60 տոկոսն է մասնակցել ատեստավորմանը

60 տոկոսն է մասնակցել ատեստավորմանը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող եւ դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 եւ ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները, իսկ փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող հավելավճարները տրամադրվելու են՝ սկսած 2022-ի հոկտեմբերի 1-ից: Հիշեցնենք, որ, ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի, գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 հազար 441 ուսուցիչ:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3 հազար 886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2 հազար 300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: 2022-ի արդյունքներով, կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է 2/3-ը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ․ 30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23%-ը), 40 %-ի չափով՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17%-ը), 50 %-ի չափով՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6%-ը):

Զարմանալի է, որ ԿԳՄՍՆ-ի կողմից ատեստավորման ծրագիրն այդքան փիառելուց հետո 400-450 հազար դրամ աշխատավարձ ստանալու հեռանկարը, փաստորեն, ուսուցիչների միայն 13 տոկոսի մոտ է ցանկություն առաջացրել հայտ ներկայացնելու, եւ կրկնակի զարմանալի է, որ ատեստավորման համար գրանցվածների միայն 60 տոկոսն է մասնակցել ու ներկայացել ատեստավորմանը, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նրանց մեծ մասը տնօրենների ճնշման տակ է հայտ ներկայացրել, որպեսզի տնօրեններն էլ իրենց հերթին վերադասին ներկայացնեն իբր բարձր դիմելիություն, ու թե ինչ մեծ «պոպուլյարություն» է վայելում ծրագիրն ուսուցիչների շրջանում։