Երբ ձեռնտու էր՝ Վանաձորի քաղաքապետը լավն էր, խնդիրներ չէին նկատում, հիմա ձեռնտու չի

Երբ ձեռնտու էր՝ Վանաձորի քաղաքապետը լավն էր, խնդիրներ չէին նկատում, հիմա ձեռնտու չի

Վանաձորի քաղաքապետ, «հներից մնացած» Մամիկոն Ասլանյանն ու Լոռու «հեղափոխական» մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատերազմ են հայտարարել միմյանց։ Մինչդեռ հեղափոխությունից հետո մի մեծ շրջան մարզպետն ու մարզկենտրոնի քաղաքապետն իրար հետ առնվազն վատ չէին, նորմալ աշխատում էին։ Հիմա իրար միս են ուտում, սպառնում են, նա նրան է մեղադրում վատ աշխատանքի մեջ, նա՝ նրան։ Ավելի ագրեսիվ է նախկին ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը, ում հավանաբար ուժ է հաղորդում Քաղպայմանագրի անդամ լինելը, նա նախօրեին սպառնացել է Ասլանյանին, թե՝ «եթե Մամիկոն Ասլանյանն այս գործելաոճը շարունակի, կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»»։ Դժվար է ասել՝ որտեղ եւ ինչպես կավարտվի մենամարտը և ով որտեղ կհայտնվի, եթե Ղուկասյանն ու Ասլանյանը որոշեն դուրս գալ դեմ առ դեմ, հատկապես հաշվի առնելով Մամկոն Ասլանյանի չափերը, բայց այն, որ այս ամենը լավ տեղ չի տանում, ակնհայտ է։

Այս թեմայի շուրջ Hraparak.am-ը զրուցել է Վանաձորի ավագանու ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի հետ, որը մինչև հիմա չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Մամիկոն Ասլանյանն է այսօր քաղաքապետը, ոչ թե ինքը։ Մարուքյանի ուշքն առանձնապես չի գնում նաև իշխանական Անդրեյ Ղուկասյանի համար, ում թիմի հետ ինքն ու իր կուսակցությունը քաղաքական հակառակորդներ են։ Ուստի նրանից օբյեկտիվ գնահատական ակնկալեցինք: Պատասխանելու համար Քրիստ Մարուքյանը որոշեց մի փոքր հեռվից գալ․
«Երբ որ նոր էր նշանակվել մարզպետ՝ հեղափոխությունից հետո, կամ ոչ միայն մարզպետը, այլ նաև նոր կառավարությունը ձևավորվելու ժամանակ մեզ մոտ տպավորություն կար, որ նախկին կառավարության չարածները նոր, հետհեղափոխական կառավարությունը պետք է գա և ստանձնի էդ ապօրինությունների վերականգման կամ նման բաների առաքելությունը։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն մեր բոյկոտելու ընթացքի էդ նախորդող մեկ տարվա ընթացքում իրականացված ավագանու նիստերը բոլորը ճանաչել էր հակասահմանադրական։ Եվ այն իրավական ակտերը, որոնք ընդունվել էին այդ նիստերի ընթացքում, դրանք պարտավոր էին չեղարկվելու, և օրինական ուժ պետք է որ չունենային։ Դրանից հետո ՍԴ որոշման հիման վրա պետք է որ կառավարությունը քայլեր ձեռնարկեր՝ ավագանի լուծարեր, ընտրություններ չեղարկեր և այլն, բայց չարեց, ինչը մեզ մոտ դա անհասկանալի տպավորություն թողեց»,-ասաց Քրիստ Մարուքյանը։

Հետո Քրիստ Մարուքյանը պատմեց, որ Անդրեյ Ղուկասյանը մարզպետ նշանակվելուց հետո պարբերաբար տարբեր առիթներով գոհունակություն է հայտնել Վանաձորի քաղաքապետի աշխատանքից, բայց աստիճանաբար այդ տրամադրությունները սկսել են փոխվել դեպի բացասական, ու սկսել է նաեւ մեղադրել Վանաձորի ավագանուն անգործության մեջ, այն դեպքում, երբ, ըստ Մարուքյանի, իրենք հազարավոր հարցեր են բարձրացնում, որի արդյունքում բավականին բան է փոխվում։

«Դուրս է գալիս, որ ավագանու կողմից ներկայացված հարցերին ընթացք չի տրվում նույն իշխանության կողմից, իսկ իշխանության ներկայացուցիչ մարզպետը էսօր էստեղ ինչ-որ բաներով փորձում է դիվիդենտներ հավաքի՝ հասկանալիորեն հող նախապատրաստելով գալիք տարի եկող ընտրությունների համար»,-նկատեց Քրիստ Մարուքյանը։

- Ձեր ասածից ստացվում է, որ սկզբնական շրջանում մարզպետն ու քաղաքապետը իրար հետ լավ էլ լեզու էին գտնում, հետո ինչ-որ պահից նրանց ջրերը սկսեցին մի առվով չհոսել։

-Դե, չգիտեմ՝ որ պահից, բայց, համենայնդեպս, ոչ թե լեզու գտնելու հարցն է, այլ խնդիրները չնկատելու հարցն է։ Այսինքն, երբ որ ձեռնտու էր՝ խնդիրները չէին նկատում, հիմա ձեռնտու չի, խնդիրները նկատում են։ Ու էդ խնդիրները, երբ որ մենք ենք բարձրացնում, չեն նկատում, երբ որ իրենք են առաջ բերում, իրենց համար և իրենց օգնող լրատվամիջոցների միջոցով այդ խնդիրները դարձնում են ավելի երևացող։

-Եթե օբյեկտիվ նայենք, Դուք երկու կողմի հետ էլ քաղաքական մրցակցության մեջ եք գտնվում, երկուսն էլ, այսպես ասած, Ձեր աչքի լույսը չեն, ըստ Ձեզ՝ ո՞վ որքանով է արդարացի իր քննադատությունների և մեղադրանքների մեջ կամ ո՞վ է ավելի ճիշտ կամ սխալ։

-Ես արբիտրի դեր չեմ ուզում ստանձնել, էստեղ ավելի ճիշտ կամ ավելի սխալի հարց չկա, էստեղ ընթացիկ գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և այդ իրականացրած վերահսկողության արդյունքներին ինչ-որ հետևանքներ տալու հարցն է։ Երբ որ ավագանին՝ որպես վերահսկող ինստիտուտ, այդ նույն վերահսկողության արդյունքում ինչ-որ հարցեր է բարձրացնում, որոնք թողնվում են անպատասխան, այսինքն՝ մենք էդ անորակ աշխատանքը նկատել ենք և բարձրաձայնել ենք, ու դրան ընթացք չի տրվել, և հիմա մարզպետի կողմից դրանց ընթացք տալը պարզապես կեղծավորության կամ այս իրավիճակում ինչ-որ դիվիդենտներ շահելու ոչ լավ մտածված քայլեր են։

-Այս երկու պաշտոնյաներից ո՞ր մեկն է, ըստ Ձեզ, ավելի ընդունելի Լոռու մարզի, այդ թվում՝ Վանաձորի բանակիչների համար։

-Դե, ընդունելի-չընդունելիի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև մաքսիմում ինչով կարող եմ համեմատել, դա ընտրությունների ժամանակ մարդկանց ստացած ձայներն են։ Եթե համեմատություն տանեք, երբ Անդրեյ Ղուկասյանն էր իր թեկնածությունն առաջադրել, ինչքան ձայն էր հավաքել մինչև հեղափոխությունը՝ մի քանի հարյուր ձայն ընդամենը, և Վանաձորի ներկայիս քաղաքապետը, որը ՀՀԿ-ի բոլոր ռեսուրսներն ու ջանքերը ներդնելով՝  հավաքել էր 13 հազար ձայն։ Իսկ ես կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր թեկնածուով հավաքել ենք 11 հազար ձայն։ Բայց հիմա, այս պահին ժողովրդի տրամադրությունները գնահատել, թե ով ինչպես է վերաբերվում մարզպետին կամ քաղաքապետին, դա մի քիչ կդժվարանամ ասել։

-Հիմա, փաստորեն, Լոռու մարզպետն ու մարզկենտրոնի քաղաքապետն իրար հետ չեն կարողանում աշխատել, լեզու չեն գտնում, դրա լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Ես կարծում եմ, որ դա շատ անորակ հարաբերություն է այս պահին, որովհետև բոլոր պետական, կառավարչական լծակները, հաղորդակցության խողովակները թողնել և իրար հետ պայքարել ֆեյսբուքով՝ դա ինձ համար անընդունելի տարբերակ է։ Երբ որ բոլոր մեխանիզմները դրվում են մի կողմ, և հույսը դրվում է հրապարակային ինչ-որ բանի վրա, որ այ եթե ես ֆեյսբուքով հիմա հոխորտամ, ինչ-որ դիվիդենտներ կհավաքեմ կամ մարդկանց աչքին կհաճոյանամ․․․ ինձ համար դա անընդունելի է։ Դրա արդյունքում խնդիրը չի լուծվում, մենք որևէ փոփոխություն չենք տեսնում, պարզապես ունենում ենք երկու պաշտոնյայի ֆեյսբուքյան դեբատ, որը ոչ մի տեղ չի տանում։