Ինչ «քեյսով» Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովին

Ինչ «քեյսով» Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովին

Վաղը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին շատ ինտրիգային է լինելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։ Սպասվում է, որ նա կներկայացնի Անկարայի դիրքորոշումները այն հարցերի շուրջ, որոնք առանցքային նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Թուրքական  Yeni Şafak-ը արդեն նշել է, որ Էրդողանը հատկապես կխոսի դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մասնակցության հարցի շուրջ։

Չի բացառվում, որ Էրդողանը, իրեն հատուկ անկանխատեսելիությամբ ու պոռթկունությամբ, մի ամբողջ ներկայացում սարքի եւ ներկայացնի ապացույցներ առ այն, որ թե Հելսինկին եւ թե Ստոկհոլմը քաղաքական, ֆինանսական եւ ռազմական աջակցություն են ցուցաբերում Թուրքիայում արգելված եւ ահաբեկչական կազմակերպություն հայտարարված Քրդական բանվորական կուսակցությանը։ Թուրքական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետների համաձայն, հաջորդ հարցը, որի մասին խոսելու է Էրդողանը, կապված է լինելու Սեւ ծովով ուկրաինական գյուղարտադրանքի եւ հատկապես հացահատիկի ծովային տրանսպորտային միջոցներով տեղափոխման հարցի հետ։ Ինքնին հասկանալի է, նա կներկայացնի այն ջանքերը, որոնք ներդրվում են Անկարայի կողմից, այդ հարցի լուծման համար հատուկ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։

Հատկապես ուշադրություն կդարձնի Ստամբուլում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա-Թուրքիա-ՄԱԿ քառակողմ հանդիպմանը, որի օրակարգում հենց այդ հարցն է։ Առհասարակ, Ուկրաինական թեման գագաթնաժողովին լինելու է առանցքային հարցերից մեկը։ Թե մյուս դաշնակիցները եւ թե Էրդողանը կքննարկեն բնականաբար ճգնաժամի կարգավորման հարցը, այդ ուղղությամբ Թուրքիայի նախագահը կներկայացնի իր ներդրած ջանքերը, հատկապես՝ շեշտելով, որ առաջարկել է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում եւ հյուրընկալել այն, եթե կողմերը համաձայնեն։

Բնականաբար դաշինքի ուշադրության կենտրոնում կլինի նաեւ հույն-թուրքական հարաբերություններում ներկայումս նկատվող լարվածության աճը։ Անկարան բնականաբար կհայտարարի, որ Հունաստանը խախտել է Էգեյան ծովի կղզիների ապառազմական կարգավիճակը։  Իհարկե, Սիրիական հարցը եւս կլինի օրակարգում։ Ամենայն հավանականությամբ Թուրքիան կհայտարարի, որ մտադրություն ունի այնտեղ ռազմարշավ իրականացնելու՝ իրեն հարեւան տարածքներում ահաբեկչական վտանգը նվազեցնելու համար։ Բնականաբար կխոսվի նաեւ գնաճից, էներգետիկ ճգնաժամից, էներգակիրների գնի աճից, եւ այլն։