Մելենդեսը վարակվե՞լ է կորոնավիրուսով, թե՞ ոչ․ նա շարունակում է գտնվել Իսպանիայում

Մելենդեսը վարակվե՞լ է կորոնավիրուսով, թե՞ ոչ․ նա շարունակում է գտնվել Իսպանիայում

Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հարցազրույց էր տվել Sport.es հայտնի պարբերականին՝ կասկածներ հայտնելով, որ հնարավոր է՝ ինքը վարակվել է կորոնավիրուսով։ 

Նա պատմել էր, որ Իսպանիա է մեկնել՝ մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին որպես տեսուչ ներկա գտնվելու ու ՈՒԵՖԱ-ին եզրակացություն ներկայացնելու համար, որից հետո մնացել է Իսպանիայում՝ Ալբասետեի իր տանը: Մելենդեսը վերոնշյալ հարցազրույցում նշել էր, որ վստահ չէ, թե կորոնավիրուս է ունեցել, սակայն Վալենսիայից հեռանալուց 5 օր անց իրեն վատ է զգացել:

«Վստահ չեմ, սակայն Վալենսիայից վերադառնալուց 5 օր անց սկսեցի ինձ վատ զգալ: Վալենսիայում գրկախառնվել եմ Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի եւ ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոյի հետ: Ահավոր չոր հազ ունեի, բայց ջերմություն չունեի, 22 օր հակաբիոտիկներ եմ ընդունել, ու ողջ մարմինս ցավում էր: Շատ վատ էի զգում, սակայն ծանոթ բժիշկների շնորհիվ կարողացա հաղթահարել առանց հիվանդանոց գնալու: Հիմա ինձ լավ եմ զգում, սակայն ուզում եմ ստուգվել, որպեսզի հանգիստ զգամ»,- ասել էր իսպանացին՝ ավելացնելով, որ սպասում է Հայաստան վերադառնալուն։

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանից փորձեցինք ճշտել, թե ինչ տեղեկություն ունեն Մելենդեսից, թեստի արդյունքները ինչպիսին են եղել, երբ է պատրաստվում վերադառնալ։

«Ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ ոչ մի ավել տեղեկություն չունենք, բայց իմ տեղեկություններով՝ կորոնավիրուսով չի վարակվել ինքը, ուղղակի ինչ-որ ախտանիշներ են եղել, բայց հստակ վարակված չի եղել։ Շփումներ, իհարկե լինում է իր հետ, զրուցում ենք, բայց եթե ինքը ինչ-որ բան չի ավելացրել, ապա նշանակում է, որ վախենալու բան չի եղել, վարակված չի եղել։ Իսկ վերադարձի մասով ամեն ինչ կախված է նրանից, թե սահմանները երբ կբացվեն, թռիչքները երբ հասանելի կլինեն»,- ասաց Կարապետյանը։