Քաոս ու ճգնաժամ

Առաջին հայացքից՝ շատ տարբեր խնդիրներ են մեր հասարակությանը հուզում: Ահա` մարդկանց մի խումբ տրանսպորտի թանկացման դեմ է պայքարում: Տրանսպորտում ամեն օր վեճեր, լարված վիճակ, միջադեպեր: Ոմանք ասում են` այդ 50 դրամն էական չէ, տեսեք` ինչքան են թանկացել դեղորայքը, ծխախոտը, սննդամթերքը, դրա դեմ պայքարեք: Փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները հաշվում են, թե շրջանառության հարկի ավելացումն ու որոշ բիզնեսների` ԱԱՀ-ի հարկման դաշտ տեղափոխվելն ինչքան ծանր է իրենց վրա նստելու: Երկրի ամենախոշոր հարկատուներից մեկը 1 շաբաթից ավելի կանգնած է` Զանգեզուրի կոմբինատի աշխատողները գործադուլ են հայտարարել: Արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված անձինք արձանագրում են, որ երկրի ղեկավարը մեկ շաբաթից ավելի գտնվում է ԱՄՆ-ում` մի անպտուղ եւ որեւէ արդյունք չխոստացող այցով:
Ազգային ժողովում կրկին քննարկվում են խաղային բիզնեսի հետ կապված հարցեր, եւ պարզվում է` մեր երկրում խաղացողների, օնլայն կազինոներ հաճախողների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Ադրբեջանական երգի հետ կապված տեսանյութը տեղադրած արցախցուն են դատում, եւ մարդիկ շտապում են դատարանի մոտ, որ թույլ չտան՝ դատարանը կալանք կիրառի: Իսկ մի քանի օր անց դատարանն Արցախի ՊԲ հրամանատարի դատավճիռն է հրապարակում` 5,6 տարի ազատազրկում: Քաղհասարակության եւ լրատվամիջոցների մի մասն էլ մտահոգված է արեւմտյան ֆինանսավորման կրճատմամբ: Հերթական ահազանգն ենք ստանում․ բնակելի թաղամասի կենտրոնում 16 հարկանի բարձրահարկի շինթույլտվություն է տրվել, եւ մարդիկ պատրաստվում են փողոց դուրս գալ ու կանխել դրա կառուցումը: Այս բոլոր լուրերն առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, իսկ իրականում վկայում են այն քաոսի եւ կառավարման ճգնաժամի մասին, որը տիրում է մեր երկրում:
Կարծիքներ