւ տեխնոլոգիաների կորպորացիայի» մասն է եւ Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության եւ տիեզերքի հետազոտման ոլորտի համար: Համացանցային փոքրիկ «շրջագայությունը» կօգնի այս թեմայով նյութեր եւ պաշտոնական հաղորդագրություններ գտնել:

Իսկ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո հարցեր են ծնվում:
1. Ե՞րբ է դադարեցվել տիեզերական արբանյակի ստեղծման հարցի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչո՞ւ, ո՞ւմ նախաձեռնությամբ:
2. Ե՞րբ է դադարեցվել տիեզերական արբանյակի ստեղծման հարցի շուրջ Չինաստանի հետ համագործակցությունը, ինչո՞ւ, ո՞ւմ նախաձեռնությամբ:
3. Ե՞րբ է սկսվել տիեզերական արբանյակի հարցի շուրջ ԱՄՆ հետ համագործակցությունը, ո՞ւմ նախաձեռնությամբ:
4. Ե՞րբ է սկսվել տիեզերական արբանյակի ստեղծման հարցի շուրջ Իսպանիայի հետ համագործակցությունը, ո՞ւմ նախաձեռնությամբ:

Հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական միությունը օգտագործել է նաեւ տիեզերական արբանյակների միջոցով ստացված հետախուզական տվյալներ: Ոչ ոք չի ասում, եթե այդ պատերազմից առաջ մենք արդեն ունենայինք տիեզերական արբանյակ, ի՞նչ կլիներ: Իհարկե ամեն ինչ սեփական կետից սկսողին, ապաշնորհ կառավարմանը, համառորեն չսովորողին չի օգնի ոչ մի հետախուզություն: Բայց տիեզերական արբանյակի ստեղծման ոլորտում սեփական կետից սկսելու թավշյա գործելաոճը հերթական հզոր հարվածն է Հայաստանին ու Արցախին:

Նիկոլ Փաշինյանը չասաց, թե երբ են սկսել հայկական տիեզերական արբանյակի ստեղծման աշխատանքները ԱՄՆ-ի եւ Իսպանիայի հետ: Սա հիմք է պնդելու, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցությունը դադարեցրել են թավշյաները: Եթե մեր ենթադրությունն իրական է, նշանակում է հայկական տիեզերական արբանյակի ստեղծման հարցում էլ են սրանք սեփական կետից սկսել ու վտանգ կա, որ այս հարցում էլ այնպիսի ավեր են իրականացնելու, ինչպես բանակի, քաղաքացիական ավիացիայի, արտաքին հարաբերությունների եւ այլ ոլորտներում:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ